Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության ներկայացուցիչը դատարանում հաստատեց, որ ապացույցը մասնավոր ընկերության կողմից տրվածն է

Մայիս 28,2016 16:30

50 տարվա վարորդին վարչական վարույթի ժամանակ ասել էին՝
դու փաստաբան չես, չգիտես, որ վարչական վարույթը չի արձանագրվում
Մայրաքաղաքի Խանջյան փողոցով, Տիգրան Մեծի պողոտայի կողմից դեպի Վարդանանց փողոցի ուղղությամբ ընթացել են Արմենակ Սնխչյանի «Ֆոլքսվագեն» մակնիշի 33 ԼՎ 028 համարանիշի ավտոմեքենան եւ Ծերուն Գասպարյանի ավազով բարձված «ՄԱԶ» մակնիշի 29 ԼՈ 569 բեռնատարը:

Ա. Սնխչյանը ցույց տալով լուսանկարներն ու տեսանյութը՝ ասաց, որ իր մեքենային համընթաց 3-րդ շարքով է ընթացել բեռնատարը, որը երբ սկսել է աջ շարժվել, այդ ժամանակ էլ ազատվել է իր մեքենայի դիմացը, եւ որ ինքը ցանկացել է շրջանցել բեռնատարը: Նա իր շարքով սրընթաց աջ, ապա ձախ անելով՝ շրջանցել է բեռնատարը: Այդ ժամանակ էլ հարված է ստացել մեքենային, կորցրել է ղեկավարումը, հայտնվել է հանդիպակաց ճանապարհին, որտեղ մեքենայի աջ մասով բախվել է հանդիպակաց երթեւեկող «Ժիգուլի» մեքենային:

Վթարից անմիջապես հետո եկել են ԱՊՊԱ-ն, ՃՈ աշխատակիցները, վարորդների մասնակցությամբ կազմվել է վթարի վայրի սխեման, որի տակ ստորագրել են:

Ապա հարուցվել է վարչական վարույթ, որոշում է ընդունվել, որն էլ վիճարկվեց երկու օր առաջ ՀՀ վարչական դատարանում՝ դատավոր Ա. Միրզոյանի նախագահությամբ: Թոշակառուն դատարան էր ներկայացել «Ընդդեմ իրավական կամայականության» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Քրիստինա Գեւորկյանի (լուսանկարում) հետ, ՃՈ ներկայացուցիչն էր դատարաններում այս գործերով թրծված Տիգրան Պողոսյանը: Երրորդ անձ էր ճանաչվել Ծերուն Գասպարյանը:

Հայցվորի ներկայացուցիչը, բարեբախտաբար, իրավաբան լինելուց բացի, նաեւ վարորդ էր, եւ բավական հետաքրքիր բացահայտումներ կատարեց ճանապարհային ոստիկանության կողմից իր վստահորդին վարչական տույժ նշանակելու մասին որոշումը վիճարկելու եւ այն անվավեր ճանաչելու գործով:

Գործի քննության ժամանակ պարզվեց, որ կազմվել է ՃՈ կապիտան Ա. Շարոյանի կողմից եզրակացություն, որին համաձայն չէր իրեն տուժող համարող Արմենակ Սնխչյանը:
Այդ եզրակացությունը կազմվել էր «Վարչարարության հիմունքների եւ վարչարարության մասին» օրենքի պահանջների խախտումով:

