Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մուրադյան. «Կուզենայի, որ հաղթանակի մասին շատ գիրք-ալբոմներ հրատարակվեին»

Մայիս 27,2016 17:47

Մայիսի 27-ին «Արտբրիջ» սրճարան-գրախանութում կայացավ «Կոլլաժ» հրատարակչության կողմից հրատարակված «Ճանապարհ դեպի հաղթանակ» եռալեզու գիրք-ֆոտոալբոմի շնորհանդեսը` նվիրված ղարաբաղյան շարժման 28 եւ Անկախության 25-ամյակին:

Ֆոտոալբոմում, որի հեղինակն է «Կոլլաժ»-ի տնօրեն, լուսանկարիչ Աշոտ Մուրադյանը, տեղ է գտել մոտ 200 լուսանկար՝ համառոտ մեկնաբանություններով եւ նկարագրություններով:

Գիրքն ընդգրկում է Ղարաբաղյան շարժումից մինչև 1994-ի հրադադարը, ներառելով 1988-ի երկրաշարժը, բլոկադայի տարիները, «Կոլցո» օպերացիայի հետևանքով կորցրած Գետաշենը: Գրքի որոշ մասը կտարածվի ԱՄՆ-ում:

Գիրք-ալբոմի հեղինակը նշեց, որ ալբոմի գաղափարն իրեն տարիներ շարունակ հանգիստ չէր տալիս, պարզապես որոշ խնդիրների պատճառով հրատարակությունը ձգձգվում էր: «4-5 տարի շարունակ ալբոմը պատրաստ է եղել, անընդհատ փոփոխել ենք, վերջին փորձը այսպես ավարտվեց, հասանք մեր նպատակին: Առաջին կարծիքները բավականին դրական են»,-հավաստիացնում է Աշոտ Մուրադյանը: Ասում է՝ առաջիկայում եռատոն է, հաղթական օրերի հետ է կապված լույս ընծայումը, եւ գրքի անունը պատահական չի ընտրված. «Գլխավոր նպատակն է, որ մեր հաղթանակն ամրապնդվի նման գեղեցիկ գրքով, որ հպարտանանք՝ նման հզոր տղերքի ու մեր ունեցած հաղթանակի համար: Ամենաբարդ խնդիրներ հաղթահարելու արդյունքում է մեր հաղթանակը կերտվել, ե՛ւ երկրաշարժից նկարներ կան, ե՛ւ շրջափակման թեմայով, այդ անհավանական դժվարությունները կարողացանք հաղթահարել, եւ դրանով կրկնակի-եռակի ուժեղացավ մեր հաղթանակը»:

1

Ճանաչված լրագրող Մարկ Գրիգորյանը կարեւորեց գրքի ծնունդը, ու ասաց, որ հեղինակը կարողացել է դժվարին տարիներին արված լուսանկարները մեկտեղել մեկ ալբոմում՝ ընդ որում զատելով երկրորդականը գլխավորից ու ընտրելով այն ամենը, ինչը կարող է հետաքրքիր լինել նաեւ այսօրվա երիտասարդներին:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը գիրք-ալբոմի նշանակությունը շեշտադրեց, այն առումով, որ նոր սերունդը, որ մասնակիցը չի եղել 88-89 թթ իրադարձությունների, կարող է այդ ամենի մասին գաղափար կազմել յուրօրինակ վավերագրության միջոցով:

Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը նշեց, որ հատկապես սեւուսպիտակ լուսանկարները ազդեցիկ են նրանով, որ երեւակայելու հնարավորություն են տալիս դիտողին:

Աշոտ Մուրադյանը ցանկություն հայտնեց, որ մեր հաղթանակների մասին ավելի շատ պատկերագրքեր ստեղծվեն ու այնքան լավը, որ իր գիրքը այդ շարքում ամենավերջինը լինի, իր ձեւակերպմամբ՝ 1048-րդը: Նա դրվագներ պատմեց իր եւ ճանաչված մեկ այլ լուսանկարչի՝ լուսահոգի Ռուբեն Մանգասարյանի Շուշի թռչելու վերաբերյալ եւ հպարտությամբ փաստեց, որ իրենք ականատեսն են եղել երկու բանակների միավորմանն ու ապրել են սպասված հաղթանակի բերկրանքը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031