Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը կարծես թե ուզում է մի լավ բան անել. բնակարանային ապահովման ծրագրի հրաշք պայմանները

Մայիս 28,2016 17:30

Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը աղետալի է. սա սուբյեկտիվ գնահատական չէ, այդ մասին փաստում են վիճակագրական ցուցանիշները: Տարիներ շարունակ բարձրաձայնվում է թե՛ պետական կառույցների եւ թե՛ Հայաստանում միջազգային կառույցների կողմից, որ մեր երկրում բարձր են արտագաղթի ցուցանիշները, ծնելիության մակարդակը ցածր է, ամուսնալուծությունների թիվն ավելանում է, նվազում է ամուսնությունների թիվը, ու ամուսնության տարիքն էլ ավելի է բարձրանում: Մի խոսքով՝ վտանգված է Հայաստանի ապագան:

Եվ հիմա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը որոշել է այս խնդրին մի ձեւով լուծում տալ: Արդեն պատրաստ է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագիրը, այն շուտով հայտնվելու է կառավարության նիստի օրակարգում: Այս ծրագիրը մի քանի բաղադրիչ ունի՝ ծնելիության խթանում, բնակարանային խնդրի լուծում, աշխատող մայրերի երեխաների խնամքի խնդրի լուծում եւ այլն:

Ծրագրին շատերը թերահավատորեն են մոտենում, գուցե՝ արդարացիորեն: Մարդիկ՝ իմանալով, որ այս ծրագիրը բավականին մեծ ծավալների ֆինանսավորման կարիք ունի, անվստահություն են հայտնում կառավարությանը, թե՝ «վերեւների դարդը կտրե՞լ է ժողովրդի մասին մտածեն»:

Ծրագրի նախագծում նշված է. «Առկա իրավիճակը պահանջում է առավել առարկայական միջոցառումներ, որոնք կարճ ժամանակահատվածում կարող են որակական փոփոխություններ մտցնել երիտասարդ եւ բազմազավակ ընտանիքների եկամտի, կենսապայմանների, հատկապես` բնակարանային եւ սոցիալական այլ խնդիրներում, որոնք հանդիսանում են լուրջ խոչընդոտ ինչպես բնակչության վերարտադրողական նպատակադրումների իրագործման, այնպես էլ միգրացիոն անբարենպաստ գործընթացների մեղմացման տեսանկյունից»: Ըստ էության, կառավարությունն էլ ընդունում է՝ մինչ այժմ ինչ արել-չեն արել՝ հիմա պետք է հրատապ լուծումներ տան:
Այս ծրագրից հանրությանը թերեւս ամենաշատ հետաքրքրող բաղադրիչներից մեկը բնակարանային ապահովման կետն է, քանի որ, ասենք՝ տուն չունենալու պատճառով չեն ամուսնանում, արտագաղթում են, ընտանիքները կիսվում են՝ ամուսինը գնում է խոպան՝ փող աշխատելու, զույգերը երեխա ունենալը հետաձգում են մինչեւ տուն ունենալը եւ այլն:
Ովքեր կարող են ծրագրի շահառուներ լինել:

Բնակարանային ապահովումն ուղղված է նախ այն ընտանիքներին, որոնք ներկայիս հիփոթեքային պայմաններով չեն կարողանում բնակարան ձեռք բերել: Ըստ նախագծի՝ բնակարանով ապահովման ծրագրի շրջանակներում բնակարանային հաշվառման են ենթակա այն ընտանիքները, որոնք Հայաստանի տարածքում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունը չեն օտարել դիմելու օրվան նախորդող 5 տարվա ընթացքում: Շահառու կարող են լինել նաեւ այն ընտանիքները, որոնք բնակվում են վթարային բնակարանային ֆոնդում, նկուղներում, ոչ հիմնական շինություններում (տնակներում) եւ բնակության համար հարմարեցված այլ շինություններում: Կամ ասենք՝ բնակվում են ժամանակավոր կացարաններում` հյուրանոցներում, հանրակացարաններում, հանգստյան տներում, առողջարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, հիվանդանոցներում, հիմնարկների վարչական շենքերում եւ հանրային օգտագործման այլ տարածքներում, բնակվում են հարազատների կամ ազգականների մոտ կամ վարձակալությամբ բնակարաններում: Ծրագրից կարող են օգտվել այն անձինք, որոնք ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, սակայն բնակարանում կամ բնակելի տանը բնակվող ընտանիքի յուրաքանչյուր անդամի ընդհանուր մակերեսով ապահովվածությունը կազմում է 9 քմ պակաս, բացի ամուսիններից՝ կան 9 տարեկանից բարձր տարբեր սեռի անձինք, որոնք բնակվում են մեկ սենյակում` անկախ բնակելի մակերեսից:

