Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» հիմնադրամի հաշվետու այցելություններն արցախյան ծրագրեր

Մայիս 30,2016 17:31

Երեւան, մայիսի 30, 2016թ.: «Հայաստան» հիմնադրամի շուրջ 40 հոգուց բաղկացած պատվիրակությունը՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ, մայիսի 28-ին, մեկնել է Արցախ՝ ծանոթանալու հաշվետու տարում իրականացված ծրագրերին: Ուղեւորությունը Վարդենիս-Մարտակերտ ճանապարհով նպատակ ուներ նաեւ պատվիրակության անդամներին ներկայացնել ճանապարհի, ինչպես նաեւ Գետավանում /ԼՂՀ Մարտակերտի շրջան/ կառուցվող համայնքային կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքը:

Երեկ՝ մայիսի 29-ին, պատվիրակությունը եղավ Մարտունու շրջանում, որտեղ հանդիսավորությամբ բացեց Մուշկապատ գյուղի նորակառույց համայնքային կենտրոնը, որի կառուցումը համաֆինանսավորել են Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինն ու ԼՂՀ կառավարությունը: Բացման հանդիսությանը հաջորդեց այցելություն Կարմիր Շուկայի համայնքային կենտրոն, որը եւս կառուցվում է Ֆրանսիայի հայ համայնքի հանգանակած միջոցներով: Վերջին տարիներին Արցախում նման ութ կենտրոն է կյանքի կոչվել ֆրանսաբնակ մեր հայրենակիցների հովանավորությամբ: Այս երկհարկանի համայնքային կենտրոնները հնարավորություն են տալիս մեկ հարկի տակ կենտրոնացնել գյուղապետարանը, բուժկետը, ինչպես նաեւ գյուղացիների ժամանցն ապահովող գրադարանը, համակարգչային սենյակը, խաղասենյակը եւ հանդիսությունների սրահը:

Այսօր` մայիսի 30-ին, պատվիրակությունը պաշտոնապես բացեց Իվանյան համայնքի /Ասկերանի շրջան/ նորակառույց մանկապարտեզը: Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի հովանավորությամբ եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ կյանքի կոչված կրթօջախը երկար սպասված նվեր էր 1450 բնակիչ ունեցող համայնքի համար, որը 1992թ.-ի ազատագրումից ի վեր մանկապարտեզի կարիք ուներ: Նորակառույցը՝ գունեղ ու գրավիչ հարդարանքով, ժամանակակից հարմարություններով, կենտրոնացված ջեռուցմամբ, բարեկարգ բակով, խաղահրապարակով, կրթության եւ խնամքի համար վայելուչ պայմաններ է ապահովում ավելի քան 60 երեխայի համար: Բացման արարողությանը հաջորդեց պատվիրակության այցելությունը մանկապարտեզի հարեւանությամբ կառուցվող համայնքային կենտրոն, որը եւս տորոնտոհայերի նվերն է արցախցիներին:

Ivanyan-Kindergarten

Մայրաքաղաք Ստեփանակերտում պատվիրակությունն այցելեց թիվ 9 միջնակարգ դպրոց, որը վերակառուցվում է Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի բարերար Ջերալդ Թուրփանջյանի հովանավորությամբ եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Կրթօջախը, որտեղ ուսանում է 385 աշակերտ, ապահովում է հանրակրթական, ներառական, ինչպես նաեւ խոսքի ու լսողական խանգարումներ ունեցողների համար հատուկ կրթություն: 53 սան էլ նախադպրոցական կրթություն է ստանում այստեղ:

Ստեփանակերտում պատվիրակությունը ծանոթացավ նաեւ ուռուցքաբանական կենտրոնի լայնածավալ շինարարական աշխատանքներին: Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվող կենտրոնն իր տեխնիկական հագեցվածությամբ հնարավորւթյուն կտա իրականացնել ոլորտի բուժական եւ ախտորոշիչ արդի միջամտություններ:

Վաղը՝ մայիսի 31-ին, արցախյան այցելությունների ավարտին, պատվիրակությունը կhյուրընկալվի Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում, որի հարկի տակ արդեն մեկ տարի է, ինչ ուսանում են Արցախի տարբեր շրջաններից եկած պատանիներ: Արցախում շինարարական արհեստների միակ մասնագիտական այս կրթօջախը կառուցվել է Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ /Եզնիկ Մոզյանի կտակով/՝ օգտագործելով Ֆրանսիայի նմանատիպ հաստատությունների օրինակը: Ուսումնարանը նախատեսված է 450 ուսանողի համար, ովքեր եռամյա հանրակրթական ու մասնագիտական կրթություն ստանալուց հետո կլրացնեն Արցախում որակյալ շինարարների պահանջարկը: Ծրագիրը համաֆինանսավորել է ԼՂՀ կառավարությունը:

 

 «Հայաստան» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031