Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկն առաջարկում է հոսանքը թանկացնել

Մայիս 27,2016 18:45

Համաշխարհային բանկը Հայաստանի էլեկտրաէներգետիկական ոլորտի ֆինանսական վիճակի բարելավման քայլեր է առաջարկում: Հիշեցնենք, որ ՀԲ-ն զեկույց է  հրապարակել, որտեղ մանրամասն ներկայացնում է, թե մեր երկրի էլեկտրաէներգետիկական ոլորտի խնդիրները, ֆինանսական ճեղքվածքն ինչի արդյունքում է եղել: Եվ նույն զեկույցում էլ ոլորտն ուշքի բերելու համար առաջարկություններ է անում:

Ըստ ՀԲ զեկույցի վրա աշխատող մասնագետների՝ էլեկտրաէներգետիկական ոլորտի ընթացիկ ֆինանսական վիճակը կայուն չէ եւ ապագայում ավելի մեծ վտանգ է ներկայացնելու էլեկտրամատակարարման հուսալիության եւ որակի համար: Մասնագետները նշում են, որ իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է անհապաղ ձեռնարկել մի խումբ միջոցառումներ: Ըստ այդմ, ըստ ՀԲ-ի՝ հարկավոր է արգելել այն ծախսերը, փոխառությունները եւ փոխատվությունները, որոնք
կապված չեն պետական էլեկտրաէներգետիկական ընկերությունների հիմնական
գործունեության հետ: Կառավարությունը, որպես պետական ընկերությունների
սեփականատեր, պետք է օրենքով արգելի պետական ընկերություններին՝
փոխառություններ անել հիմնական գործունեության հետ չկապված նպատակների
համար, փոխառությամբ գումարներ տալ միմյանց կամ այլ ընկերությունների, եւ
կրել իրենց հիմնական գործունեության հետ չկապված ծախսեր:

ՀԲ-ն գտնում է, որ պետք է բարելավել ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը. որպես էլեկտրաէներգետիկական ոլորտում էլեկտրաէներգիայի միակ գնորդ՝ ՀԷՑ-ի ֆինանսական առողջ վիճակը շատ կարեւոր է ամբողջ էլեկտրաէներգետիկական ոլորտի
ֆինանսական կայունության եւ կառավարության կողմից ոլորտում ներգրավվելիք
մասնավոր ու պետական ներդրումների համար: Ուստի, ՀԲ-ն գտնում է, որ ՀԷՑ-ը պետք է փոխհատուցում ստանա վերջին 2 տարիներին էլեկտրաէներգիայի արտադրության, ՀԲ-ի ձեւակերպմամբ՝ անշահավետ գնի պատճառով կրած վնասների համար, պետք է վերանայվի սակագների սահմանման մեթոդաբանությունն ապագայում ընթացիկ վիճակի կրկնումը կանխելու նպատակով, պետք է պարտադրվի էսկրո (հատուկ հաշիվ) մեխանիզմի լիարժեք կիրառումը:

Համաշխարհային բանկն առաջարկում է նաեւ թույլ տալ ՀԷՑ-ին վերականգնել 24 մլրդ ՀՀ դրամ կուտակված վնասը: Զեկույցում նշվում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է թույլ տա ՀԷՑ-ին վերականգնել կուտակված վնասը, այդ թվում տոկոսային ծախսերը, ընկերության անվճարունակությունից խուսափելու նպատակով:

Իսկ վնասների վերականգնման ՀԲ առաջարկած քայլերը հետեւյալն են՝ աստիճանաբար բարձրացնել վերջնական օգտագործողի համար սակագինը, վերաֆինանսավորել ՀԷՑ-ի թանկ վարկերը ավելի երկարաժամկետ եւ ավելի էժան վարկերով: ՀԲ-ն նաեւ գտնում է, որ ՀԷՑ-ը պետք է մշակի ֆինանսական առողջացման պլան:

ՀԲ գնահատականներով՝ ՀԷՑ-ի կուտակված վնասների վերականգնումը պահանջելու է վերջնական օգտագործողի համար սակագնի բարձրացում 14%-ով (6ՀՀԴ/կՎտժ): Եթե այդպիսի բարձրացումն իրականացվի, ըստ բանկի մասնագետների, վերջնական օգտագործողի համար սակագնի մեկանգամյա ճշգրտման եղանակով, ապա դա կարող է զգալի ազդեցություն ունենալ աղքատության մակարդակի վրա:

Բանկն առաջարկում է փոխել ՀԷՑ-ի սակագնային մարժայի ճշգրտման մեթոդաբանությունը, որպեսզի այն նոր սակագնային ժամանակահատվածում ամբողջովին արտացոլի նախորդ սակագնային ժամանակահատվածում փաստացի եւ կանխատեսված մարժաների միջեւ տարբերության հետեւանքով առաջացած վնասը եւ կամ օգուտը: Նաեւ նշվում է, որ պետք է վերանայել սակագների սահմանման մեթոդաբանությունները:
Էներգետիկ ոլորտի բարելավման համար բանկի առաջարկություններից է նաեւ վերաֆինանսավորել պետական ընկերությունների առեւտրային պայմաններով
վարկերը եւ մարել կրեդիտորական պարտքերը: «Կառավարությունը,
որպես սեփականատեր, կարող է փորձել վերաֆինանսավորել Երեւանի ՋԷԿ-ի եւ
ՀԱԷԿ-ի առկա կարճաժամկետ առեւտրային պայմաններով վարկերը 6.5 մլրդ
դրամի չափով, որոնք ոլորտի համար տարեկան արժենում են 0.7 մլրդ դրամ
տոկոսային ծախսերի տեսքով»,- նշված է զեկույցում:

Վերաֆինանսավորված պարտքերը, ըստ ՀԲ մասնագիտական առաջարկի, պետք է սպասարկվեն կամ պետական բյուջեի հաշվին, կամ սպասարկման գումարը սակագնի մեջ ներառելու ճանապարհով, իսկ պետական ընկերությունների ոչ առեւտրային պայմաններով պարտքերը մարել դրանց դուրսգրման միջոցով:

«Հայգազարդ» ՓԲԸ լուծարումը կարեւոր է ապագայում էներգետիկայի ոլորտում ոչ թափանցիկ գործարքներից եւ ընկերությունը հիմնական գործունեությանը չառնչվող նպատակով էլեկտրաէներգետիկական ոլորտի միջոցները տեղափոխելու համար օգտագործելուց խուսափելու համար: Սկսել դատական գործընթաց Նաիրիտի եւ Վանաձորի քիմիական գործարանից պարտքերը վերականգնվելու ուղղությամբ: Կառավարությունը պետք է լիազորի համապատասխան պետական էլեկտրաէներգետիկական ընկերություններին ներկայացնելու պարտքի գանձման դատական հայց՝ հաշվի առնելով առկա պարտքի զգալի չափն ու պարտապանի կողմից մշտական չվճարումները»,-գրված է զեկույցի առաջարկություններ բաժնում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031