Շանթ Ոսկերչյան. «Եթե այդպես շարունակեին, գնալու էի Եվրադատարան»

Շանթ Ոսկերչյան. «Եթե այդպես շարունակեին, գնալու էի Եվրադատարան»

Ֆրանսահայ քաղաքական գործիչ Շանթ Ոսկերչյանը հայտարարեց, որ իրենց կառույցները սփյուռքում աշխատում են, որ այնտեղից գումար չփոխանցվի Հայաստան համահայկական հիմնադրամին:

«Նոյյան տապան» մամուլի սրահում «Հայկական վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Շանթ Ոսկերչյանը պատճառաբանեց, թե Հայաստան համահայկական հիմնադրամն իրենց կարծիքով` «Հայաստան օլիգարխական հիմնադրամ է», քանի որ սփյուռքի գումարները, որոնք փոխանցվում են այդ հիմնադրամին, ի վերջո հասնում են Հայաստանի օլիգարխներին:

Դիտարկմանը` հիմնադրամն ունի պատկառելի հոգաբարձուների խորհրդի կազմ, մի՞թե վստահելի չէ այդ կառույցը, պարոն Ոսկերչյանն արձագանքեց. «Հենց սկզբից այդ հիմնադրամը սխալ սկզբունքներով է ծնվել: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են երկու նախագահները` Հայաստանի և Արցախի, որոնք նշանակովի են, երկու կաթողիկոսները, որոնք ևս ընտրված չեն: Այս հոգաբարձուների խորհրդի վրա ի՞նչ վստահություն»:

Հարցին` մի՞թե այդպիսով վնաս չեն տալիս ՀՀ-ին, չէ՞ որ այդ քարոզչության պատճառով հիմնադրամը տարեցտարի ավելի քիչ գումար է հավաքում, պարոն Ոսկերչյանը պատասխանեց. «Մեր հիմնադրամն այդ գումարները ուղղորդում է Հայաստանում տարբեր խնդիրների լուծմանը: Օրինակ` անհատապես օգնել ենք ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր հերոսների ընտանիքներին»:

Պարոն Ոսկերչյանը հավաստիացրեց, թե իրենք խնդիր են դրել փրկել այս Հայաստանը, այնուհետև մտածել միացյալ Հայաստան ստեղծելու մասին: Շանթ Ոսկերչյանը պնդեց, թե սփյուռքահայերը ևս ունեն իրավունք մասնակցելու Հայաստանի ներքաղաքական կյանքին: Այնուհետև հավաստիացրեց, թե «Հայաստանում ընտրություններով որևէ բան փոխել հնարավոր չէ»: Սփյուռքահայ գործիչն առանձնացրեց, թե միայն առաջին նախագահի ընտրությունները չեն կեղծվել: Այս առիթով նա նշեց. «Այս 25 տարիների ընթացքում եթե Հայաստանն ունենար նախագահ, որը մտածում էր երկրի մասին, Հայաստանը եվրոպական շատ երկրներից առաջ կլիներ»:

Պարոն Ոսկերչյանը անդրադարձ կատարեց նաև իրեն` ժամանակին Հայաստան մուտքի արտոնագիր չտրամադրելու փաստին, երբ ԱԱԾ-ն նրա տվյալները ներառել էր ՀՀ-ի համար անցանկալի օտարերկրացիների ցանկում` համարելով, որ Ոսկերչյանը կարող է սպառնալ ՀՀ ազգային անվտանգությանը: Ներկայումս պարոն Ոսկերչյանն ունի իրավունք մուտք գործել Հայաստան:

Այս առիթով նա ասաց. «ԱԱԾ-ի պետ նշանակված այս երիտասարդն ավելի ողջախոհ է, քան պարոն Հակոբյանը: Ինչ վերաբերում է ինձ Հայաստան մուտք գործել թույլ չտալուն, ապա եթե իրենք շարունակեին այդ ճանապարհով, կգնայի մինչև Եվրադատարան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք