Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը հեկտարներով հեռու է հայանպաստ լինելուց

Մայիս 25,2016 18:00

Ըստ քաղաքական վերլուծաբան Գեւորգ Մելիքյանի` Վիեննայում անպատասխան
մնաց ապրիլի 2-ից առաջ եղած դիրքերին վերադառնալու, այսինքն՝ կորցրած 800 հեկտարը վերադարձնելու նախապայմանը եւ երաշխիքներ տալու հարցը:

– Պարոն Մելիքյան, նախ` անդրադառնանք մայիսի 16-ի Վիեննայի հանդիպմանը: Ի՞նչ խնդիր լուծեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրները: Բանակցությունների շարունակման հնարավորություն տեսնո՞ւմ եք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտոնական Բաքուն արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններից հետ կանգնելու փորձեր է անում, մասնավորապես՝ նշեցին, թե ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի լիազորությունների հարցում չեն կարող լինել էական փոփոխություններ:

– Համանախագահների համար անհրաժեշտ էր հավաստիանալ, որ ապրիլյան «քառօրյա պատերազմը» չի ստիպել կողմերին հրաժարվել Մինսկի խմբի ձեւաչափից եւ լուծումները փնտրել միայն ռազմաճակատում: 20 տարուց ավելի ձգվող բանակցությունների ընթացքում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ կողմերը մերժել են այս կամ այն առաջարկը, ավելացրել կամ պակասեցրել են տարբեր կետեր եւ մեխանիզմներ առաջ քաշած տարբերակներում, ունեցել են ռազմական սրացումներ, սակայն, թերեւս, առաջին անգամ է, որ լուրջ քննության է ենթարկվում հենց բուն ձեւաչափի կենսունակության եւ դրա արդյունավետության հարցը:

Ակնհայտ է, որ դրական տեղաշարժ խաղաղ կարգավորման հարցում դեռ չկա, ինչի արդյունքում զոհվում են մարդիկ: Ադրբեջանն օգտագործում է ամեն հնարավոր առիթ եւ միջոց իր մասին հիշեցնելու համար: Համանախագահների համար կարեւոր էր հասկանալ կողմերի, հատկապես՝ Հայաստանի տրամադրությունները (որը սկսեց խաղարկել նաեւ Արցախին բանակցային սեղան վերադարձնելու տարբերակը), հարցեր ուղղել Սերժ Սարգսյանին ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծի մասով, ինչպես նաեւ Ադրբեջանից պարզել վերջինիս ռազմական արկածախնդրության դրդապատճառները եւ քաղաքական հաշվարկները եւ միգուցե նաեւ՝ հովանավորներին:

Թերեւս, այս պարզաբանումները հայկական կողմի համար ընկալվեցին որպես ոչ հրապարակային, սակայն թիրախավորված մեղադրանք Ադրբեջանի հասցեին: Համանախագահներն ունեին իրար մեջ պարզելու հարցեր եւս, որոնք արդեն վերաբերում են տարածաշրջանում այդ երկրների շահերին եւ նպատակներին:
Ինչ վերաբերում է Կասպրշիկի լիազորություններին, ապա նույնիսկ եթե Ադրբեջանը մերժի այդ հանձնառությունը (ինչը լրիվ հավանական է, քանի որ Ադրբեջանը պետք է փորձի խուսափել իրեն փակուղի տանող առաջարկներից), հայկական կողմը պետք է պնդի, որ գոնե եղած լիազորությունների շրջանակում Կասպրշիկն ի վերջո գործի ավելի արդյունավետ: Չէ՞ որ Կասպրշիկը մշտադիտարկում է անցկացնում արդեն բազում տարիներ, եւ որեւէ մեկ անգամ հասցեական ոչ մի զեկույց չի եղել նրա գրասենյակի կողմից:

– Ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես հետո պաշտոնական Երեւանի դիրքորոշումը բավական կոշտ էր, առաջ քաշվեցին հայտնի նախապայմանները: Վիեննայի հանդիպմանը գնալը, ապա այդ հանդիպումից անմիջապես հետո Սերժ Սարգսյանի հարցազրույցում արտահայտած դիրքորոշումները եթե համադրենք` ի՞նչ դիրքերում է այսօր հայկական կողմը:

– Հայկական կողմը համարում է, որ գոնե մասամբ իր նախապայմանները կատարվել են, ինչի վկայությունն էլ համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարությունն է հետաքննական մեխանիզմների եւ 1994-95թթ. կնքված զինադադարին հավատարիմ մնալու վերաբերյալ: Անպատասխան մնաց ապրիլի 2-ից առաջ եղած դիրքերին վերադառնալու, այսինքն՝ կորցրած 800 հեկտարը վերադարձնելու նախապայմանը եւ երաշխիքներ տալու հարցը, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի եւ ահաբեկչության ԼՂ ժողովրդի նկատմամբ: Ադրբեջանական կողմը համարում է, որ այս հանդիպումն ամրագրեց «հողեր հետ բերելու փաստը», մինչդեռ հայկական կողմը դրական է համարում այն, որ Ադրբեջանի վրա եղավ որոշակի ճնշում համանախագահների կողմից: Թեեւ հայկական կողմը Վիեննայում գրանցեց մարտավարական փոքրիկ ձեռքբերում, սակայն խնդրի կարգավորման գործընթացը հեկտարներով հեռու է հայանպաստ լինելուց:

