Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք երեխաների մայրը դիմում է ՀՀ նախագահին

Մայիս 28,2016 17:00
namak

Մեր պետությունն ու ժողովուրդը լրջագույն ժամանակներ են ապրում՝ դիմակայելով արտաքին թշնամու զանազան խարդավանքներին ու ոտնձգություններին։ Այս օրերին ազգովին մեկ անգամ եւս գիտակցության եւ միասնականության վերելք ապրեցինք ու կրկին անգամ համոզվեցինք, որ աննկուն է հայի ազատատենչ ու արդարատենչ ոգին։ Վստահաբար, Դուք, որպես պետության նախագահ, նույնպես բարձր եք գնահատում մեր ժողովրդի այս հատկանիշները եւ ջանք չեք խնայում մեզ պարտադրված արտաքին դժվարագույն հանգամանքների լավագույնս լուծման համար։

Իմ այս նամակը, սակայն, պետության ներսում կատարված մի կեղծարարության մասին է: Այն մասին, որ պատկան մարմինների «դանդաղագործության» կամ չգործության հետեւանքով ստեղծված «անպատժելիության» համոզվածությունը ընդամենը 6-7 ամիս առաջ հանցագործություն կատարած անձանց՝ հայր եւ աղջիկ Կոզմոյաններին, «մղեց» այս անգամ էլ կատարելու 2-րդ անօրինականությունը։ Ես կերկմտեի դիմել Ձեզ՝ ավելի կարեւոր խնդիրներով ծանրաբեռնված այս օրերին, եթե խորապես համոզմունք չունենայի, որ կռվի դաշտում հաղթանակներ ունենալու համար մարտնչող ժողովուրդը նախ իր ներսո՛ւմ պիտի բարոյական հաղթանակներ տանի։

Այսպես, 2015թ. փետրվարի 7-ին ամուսինս՝ «Քարավան թուրզ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն եւ 50% բաժնետեր Աշոտ Շաբոյանը, մեկնում է արտասահման՝ հանգստի։ Փետրվարի 9-ին նույն ՍՊԸ-ի մյուս 50% բաժնետեր Մելանյա Կոզմոյանը ընդհանուր ժողով է անցկացնում՝ որոշում կայացնելով Աշոտ Շաբոյանին ազատել տնօրենի պաշտոնից՝ այդ պաշտոնում նշանակելով իր հորը՝ Ռոմեն Կոզմոյանին։ Ժողովի արձանագրության մեջ նշում է, որ ժողովին մասնակցել եւ այն քարտուղարել է Աշոտ Շաբոյանը։ Ա. Շաբոյանի անվան դիմաց ստորագրում է Ռոմեն Կոզմոյանը՝ կեղծելով նրա ստորագրությունը: Այնուհետեւ այդ կեղծ որոշումը նրանք ներկայացնում են Պետռեգիստր։ Փետրվարի 12-ին ամուսինս, առայժմ չպարզաբանված հանգամանքներում (վարկած՝ ավտովթար), մահանում է Հայաստան չվերադարձած։ 03.04.2015թ. ես՝ Ա. Շաբոյանի իրավահաջորդս, բացահայտում եմ կեղծիքը։ Թեեւ չափազանց շփոթահար, բայց գիտակցելով, որ ինչ էլ որ անեմ, միեւնույն է՝ չեմ վերադարձնի ամուսնուս, ես պատրաստ էի մեծահոգաբար ներել նրանց եւ չդիմել օրինապահ մարմիններին, եթե նրանք պարզապես միայն մարդկայնորեն ինձնից ներողություն խնդրեին եւ չսպառնային, որ ես ոչինչ անել չեմ կարող:

Անտեսելով վախի կործանարար էմոցիաները՝ 25.05.2015թ. ես դիմում եմ օրինապահ մարմիններին՝ պարզելու, թե ինչ դիտավորություն են ունեցել հայր եւ դուստր Կոզմոյանները Աշոտ Շաբոյանի կենդանության օրոք նրա իրավունքները վերապահող փաստաթուղթը այդքան հապճեպ կեղծելիս, եւ կա՞ կապ փետրվարի 9-ի կեղծիքի եւ փետրվարի 12-ին ամուսնուս մահվան փաստի միջեւ։ Սակայն նախաքննությունը, չգիտես ինչու, «դանդաղում» էր, եւ Ռոմեն Կոզմոյանը հանգիստ, անպատժելիության կեցվածքով կատարում է քրեորեն հետապնդելի երկրորդ արարքը՝ այս անգամ ՀՀ քր.օր.-ի 252 հոդվածի հատկանիշներ պարունակող։ Նրանց կատարած երկրորդ կեղծիքը նույնպես բացահայտել եմ ես եւ ներկայացրել քննչական մարմնին։

Այս անգամ նախաքննությունը, ի զարմանս ինձ, առանց մանրակրկիտ եւ բազմակողմանի քննության ու առանց ծանրակշիռ հիմնավորումների, հենվելով միայն կեղծիքը կատարած անձանց ցուցմունքների վրա, որոշում է կայացնում քրեական հետապնդում չիրականացնել բոլոր երեք անձերի՝ Ռոմեն Կոզմոյանի, Մելանյա Կոզմոյանի եւ Հասմիկ Մուրադյանի նկատմամբ։ Ես կհամաձայնեի քննիչի որոշման հետ, եթե այդ որոշումը հիմնված լիներ նախաքննության ընթացքում ձեռք բերված իրական փաստերի եւ փաստաթղթերի առկայության վրա։ Սակայն դա այդպես չէ։ Եվ արդարությանը հասնելու համար ես չունեմ ուրիշ «մեջք»՝ բացի իմ երկրի նախագահից։

Համոզված լինելով, որ Դուք հետամուտ եք հանրապետությունում կատարվող բոլոր՝ կամա թե ակամա հանցագործություններին ճիշտ գնահատական տալուն եւ շահագրգիռ եք, որպեսզի որեւէ հանցագործություն առանց բացահայտվելու չմնա, դիմում եմ Ձեզ՝ աղերսելով Ձեզ ուշադրության կենտրոնում պահել իմ հարցը՝ պաշտպանելով ոչ միայն ամուսնուն կորցրած երեք դուստրերի մոր արդարացի դատը, այլ նաեւ մեր հասարակության մեջ պահպանելու արդարությունն ու արդարամտությունը։ Չէ՞ որ արտաքին հաղթանակները սկսվում են ներսում բարոյական հաղթանակներից։

 
ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
27.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031