Լրահոս
Օրվա լրահոսը

«Ննջեցեք խաղաղությամբ, Ձեր գործը շարունակում ենք»

Մայիս 27,2016 17:44

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ «Մերօրյա հերոսները» ծրագրի շրջանակներում «Ննջեցեք խաղաղությամբ, Ձեր գործը շարունակում ենք» կարգախոսով այսօր հայաստանցի եւ արցախցի տասնյակ երիտասարդների հետ այցելեց Եռաբլուր, Զինվորական պանթեոն:

Երթի մասնակիցները ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին:

erablur3

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը ասաց. «Մենք այսօր եկել ենք այս սրբավայր՝ խոնարհվելու ապրիլյան հերոսամարտում զոհված մերօրյա հերոսների հիշատակի առջեւ եւ ասել՝ ձեր գործը կիսատ չի մնալու, բոլոր նվիրական իղձերը, որ դուք ունեցել եք ձեր հայրենի եզերքի հետ կապված, մենք ՝ ապրողներս, շարունակելու ենք: Եվ եթե պահանջվի մեզնից յուրաքանչյուրի կյանքը նույնպես, առանց վարանելու այն նվիրաբերելու ենք այս սուրբ հողին: Սիրելի երիտասարդ, սիրել հայրենակից, ցավոք, այս պատերազմը մեզ պարտադրված է: Եվ ըստ իս, մենք միայն մարտի դաշտում ենք կռելու մեր հաղթանակը, միայն մարտի դաշտով ենք Արցախը անվերադարձ դարձնելու Մայր Հայաստան: Սա է մեր ճանապարհը, մենք այլ ճանապարհ չունենք: Դրա համար յուրաքանչյուրս մեր տեղում, նույնիսկ խաղաղ պայմաններում ամեն օր, ամեն վայրկյան պետք է մտածենք այս մասին: Պետք է միմյանց սիրենք, միմյանց փայփայենք, որովհետեւ սա մեր առաքելությունն է եւ այս առաքելությունը տանելու համար միայն սիրով կարող ենք այդ հաղթանակը բերել: Շնորհակալ եմ, սիրելի երիտասարդներ, ձեր այս ցանկության համար: Սա այն բացառիկ ծրագրերից է, որ ձեր ցանկությամբ է կյանքի կոչվում: Այստեղից մենք միասին մեկնում ենք տարվա երիտասարդական մայրաքաղաք Գյումրի: Այնտեղ նույնպես հարգանքի տուրք կմատուցենք Շիրակի մարզից զոհված 14 հայորդիներին: Կլինի պատարագ:

erablur2

Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ, սիրելի երիտասարդներ», – ասաց Արսեն Քարամյանը:

erablur1

ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակից Ալվարդ Սարգսյանը Հայկական երկրորդ հանրապետության եւ ամբողջ հայ երիտասարդության անունից ասաց, որ ապրիլյան այս պատերազմը նոր մարտահրավեր է: «Գաղտնիք չէ, որ պատերազմը դեռ չի վերջացել: Մենք կարողացանք կրկին հաղթանակ տանել եւ հետ շպրտել թշնամուն: Բայց դա անել չէինք կարողանա, եթե միասնական չլինեինք, եթե ամբողջ հայությունը չմիաբանվեր: Ոչ մի պատերազմ, առանց զոհերի չի լինում: Ցավոք, ապրիլյան պատերազմում մենք կորցրինք հերոս տղաներ, որոնք անմահացան: Մենք պարտավոր ենք խոնարհվել նրանց առաջ եւ շնորհակալություն հայտնել նրանց ծնողներին՝ այսպիսի հերոս զավակներ դաստիարակելու համար: Այս ակցիան սկսել ենք մայիսի 9-ից, այցելել ենք Ղարաբաղի շրջաններում զոհվածների ընտանիքներ ու այդպես անելու ենք միշտ: Մենք մեր հասակակից հերոսներին ասում ենք. «Ննջեցեք խաղաղությամբ, Ձեր գործը շարունակում ենք», – ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031