Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ազնիվ կլիներ տրանսպորտի համար պատասխանատու այրերին ստիպել ամեն օր երթեւեկել հանրային տրանսպորտով. «Հայկական ժամանակ»

Մայիս 25,2016 11:16

Մի կողմ թողնելով մեքենաների քանակի շուրջ կառավարության մանիպուլյացիան, փորձենք հասկանալ, թե ինչու է Հայաստանում (մասնավորապես՝ Երեւանում) ցանկացած չինովնիկի համար այդքան արդի ծառայողական մեքենա ունենալը։

Նախ, հանուն ազնվության ընդունենք, որ Հայաստանում ոչ միայն չինովնիկներն ունեն մեքենայի մոլուցք։ Ամեն քիչ թե շատ նյութական հնարավորություն ունեցող աշխատում է առաջին հերթին մեքենա գնել… Թեկուզ հին, թեկուզ վատ վիճակում, բայց անձնական մեքենա։

Իհարկե, այստեղ կան նաեւ մենթալիտետային հարցեր, բայց կա նաեւ օբյեկտիվ խնդիր։ Խոսքը հանրապետությունում եւ, մասնավորապես, մայրաքաղաքում հանրային տրանսպորտի վիճակի մասին է:

Եթե այլ երկրներում քաղաքները իրար կապված են արագընթաց երկաթուղիներով ու հարմարավետ ավտոբուսներով, ապա մեզ մոտ՝ քանդվող ու հին միկրոավտոբուսներով եւ դրանցից էլ ավելի դանդաղ երկաթուղային շատ թերի ցանցով։

Եթե այլ երկրներում համեմատաբար մեծ (միլիոնին մոտ) քաղաքներում գործում են մետրոյի զարգացած ցանց եւ մաքուր, կոկիկ ու օդորակիչներով զինված ավտոբուսներ, ապա մեր մետրոն շատ թերի է, իսկ երթուղայինների որակի մասին խոսելը պարզապես անիմաստ է։

Այս ֆոնին զարմանալի չէ, որ բոլորը փորձում են անձնական մեքենայով երթեւեկել ու այստեղ բացառություն չեն նաեւ չինովնիկները։

Մենք բնավ չենք ուզում պաշտպանել պետական ապարատի ուռճացված ծախսերը։ Սակայն սա եւս մի առիթ է, որ հիշենք Տրանսպորտի ու կապի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի մասին, որոնց առաջնային պարտականություններից է քաղաքացիներին արժանապատիվ տրանսպորտով (թե միջմարզային, եւ թե քաղաքային) ապահովելը։

Եվ եթե այդ մարմինները պատշաճ կերպով իրականացնեն իրենց պարտականությունները, նախ շարքային քաղաքացիները, իսկ ապա նաեւ չինովնիկները հանգիստ կերթեւեկեն արժանապատիվ տրանսպորտով։ Ավելին, կնվազեն խցանումներն ու օդի աղտոտվածությունը։ Իսկ պետական ապարատում ծառայողական մեքենաներ կունենան միայն նրանք, որոնք ծառայողական պարտականություններն այլ կերպ չեն կարող կատարել։

Այնինչ, մենք ապրում ենք այլ իրականությունում։ Քանի դեռ Լոնդոնի քաղաքապետը այնքան լավ հանրային տրանսպորտի համակարգ է ստեղծել, որ գործի գնում է ավտոբուսով, Երեւանի քաղաքապետը շրջում է էսկորտով… Իսկ Երեւանի քաղաքապետարանում, ինչպես օրերս հայտնեց ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, անգամ քարտուղարուհիներն են ծառայողական մեքենաներով շրջում։

Այս պարագայում ազնիվ կլիներ թե Տարոն Մարգարյանին, թե Գագիկ Բեգլարյանին եւ թե տրանսպորտի համար պատասխանատու այլ այրերին ստիպել ամեն օր գործի գնալ (եւ տուն դառնայ) հանրային տրանսպորտով։ Վստահ եղեք, շատ արագ հանրային տրանսպորտի բազում խնդիրներ լուծում կստանային։

 

 

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031