Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Միրզոյան. «Եթե գտնվեն աջակիցներ ունեւոր խավից, մենք էլ մեր արվեստով օգտակար կլինենք, ընդ որում՝ ոչ միայն իրենց»

Մայիս 28,2016 14:30

Դասական համարվող կուտուրյեները իրենց մոդելները նախատեսում էին հատուկ երեկոներին հագնելու, ներկայանալի տեսք ունենալու համար: Ոչ երկար ժամանակ անց ականատեսն ենք լինում մանավանդ մերօրյա, թեկուզեւ աշխարհահռչակ կուտուրյեների աշխատանքներին, որոնք ավելի շատ մատուցվում են որպես «պոդիում-արտ» ներկայացումներ: Ու կարծես հենց դրանով էլ ավարտվում է նրանց «բուն» աշխատանքը: Մյուս անհասկանալի դրույթն էլ այն է, որ հիմա շատ երկրներ ունեն իրենց «արմանիները», «կոկոշանելները», ընդ որում, մենք էլ այնքան հետ չենք մնում, բայց, միեւնույն է, հայաստանցի ունեւորներից կամ շոու-բիզնեսի ներկայացուցիչներից ոմանք անպայման պետք է մեկնեն Արեւմուտք, որպեսզի այնտեղից ձեռք բերեն հայտնի կամ նորելուկ կուտուրյեի աշխատանքներից: Սա այն դեպքում, երբ մեզանում կարելի է պատվիրել, ունենալ իրենց պատկերացմամբ՝ այդ հազվագյուտ զգեստը:

Այս դիտարկումների հետ համամիտ էր «Առավոտի» հյուրը՝ հագուստի դիզայներ Աննա Միրզոյանը: Նա նույնիսկ նշեց, որ մեզանում դեռ այն մշակույթը չի ձեւավորվել, որ դիմեն դիզայներին, չէ՞ որ յուրաքանչյուր մարդ անհատականություն է եւ պարզապես պետք է վստահել դիզայներին: Ավելին, մեր զրուցակիցը համոզված է, որ այդ բացառիկ աշխատանքը հայաստանցի դիզայների պարագայում շատ ավելի մատչելի գին կարժենա եւ, որ ամենակարեւորն է՝ էլ ավելի կընդգծի տվյալ անձի «արժանիքները», միեւնույն ժամանակ թաքցնելով թերությունները:

moda_1
Դիզայները իր «Նորաձեւությունը հայկական ճարտարապետական միտումներով» խորագիրը կրող հավաքածուն 2004թ. ցուցադրել է Վոլգոգրադում: Մեջբերենք տեղի մամուլում հայ դիզայների արվեստի մասին գրված հետեւյալ համառոտ, բայց խոսուն կարծիքներից մեկը. «Երեւանից ժամանած հագուստի դիզայներ Աննա Միրզոյանը ցուցադրեց հրաշալի հավաքածու՝ «Հայաստանի եկեղեցիները»: Սա նման էր իսկապես բարձր նորաձեւության ցուցադրության: Եկեղեցիների դեր ստանձնած հմայիչ հայուհիներն առանձնանում էին նաեւ զգեստները զարդարած հսկա խաչերով (լուսանկարում)»: Այդ խաչերը պատրաստել է ինքը՝ դիզայները: Ընդ որում, հիշյալ հավաքածուն Աննան ներկայացրեց վերջերս Երեւանում անցկացված Armmod fashion show-ին:
Զրույցի ընթացքում Աննան ասաց, որ 2012թ. մասնակցում է հայաստանյան էքսպո ցուցահանդեսներին՝ իր պատրաստած աքսեսուարներով, որոնք առաջին անգամ հունիսին կցուցադրի նաեւ Մոսկվայում:

moda-2

Աննայի «նատյուրմորտը»:

Մեր զրուցակիցը քանիցս մասնակցել է հայաստանյան տարբեր ցուցադրությունների, այդ թվում՝ «Նավասարդյան խաղեր» (առաջին մրցանակ), «ՀցրրՍՌռ րՌսցֆՑ» մրցույթներին եւ այլն: Առաջիկայում էլ պատրաստվում է «Ռենեսանս» հավաքածուով ներկայանալ Երեւանում կայանալիք Fashion show-ին:

Մշտապես, նույնիսկ մասնագետների շրջանում հնչող, բանավեճի առիթ հանդիսացող մտքին, թե դիզայները պարտադիր չէ, որ լինի նկարիչ, Աննան ունի իր հստակ պատասխանը՝ «Պարտադիր է: Դիզայները նախ հագուստը պետք է տեսնի կտավի վրա, հետո նոր վերարտադրի այն: Հայաստանցի դիզայներներից, օրինակ՝ Լիլիթ Մաթեւոսյանը, Գեւորգ Շադոյանը ոչ միայն բարձրարվեստ մոդելավորողներ են, այլեւ հիանալի նկարիչներ: Նրանց անունը վաղուց հնչում է նաեւ եվրոպաներում»: Աննան նույնպես պրոֆեսիոնալ նկարչուհի է: Որպես դիզայներ եւ նկարչուհի ունի մասնագիտական բարձրագույն կրթություն, նրա աշխատանքները ցուցադրվել են մեզանում անցկացված մի շարք ցուցահանդեսների: Նպատակ ունի նաեւ, իր խոսքերով՝ օրերից մի օր ներկայանալ անհատական աշխատանքների ցուցադրությամբ:

Զրույցի ընթացքում դիզայները հիշեց, իր խոսքերով՝ մի տխուր պատմություն. «Համախոհներով, այդ թվում՝ դերասանուհի Էմմա Մկրտչյանը, արվեստաբան Սոնա Հովհաննիսյանը, պարուհի Լուսինե Դավթյանը, պարային ռեժիսոր Արմինե Հովհաննիսյանը, ռեժիսոր Հարություն Գալֆայանը եւ ես մի նախագիծ էինք ուզում իրականացնել՝ Վերածննդի դարաշրջանից մինչեւ մոդեռն: Գլխավոր «կերպարում» հագուստն էր: Աշխատեցինք շուրջ մեկ տարի, եւ այդպես էլ աջակիցներ չգտանք: Ում դիմեցինք՝ ստացանք նույն պատասխանը՝ անխոս, հետաքրքիր է: Եվ ոչ ավելին: Բայց եթե գտնվեն աջակիցներ ունեւոր խավից, մենք էլ մեր արվեստով օգտակար կլինենք ոչ միայն իրենց, նաեւ հանդիսատեսին»:

Ինչպես յուրաքանչյուր երիտասարդ արվեստագետ, Աննան էլ է ունեցել ոգեշնչման աղբյուր՝ հանձինս դասական դարձած կուտուրյեների, նրանք են՝ Քրիստիան Դիորը, Պիեռ Գարդենը, Պոլ Պուարեն, Ժաննա Պակենը եւ Վալենսիան:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031