– Ձեր կարծիքով՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ Ղարաբաղյան խաղաղ կարգավորման հարցում միասնական դիրքորոշում կա՞:

– Թեեւ Հայաստանում հնչում են կարծիքներ, որ այստեղ կա շահերի բախում, սակայն միջազգային փորձագիտական եւ քաղաքական շրջանակներն ընդհակառակը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն օրինակելի են համարում ռուս-ամերիկյան համագործակցության մասով առկա լարվածությունների պարագայում: Իհարկե, ռուսական կողմը կուզենար ստանալ մաքսիմումը, եւ Ռուսաստանի համար այս տարածաշրջանում վերահսկողություն պահպանելը եւ ամրապնդելն ունեն կենսական նշանակություն թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ հոգեբանական իմաստով:

Մոսկվան աստիճանաբար կորցնելով իր երբեմնի բնական դաշնակիցներին (Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, հիմա էլ՝ Հայաստան)՝ ավելի է կոշտացնում իր դիրքորոշումները եւ նախկին խորհրդային երկրները վերածում է Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի ազդեցության կամ ներգրավվածության ընդլայնման դեմ մղվող պայքարի հարթակի, ինչը վտանգավոր է հատկապես Հայաստանի համար, որն արդեն իսկ այդ կոշտացման արդյունքում կորցրեց լիարժեք եվրաինտեգրման հնարավորությունները եւ հեղինակությունը: Նահանգների համար կարեւոր է թույլ չտալ, որ տարածաշրջանն ընկղմվի նոր քաոսի մեջ, ինչը կարող է դուրս գալ վերահսկողությունից, եւ այս առումով, թերեւս, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները համընկնում են:

– Քառօրյա պատերազմից հետո որոշակի հակառուսական տրամադրություններ արթնացան մեր հասարակության մեջ: Մի կողմից՝ Ադրբեջանին վաճառվող զենքի գործարքներն են, ռուս-ադրբեջանական տպավորիչ հարաբերություններն են տարբեր բնագավառներում: Պարոն Մելիքյան, Հայաստանն ի վիճակի՞ է Հայաստան-Ռուսաստան իրապես գործընկերային հարաբերություններ կառուցել, որտե՞ղ ենք թերացել, ի՞նչ ելքեր եք տեսնում:

– Հայաստանը, ինչպես եւ ցանկացած ինքնիշխան պետություն, կարող է եւ պետք է կառուցի հարաբերություններ, որոնց կենտրոնում ազգային եւ պետական շահն է: Այդ գիտակցության գալը շատերի համար դժվար է կամ ոչ ցանկալի: Պետականամետ եւ ազգանպաստ քաղաքականությունն է օգնում կառուցել գործընկերային հավասար եւ համարձակ հարաբերություններ այլ երկրների հետ՝ նպաստելով նաեւ հակամարտությունների լուծմանը: Ռուսաստանն առաջին անգամ չէ, որ իր քայլերով դժգոհության ալիք է բարձրացնում հանրության մեջ, սակայն Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ոչ սիմետրիկ եւ ուղղահայաց լինելու պատճառը քաղաքական վերնախավի անհեռատես եւ անձնակենտրոն քաղաքականությունն է՝ բխած պրոֆեսիոնալության պակասից, խորհրդային արմատացած մտածողությունից, թերարժեքության բարդույթից ազատված չլինելուց եւ հանրության աջակցությունը չունենալուց:

Մյուս կողմից էլ կա ժողովրդավարական ինստիտուտների կայացման եւ հիմնական ոլորտներում լուրջ եւ խորքային բարեփոխումների կարիք, որոնք կկտրեին նաեւ Ռուսաստանի հետ ունեցած խորհրդային ախտահարված պորտալարը եւ կստիպեին որակական լրիվ նոր հարթության վրա կառուցել այդ հարաբերությունները, ինչից կշահեին երկու ժողովուրդները:

– Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հետ կապված պաշտոնական Երեւանի դիրքորոշումը պարզ է, այժմ դա կխանգարի բանակցությունների շարունակման հնարավորությանը: Իսկ ի՞նչ է արել Հայաստանի դիվանագիտությունը այս տարիների ընթացքում ԼՂՀ միջազգային ճանաչման եւ Ղարաբաղը բանակցությունների սեղանին վերադարձնելու ուղղությամբ: Դուք տեսնո՞ւմ եք հնարավորություններ` այսօր լրջորեն նշյալ ուղղություններով առաջ ընթանալու համար:

