Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես էլ մեկնեցի ԱՄՆ՝ լավ ապրուստի հետեւից»

Մայիս 26,2016 14:00

Ամերիկաբնակ դաշնակահար Արմեն Ահարոնյանը
մենահամերգով առաջին անգամ հանդես եկավ հայրենիքում

Օրերս երեւանյան «Մեցցո» ակումբում կայացավ ամերիկաբնակ դաշնակահար Արմեն Ահարոնյանի մենահամերգը: Երաժշտի անունը մեզանում հայտնի է միայն մասնագիտական շրջանակներում: Արվեստագետը խորհրդային տարիներին ղեկավարել է «Ուրարտու» անսամբլը, որի մեներգիչն էր Գեորգի Մինասյանը, եւ միաժամանակ հանդիսացել է այդ անսամբլի դաշնակահարը:

«Առավոտի» հետ զրույցում Ահարոնյանը հայտնեց, որ 1980թ.-ից Ամերիկայում է, հիշեց «Ուրարտու» անսամբլի հաճախակի հյուրախաղերը ողջ խորհրդային տարածքում, նշեց, որ դա այն անսամբլն էր, որը Երեւանի հեծանվահրապարակում հավաքում էր 4000 հանդիսատես:

Մեր դիտարկմանը, թե 80-ականներին էլ, իհարկե՝ ոչ այսօրվա «առատությամբ», արվեստագետները Հայաստանից արտագաղթում էին, կոնկրետ ԱՄՆ՝ լավ ապրելու եւ կարիերա անելու համար, դաշնակահարը պատասխանեց. «Իհարկե, ես էլ բացառություն չէի, որը մեկնեց ԱՄՆ՝ լավ ապրուստի հետեւից…»: Ռեպլիկին՝ եւ առաջին օրվանից անձրեւի նման թափվեցի՞ն դոլարները, երաժիշտը արձագանքեց. «Իմ դեպքում՝ ընդամենը 3-4 օր հետո իսկապես երկնքից սկսեցին դոլարներ թափվել: Իսկ առաջին երկու օրը, առանց անհարմար զգալու, պարզապես աղբաթափությամբ էի զբաղվում: Երջանիկ պատահականությամբ այդ օրերին ծանոթացա թիֆլիսահայ ջութակահար Րաֆֆի Հակոբյանի հետ, որի անունն արդեն թնդում էր ԱՄՆ-ում, ու սկսեցինք հանդես գալ սկզբում ռուս-հրեական, հետո՝ տարբեր ակումբներում: Նշեմ նաեւ, որ արդեն համարյա միաժամանակ երեք ակումբում էի աշխատում ու հսկայական գումար վաստակում: Եթե հետաքրքիր է՝ սա էլ կարող եմ նշել. երկու ամիս հետո էլ տուն գնեցի եւ, բնականաբար, ռոյալ»: Դաշնակահարը հայտնեց նաեւ, թե չանցած մեկ տարի, ծանոթացել է Շառլ Ազնավուրի հետ եւ կատարել շանսոնյեի ու նրա դստեր՝ Սեդայի համար Սայաթ-Նովայի «Յիս քու ղիմեթը չի՞մ գիդի» հայտնի դուետի գործիքավորումը: Կարճ ժամանակ անց իր եւ Ժորժ Կառվարենցի գործիքավորումներով հրատարակվել է Ազնավուրի ալբոմը:

Հետաքրքրվեցինք՝ ո՞ր ճանաչված հայ եւ արտասահմանյան երգիչների հետ է համագործակցել ու նրանց համար կատարել գործիքավորումներ: Երաժիշտը ասաց, որ երկար ժամանակ կպահանջվի թվել համերկրացիների ու արտասահմանյան աստղերի անունները, հետո էլ մեկ-երկու անուն նշեց՝ Ձախ Հարութից մինչեւ Մարթեն Յորգանց, Արաքս Վարդերեսյան, ինչպես նաեւ այսօրվա հայաստանցի որոշ երգիչներ: Իսկ ինչ վերաբերում է համերգներին, նույն երեկոյի ընթացքում բեմ է բարձրացել Սթինգի, Էլթըն Ջոնի եւ այլ աստղերի հետ, մինչեւ հայտնի երգչուհի Գուգուշը: Տարակուսանքին, թե համաշխարհային աստղերից հետո ինչպե՞ս է իրեն թույլ տվել համագործակցել Գուգուշի հետ, մեր զրուցակիցը նախ հիշեցրեց, որ իրանցի երգչուհու մայրը հայ է, հետո էլ ասաց. «Զարմանալու ոչինչ չկա, Արեւմուտքը նաեւ մշակութային տեսանկյունից շատ խայտաբղետ է, իսկ Գուգուշը դահլիճներ է բոցավառում»: Մի զվարճալի դեպք էլ հիշեց. «1981, թե 82 թվականին Չիկագոյում մի հայ երգչի հետ նշանակված էր մենահամերգ: Սովորաբար հայտագրերում մենակատարի անունն է մեծատառերով գրվում, բայց այս դեպքում, չգիտես ինչու, ես էի ներկայացված մեծատառերով, հետեւյալ ձեւակերպմամբ՝ ռաբիս արվեստի մեծագույն վարպետ Արմեն Ահարոնյան: Իմիջիայլոց, կեսկատակ-կեսլուրջ Ամերիկայում ասում են, որ իբր ես ռաբիսի թագավորն եմ ու այդ արվեստի հիմքն էլ իմ մենաշնորհն է…»:

«Այսօր արդեն 66 տարեկանում, 36 տարի անց վերադարձել եմ հայրենիք եւ հանդես եկել իբրեւ մենակատար: Եղել եմ Գյումրիում, Երեւանում, մոսկվաբնակ հայազգի դաշնակահար Լեւոն Օգանեզովի հետ՝ Ղարաբաղում, եւ պատրաստվում եմ աշնանը Երեւանում հանդես գալ Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Երիտասարդական նվագախմբի ընկերակցությամբ»,- հայտնեց երաժիշտը: Իսկ թե ի՞նչ ծրագրով, հավանաբար՝ ոչ դասական կոմպոզիտորների երկերո՞վ: Արմեն Ահարոնյանը պատասխանեց. «Առաջին ուսուցիչս Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում պրոֆեսոր Հակոբ Զարգարյանն էր, որն, ի դեպ, 92 տարեկան է եւ ներկա էր «Մեցցոյում» կայացած համերգիս: Կոնսերվատորիայում սովորել եմ անվանի մանկավարժ Գեորգի Սարաջեւի ղեկավարությամբ: Կոմպոզիցիայի դասատուս Ստեփան Ջրբաշյանն էր: Այս մանկավարժների շնորհիվ է, որ հնչեցնում եմ հանրամատչելի երաժշտություն, որի հիմքը ընդգծված դասականն է, մեր ժողովրդական երաժշտությանը բնորոշ էլեմենտներով: Սա միշտ է եղել: Իսկ Ամերիկայում այդ երաժշտապնակին ավելացրել եմ նաեւ ջազային էլեմենտներ»: Նրա ձեւակերպմամբ՝ Երեւանում մասնագիտական կրթությունն էր պատճառը, որ ժամանակին Ստամբուլի «Կոնգրես հոլում» խաչատրյանական երաժշտությունը հնչեցնելու ավարտին 5000 թուրք հոտնկայս ծափահարել է իրեն:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031