Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը՝ «Բարեւ Երեւանին». «Թարգեք ձեր աշխատաոճը» (Տեսանյութ)

Մայիս 25,2016 16:59

Այսօր Երեւանի ավագանու նիստում հավանություն տրվեց այն որոշմանը, ըստ որի Երեւան համայնքի սեփականությունը հանդիսացող 3 բնակարաններ անհատույց սեփականության իրավունքով օտարել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված երեւանաբնակ 2 զինծառայողների ընտանիքներին:

Քանաքեռ 14-րդ փողոցի 40 շենքում 85.16 քմ մակերեսով բնակարան հատկացվեց առաջնագծում զոհված 2-րդ կարգի զինհաշմանդամ, կամավորական Սարգիս Խալաֆյանի` 4 անձից բաղկացած ընտանիքին: Քանաքեռ 14-րդ փողոցի 38/1 շենքում հատկացվեց 85.16 քմ մակերեսով բնակարան առաջնագծում զոհված պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի ընտանիքին՝ կնոջն ու անչափահաս 3 երեխաներին: Ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Մանվել Գեւորգյանի` 3 անձից բաղկացած ընտանիքին էլ հատկացվեց 60.63 քմ մակերեսով բնակարան՝ Լյուքսեմբուրգի փողոցի 2-րդ նրբանցքի հ.10 շենքում:

Այս հարցի շուրջ հարցերի ժամանակ քաղաքապետն ու Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամներն իրար չհասկացան եւ Տարոն Մարգարյանի նյարդերը քիչ էր մնում տեղի տային: Ավագանու անդամ Անահիտ Բախշյանը հետաքրքրվեց՝ Քանաքեռ 14-րդ փողոցի 40 շենքի բնակարանը  2015 թվականին Երեւանի համայնքի սեփականության ցանկում չկար, այսօրվա որոշման հիմնավորման մեջ նշված է, որ այն համայնքի սեփականությունն է, ինչպե՞ս եղավ, որ հիմա համայնքի սեփականության ցանկում հայտնվեց :

1

Նիստը վարող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ի պատասխան Բախշյանի նշեց, որ տարվա ընթացքում գույք են հաշվառում, գրանցում, գույք է մտնում-դուրս գալիս համայնքի սեփականության ցանկում: «Կոնկրետ այս գույքը չի եղել»,-կրկնեց Բախշյանը: Տարոն Մարգարյանը վրդովվեց Բախշյանի հարցից. «Տիկին Բախշյան, եթե հարցեր ունեիք, դիմեիք վարչությանը, այս հարցերին կպատասխանեին»: Բախշյանի՝ «լավ եք անում» արձագանքին, քաղաքապետն ասաց՝ «Մի խանգարեք»: Անահիտ Բախշյանի՝ «յա» զարմանքին էլ, Տարոն Մարգարյանն էլ ավելի վրդովվեց.«Այո, «յա»-ն ո՞րն ա: Այս բնակարանները Երեւան համայնքի սեփականությունն է: Այլ հարցեր կա՞ն»:

Անահիտ Բախշյանը փորձեց կրկին հարց տալ, Մարգարյանն ասաց՝ «Ձեզ չի հասնում հարցեր: Հարցեր կա՞ն մյուս անդամներից»:

Ապա Տարոն Մարգարյանը զայրույթը զսպելով ասաց՝ «Դեմագոգիայով են զբաղվում»:

Ապա «Բարեւ Երեւանի» անդամ Դավիթ Սանասարյանը փորձեց հստակեցնել, որ իրենք դեմ չեն այս որոշմանը, պարզապես կան հարցեր, եւ պետք է դրանց պատասխաններ տրվեն. «Եթե դեմագոգիա է, ուրեմն եկեք նվիրենք ու սահմանված կարգին չհետեւենք»:

Տարոն Մարգարյանն էլ հորդորեց՝ եթե կան հարցեր, ապա քաղաքապետարանի վարչություններում իրար մեջ քննարկեն.«Ոչ թե սպասենք, երբ լրատվական ամբողջ դաշտն այստեղ է, փորձենք հարցեր բարձրացնենք եւ մտահոգություններ ցույց տանք ամեն ինչի նկատմամբ: Երբ օրվա ընթացքում շատ մեր ավագանիներ անձնական եւ թե ինչ- որ անհատի հետ հարցերի մեջ են, երբ հարցեր կային՝ քննարկեինք: Սպասում էիք տեսնեիք տեսախցիկներ են, որ միանգամից էդ հարցը բարձրացնեիք: Ասում եմ նման գործելաոճը թարգեք»:

Սանասարյանն էլ նկատեց, որ՝ իրենց խմբակցության աշխատաոճը թափանցիկ է, աշխատում են նաեւ տեսախցիկների առկայության դեպքում, իսկ քաղաքապետն էլ իր աշխատաոճն ունի:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031