Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն մարդ իր երազն է տեսնում

Մայիս 27,2016 10:38

Յուրաքանչյուր մարդ ընտրում է իրականության այն հատվածը, որն առավել համահունչ է իր դաստիարակությանը, համոզմունքներին, իր տեսած երազներին: Հաճախ մենք մեր ընկալումների մասին պատմում ենք ուրիշներին՝ երբեմն չափազանցությունների եւ ծայրահեղությունների մեջ ընկնելով:

Եթե մարդն, օրինակ, տառապում է «ռուսամետ» մոլուցքով, ապա նրան թվում է, թե ամբողջ աշխարհը դուրս է եկել իր սիրելի երկրի դեմ, որ այդ երկրում ծաղկում են բարձր բարոյականությունն ու հայրենասիրությունը, իսկ իր չսիրած երկրներում վխտում են միասեռականներն ու հանցագործ միգրանտները, որոնք օրը մեջ բռնաբարում են եվրոպացի աղջիկներին։ Նման մարդիկ չեն ուզում համապարփակ տեղեկատվություն ունենալ ոչ իրենց սիրած, ոչ էլ իրենց չսիրած երեւույթների մասին, որովհետեւ դա կարող է խափանել իրենց երազը:

Կան նաեւ ճիշտ հակառակ՝ «հակառուսական» երազով ապրող մարդիկ, որոնք Ռուսաստանում բացի ալկոհոլիզմից եւ կոռուպցիայից՝ ուրիշ ոչ մի բան չեն ցանկանում նկատել: Նրանք էլ հայ ժողովրդի բոլոր ողբերգությունները տեսնում են Ռուսաստանի կայսերապաշտական քաղաքականության մեջ, եւ երբ այստեղ որեւէ հարցում խնդիր է ծագում, նրանք մեզ հուսադրում են՝ «պինդ կացեք, Արեւմուտքը մեզ կօգնի»: Այդ մարդկանց մոտ «Պուտին» ազգանունից սկսվում է ինտոքսիկացիա, որը կարող է տեւել մի քանի օր:

Բայց չզարմանաք, եթե ասեմ, որ անձամբ իմ մեջ այդ երկու երազներն էլ, որքան էլ ծայրահեղական լինեն, ինչ-որ բողոք կամ առավել եւս՝ ցասում չեն առաջացնում: Եթե մարդն այդպես է պատկերացնում կյանքը, ինչո՞ւ ես պետք է լծվեմ նրան տարհամոզելու անշնորհակալ գործին: Ես Եվրոպական ակումբի անդամ եմ, բայց ոչինչ չունեմ նաեւ Գրիբոյեդով ակումբի դեմ, եւ եթե ինձ այնտեղ հրավիրեն, հնարավորության դեպքում կլսեմ նաեւ «գրիբոյեդովյան» բանախոսներին (դե, իհարկե, ցանկալի է, որ նրանք իրենց պահեն դաստիարակված մարդկանց պես, ինչը, կարծես թե, միշտ չէ, որ ստացվում է): Ի դեպ, չեմ կարծում, որ այդ երկու ակումբները պետք է իրար հակադրել:

Եթե մարդիկ դուրս չեն գալիս օրենքի շրջանակներից, ապա ինչ ուզում են՝ թող ասեն, ինչ երազ ուզում են՝ թող պատմեն: Եթե այդ երազը թունավոր տարրեր է պարունակում, ապա այն թունավորում է նախեւառաջ պատմողներին եւ հետո միայն շրջակա միջավայրը: Այնպես որ՝ ամեն մեկը թող մտածի իր «էկոլոգիայի» մասին:

…Ես գրեթե չեմ ծխում, բայց «տեռորի» չեմ ենթարկում մարդկանց, որոնք ծխում են իմ ներկայությամբ: Բացատրեմ, թե ինչու. այդ «տեռորից» ավելի շատ կթունավորվեմ, քան ծխից:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Սմբատ says:

    Պարո՛ն Աբրահամյան,
    Միշտ չէ, որ համաձայն եմ լինում Ձեր սյունակների բովանդակության հետ և միշտ չէ որ դրանք համահունչ են լինում իմ աշխարհայացքային պատկերացումներին ու համակարգին, սակայն ՄԻՇՏ էլ հաճույքով եմ կարդում: Այսօրվա սյունակը, որը ինքս ինձ համար կոչեցի տոլերանտության քարոզ, թերևս գլուխգործոց է: Մշտապես կարդում եմ միջազգային մամուլի հեղինակային սյունակները ու ցավում, որ հայ լրագրության մեջ մտածելու, ոչ կողմնակալ ու դաստիարակող սյունակներ գրողներ չկան /Ձեզանից զատ/:
    Իրավամբ, ուրիշի տարբերության վրա սեփական յուրօրինակությունը հաստատելն ու այն ծախելը հասարակությունում փոքր-ինչ տարօրինակ է: Եվ կարծում եմ՝ Ձեր այսօրվա տողերը գալիս են ապացուցելու, որ պետք է ավելի խորը նայել թե՛ յուրահատկություններին, և թե՛ տարբերություններին:
    Ուրախ եմ, որ կաք ու գրում եք: Թո՛ղ Ձեր գրիչը մշտապես կրթող ու այլընտրանքային մտածմունքների առիթ լինի:

  2. gib.gibindus says:

    Պարզապես մի վտանգ կա`երազախաբ լինել:

  3. marin says:

    Համաձայն եմ Սմբատի հետ Պրն Աբրահամյանի պես լրագրողները կիրթ բանիմաց շատ քիչ են

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031