– Դիվանագիտությունն արդյունավետ է, երբ այն ունի հստակ եւ ուժեղ պետական աջակցություն, ծառայում է հանրային շահին եւ համակարգվում է ստեղծագործական միտք, համարձակություն եւ հեռահար տեսլականներ ունեցող պրոֆեսիոնալների կողմից: Դիվանագիտական քայլերը միշտ էլ դանդաղ են եւ հաճախ՝ անտեսանելի, սակայն պետք է չկորցնեն իրենց դինամիկան եւ նպատակը չվերածեն ինքնանպատակի: Մի փոքր անհասկանալի է, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման մեջ հայկական կողմերը չունեն ընդգծված հայեցակարգեր եւ «ճանապարհային քարտեզ» եւ հիմնականում փորձում են գտնել իրավիճակային, բայց ոչ՝ համընդգրկուն լուծումներ:

Սպասողական վիճակում լինելը եւ անորոշություն պահելը հասկանալի եւ միգուցե նաեւ՝ ընդունելի կլիներ, եթե սահմանին կամ սահմանամերձ հատվածներում չզոհվեին մարդիկ: Միջազգայնացման նույն մոդելը Հայաստանը տարիներ շարունակ փորձում է կիրառել նաեւ Ցեղասպանության ճանաչման հարցում: Պետք չէ գործընթացները եւ գործիքներն ավելի կարեւորել, քան նպատակները եւ վերջնարդյունքը, մանավանդ որ՝ դրանց վրա ծախսվում են ահռելի ֆինանսական եւ այլ ռեսուրսներ: Եթե նույնիսկ շարժվում ենք ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ, ապա պետք է մատնանշվեն գոնե պայմանական ժամկետներ, եւ թե դա ինչպե՞ս է նպաստելու խնդրի լուծմանը, եւ ինչպե՞ս է, ենթադրենք, Չիլիի խորհրդարանի կողմից ադրբեջանական ագրեսիայի դատապարտումը փոխելու Ադրբեջանի վարքագիծը սահմանին: Կարծում եմ՝ ավելի շատ պետք է խոսվի ԼՂՀ-ն բանակցային սեղանին վերադարձնելու եւ վերջինիս կարգավիճակի հստակեցման, ինչպես նաեւ կայուն խաղաղության հասնելու մասին, որքան էլ որ իրավիճակը ծայրահեղ խճճված է:

– Շատ է խոսվում այն մասին, թե Բաքվում կայանալիք «Ֆորմուլա 1» դասի ավտոմրցաշարի աշխարհի առաջնությունից հետո Ադրբեջանը նոր պատերազմ կարող է սանձազերծել: Ո՞վ կարող է դրդել Ադրբեջանին լայնածավալ պատերազմի, Դուք հնարավո՞ր եք համարում մեր տարածաշրջանում Ղարաբաղյան հակամարտության բռնկմամբ կայունության խաթարումը:

– Ալիեւի պարագայում ամեն ինչ հնարավոր է, սակայն ես եղել եւ մնում են այն կարծիքին, որ Ադրբեջանը չունի Հայաստանի եւ ԼՂՀ-ի դեմ լայնածավալ պատերազմ սկսելու ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմական ներուժ (թեեւ ոմանք ապրիլյան բախումը եւս համարեցին լայնածավալ), եւ դրա համար կան մի շարք պատճառներ: Հուսամ՝ չեմ սխալվում: Լայնածավալ ասելով՝ ես հասկանում եմ «գնալ վա-բանկի» եւ ակնկալել զրոյական արդյունքով գործողություն: «Քառօրյա պատերազմն» ի ցույց դրեց Ադրբեջանի սահմանափակումները եւ ստատուս քվոն փոխելու նրա ոչ հեռանկարային պատկերացումները, ինչն, իմիջիայլոց, նորություն չէր: Խորքային պատերազմը ծախսատար եւ վտանգավոր գործողություն է, եւ բացասական տնտեսական դինամիկա եւ ներքին լարվածություն ունեցող այդ երկրի համար արդեն իսկ ապրիլյան պատերազմը շատ թանկ նստեց բոլոր առումներով:

Թերեւս, Ադրբեջանն ունի որոշ երկրների խրախուսումը կամ համագործակցությունը, սակայն՝ չափի մեջ եւ առանց ֆանատիկության:
Համանախագահողները եւս հասկացան, որ գլոբալ պատերազմի պարագայում գործի կդրվեն ոչ միայն ԼՂ ՊԲ-ի, այլեւ Հայաստանի ԶՈՒ-ի ողջ կարողությունները, եւ այդ ժամանակ Բաքուն կհասկանա, որ մինչեւ չլինի հետինը, չի հիշվի առաջինը: Առավել եւս, որ նման զարգացման դեպքում անմիջապես կլուծարվի նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ երկրները, հատկապես՝ Ռուսաստանը, ստիպված կլինեն պաշտպանել այս կամ այն կողմին, ինչն էլ կբերի տարածաշրջանում եւ դրանից անդին տեկտոնական փոփոխությունների եւ ուժերի օպերատիվ վերադասավորումների: Բացի հզոր եւ մարտունակ բանակներ ունենալուց՝ Հայաստանի եւ Արցախի կարեւորագույն զենքերից մեկն առաջին հերթին պիտի դառնա տնտեսական կայուն զարգացումը եւ խորքային ժողովրդավարացումը, ինչն էլ կօգնի ավելի շատ համակիրներ գտնել միջազգային հարթակներում եւ հասնել խնդրի վերջնական լուծման:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031