Հայցվորի փաստաբանը հայտնեց, որ չի արձանագրվել վարչական վարույթը, տարեց վարորդին ասել են՝ դու փաստաբան չես, չգիտես, մինչդեռ վարորդը ընթերցել է նշյալ հոդվածի 29 հոդվածը. «վարչական վարույթ իրականացնող մարմինը հայտնել է, որ իրենք չեն ղեկավարվում այդ օրենքով, իրենք ղեկավարվում են ՀՀ ՎԻՎ օրենքով»:
Ք.Գեւորկյանը նշեց, որ ճանապարհային ոստիկանությունը վարորդի կողմից արված իրավախախտումը հիմնավորել է «Փարկինք Սիթի Սերվիս» մասնավոր՝ փակ բաժնետիրական ընկերության տեսախցիկի կողմից արված տեսաձայնագրությամբ:
«Մենք համաձայն չենք այս տեսանյութի հետ, քանի որ ակնհայտ մոնտաժի տարրեր կան, միջամտություն, տեսաձայնագրությունը կատարված է ոչ թե ՀՀ ոստիկանության կողմից տեղադրված հատուկ տեսաձայնագրվող սարքերի միջոցով»,- ասաց հայցվոր կողմը, որն, ի դեպ, ժամանակ խնդրեց դատարանից տվյալ տեսաձայնագրությունը փորձաքննության ներկայացնելու միջնորդություն անելու համար: Կասկածի տակ դրվեց անգամ բեռնատարի բրեզենտե ծածկոցը, գտնում էին, որ վարորդը վթարից հետո մեքենան նորից նույն վայր է տարել, չփարատված էր տեղանքը, ըստ Արմենակ պապիկի, ծառերն անգամ փոխված էին: ՃՈ ներկայացուցիչ Տիգրան Պողոսյանը պնդում էր, որ իրենց մոտ առկա ապացույցները բավարար են, որպեսզի հիմնավորվի վարչական իրավախախտում կատարելու փաստը:
Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը երկու անգամ դատարան բերված բնօրինակ տեսանյութը չկարողացավ ներկայացնել, քանի որ այն հատուկ ծրագրով պիտի բացվեր, դատարանի համակարգչով «չէր բացվում», չնայած կողմն ասաց, թե իրենց ներկայացրած տեսանյութը վերցվել է հենց ոստիկանությունից, իսկ դանդաղեցրած տարբերակը տարեց վարորդն է խնդրել այլ մասնագետներից:

Հայցվորին հետաքրքրում էր, թե արդյոք մասնավոր ընկերության եւ ոստիկանության միջեւ իրավական կարգավորում կա՞, ՃՈ ներկայացուցիչն ասաց՝ իրավական կարգավորում չկա, սակայն հավելեց, որ նման ապացույցները նշյալ «Փարկինք Սիթի Սերվիսից» իրենք ստացել են այլ գործերով էլ եւ որեւէ առարկություն չի եղել:

Երրորդ անձը՝ բեռնատարի վարորդն ասաց, թե 20 տարվա վարորդ է: Ինքը երկրորդ շարքում է եղել, երրորդ գծով արգելվում է գնալը, եւ եթե գնար, խցանում կլինի: Բեռնատարի վարորդն ասաց, թե բարձր արագությամբ իր դիմացը փորձել է կտրել Արմենակ պապի մեքենան: Եվ որ պապին խառնվել էր այն ժամանակ, երբ բախվել էին նրա մեքենային, եւ որ նա թե ԱՊՊԱ-ի ներկայացուցիչներին, թե ճանապարհայինի ներկայացուցիչներին վթարից հետո էլ ասել էր, թե մեղավոր չի, որ մեղավորը բեռնատարի վարորդն է:

Ի դեպ, դատարանում էլ տարեց Արմենակ Սնխչյանը մեղադրեց 12 տոննա ավազ բարձած բեռնատարի վարորդին, որ. «նա հանցավոր համաձայնության է եկել ոստիկանության հետ»:

Ինչն, իհարկե, վրդովեցրեց թե ՃՈ աշխատակցին, թե բեռնատարի վարորդին, որն ասաց, թե «մանկավարժական համալսարանի» դիմացի գետնանցումը բարձրացել է 20-25 կմ ժամ արագությամբ:

Նշենք, որ դեռ վարչական վարույթ իրականացնելու ժամանակ հայցվոր կողմը խնդրել էր, որպեսզի տրամադրվի իրենց միջնորդությունը գրավոր մերժելու մասին ՃՈ որոշումը: Այդ որոշումը այդպես էլ չի տրվել կողմին:

«Մեր հարցին, թե, արդյոք, չի՞ տրվելու գրավոր որոշումը միջնորդությունը մերժելու մասին, վարույթն իրականացնող մարմինը պատասխանեց, թե վարույթն իրականացվում է բանավոր ընթացակարգով, հետեւաբար, գրավոր որոշում չի կայացվում: Իրենց կողմից մեր միջնորդությունն ընդունելու փաստն արդեն իսկ վկայում է այն մասին, որ իրենք ստացել են միջնորդությունը, հետեւաբար, միջնորդությունը մերժվել է»,- ասաց Ք. Գեւորկյանը:
Ըստ հայցվորի, որոշումը իրավաչափ չի եղել, չի նշվել, թե «Ֆոլքսվագենի» վարորդը որ կանոնը կամ կանոններն է խախտել, ինչի հիման վրա է նշված կանոնը ենթակա կիրառման, կիրառման ենթակա նորմի բովանդակությունը որն է:

Հունիսի 1-ին կշարունակվի գործի քննությունը:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031