Ըստ նախագծի՝ ծրագրից օգտվելու առաջնահերթություն է տրվելու նաեւ երեխա ունեցող ու Հայաստանի մարզերի սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի ընտանիքներին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց, ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված ընտանիքներին, ամսական մինչեւ 500 հազար դրամ եկամուտ ունեցող ընտանիքներին, բայց ոչ պակաս, քան բնակարանով ապահովման ծրագրի համապատասխան ենթածրագրի շրջանակներում նախատեսված ամսական վճարվող գումարի եռապատիկ չափը: Առաջնահերթություն է տրվելու նաեւ զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների, ազատամարտիկների ընտանիքներին, որոնք կառավարության համապատասխան որոշմամբ բնակարանային պայմանների բարելավման նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն չեն ստացել:

Հիփոթեքով բնակարան ձեռք բերելու պայմանագրի ժամկետը նախագծով սահմանված է 10-30 տարի, բնակարանների առավելագույն արժեք է սահմանված 10-15 միլիոն դրամը:
Իսկ որ ամենակարեւորն է եւ ամենաուրախալին՝ այս ծրագրից կարող են օգտվել միջին եկամուտ ունեցող ընտանիքները, ընդ որում՝ առանց կանխավճարի:

Բնակարանով ապահովման ծրագրում նաեւ նախատեսված են վճարումների կատարման անհնարինության առանձին դեպքերում այդ վճարների տարկետման առանձնահատուկ տարբերակներ ու ժամկետներ` այդ ընթացքում պահպանելով շահառուի` բնակարանի օգտագործման իրավունքը:

Ծրագրով բնակարանի գնորդի համար պետությունն է հանդես գալիս որպես երաշխավոր՝ եռակողմ պայմանագրով: Ըստ նախագծի՝ բնակարանի կարիք ունեցող անձի կողմից նոր կառուցված, կառուցվող կամ անշարժ գույքի երկրորդային շուկայից ձեռք բերված բնակարանի հիփոթեքային վարկը կարող է սուբսիդավորվել, հիփոթեքային վարկ տրամադրած բանկին կամ ֆինանսական այլ կազմակերպությանը տրամադրվում է պետական երաշխիք` պայմանագրով սահմանված ժամկետով: Հիփոթեքային վարկի տոկոսի մի մասը պայմանագրով սահմանված ժամկետով փոխհատուցվում է բանկին կամ ֆինանսական այլ կազմակերպության` Հայաստանի պետական բյուջեի միջոցներից: Բացի հիփոթեքային վարկի տոկոսի փոխհատուցումից, շահառուի ընտանիքի անդամների եկամտից վճարված եկամտային հարկն ամբողջությամբ կվերադարձվի ընտանիքին:
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրով նախատեսված է նաեւ առողջապահական եւ կրթական ենթածրագրեր, որոնք կարող են շահառուներին բավականին լուրջ աջակցություն լինել եւ ապրելու հոգսը թեթեւացնել: Ընդհանրապես, ծրագիրն ուսումնասիրելիս այն կարելի է գնահատել գերազանց, քանի որ ժողովրդագրական խնդրին համակարգային լուծում է առաջարկվում՝ միայն թե այն ընդունվի առանց փոփոխությունների եւ իսկապես տեղը տեղին իրականացվի:

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
27.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031