Լրահոս
Օրվա լրահոսը

«Դպրոցներում հարստացված ալյուրից սնունդ այլևս չի բաժանվի»

Մայիս 30,2016 17:36

Քաղաքացիների դիմումով՝ Հանրապետության որոշ մարզերի դպրոցներում առանց ծնողների գիտության և համաձայնության հարստացված ալյուրից պատրաստված հացամթերքով երեխաներին կերակրելու խնդրի վերաբերյալ դիմել էի վարչապետին՝ առաջարկելով անհապաղ միջոցներ ձեռք առնել քիմիկատներով ֆորտիֆիկացված ալյուրից սնունդը դպրոցներում արգելելու ուղղությամբ: 

Այսօր ստացել եմ կրթության և գիտության նախարարի պատասխանն առ այն, որ «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում ներկրված ալյուրի պաշարների սպառումից հետո հարստացված ալյուրի ներկրումը կասեցվել է և դպրոցներին հարստացված ալյուր չի մատակարարվում: Նույն կազմակերպությունից այժմ ստացվում է ալյուր՝ առանց հավելանյութերի, քանի որ հասարակության դիմադրության շնորհիվ ցորենի ալյուրի հարստացման մասին օրենքի
ընդունումը հետաձգվեց անորոշ ժամկետով:»

1

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Աբրահամյան,

Դեռ նախորդ տարվա ապրիլին մամուլում հրապարակվել են տեղեկություններ որոշ դպրոցներում երեխաներին հարստացված ալյուրից թխված հացով կերակրելու վերաբերյալ: Մասնավորապես, հայտնվում էր, որ «Պարենի համաշխարհային ծրագիրը» (ՊՀԾ) Հայաստանում կրթության և գիտության նախարարության աջակցությամբ 2010 թվականից իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որով ՊՀԾ-ն Գեղարքունիքում, Տավուշում, Լոռիում, Շիրակում, Արագածոտնում և Արմավիրում, տարրական դասարանների 50.000 աշակերտների տալիս է սննդարար տաք ապուր կամ շիլա ու հաց:

«Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնությունն այս կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դպրոցներին տրվող ալյուրը ռուսական «Алтайские мельницы» ընկերության արտադրանքն է, որը նաև ֆորտիֆիկացված ալյուր է արտադրում՝ արտահանման նպատակով: Պարզվել է, որ վերոնշյալ դպրոցների երեխաները, առանց ծնողների համաձայնության, արդեն 5 տարուց ավելի է, ինչ կերակրվում են ալյուրի հետ խառնած պրեմիքսներով, ինչպես նաև սինթետիկ դեղանյութերով, որոնց թվում է ֆոլաթթուն:

Այս առնչությամբ որևէ որոշակի պատասխան առողջապահության, ինչպես նաև կրթության և գիտության նախարարությունների կողմից այդպես էլ չեն ստացվել:
Այն հանգամանքը, որ ռուսական ընկերության կողմից արտադրված հարստացված ալյուրը միայն արտահանվում է և չի իրացվում ռուսական ներքին շուկայում, մեղմ ասած՝ հարցադրումներ է առաջացնում:

Մյուս կողմից, Հայաստանում հարստացված ալյուրի վերաբերյալ օրենքի նախագծի ընդունումը մեծ դիմադրության հանդիպեց հասարակության, այդ թվում նաև ոլորտի մասնագետների կողմից, ովքեր ծանրակշիռ հիմնավորումներ են բերում ընդդեմ հատկապես ֆոլաթթվով հարստացված ալյուրի օգտագործման:
Երրորդ, «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով տրվող բնորոշումներից հետևում է, որ սննդային հավելումները ևս դեղ են, որոնք փաստորեն առանց ծնողների գիտության և/կամ համաձայնության տրվել և տրվում են իրենց երեխաներին:

Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով՝ Ռուսաստանը 2016-2017 թվականներին մինչև 7 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում կկատարի ՄԱԿ-ի ՊՀԾ հիմնադրամում՝ Հայաստանի դպրոցներում կայուն սննդի համակարգի զարգացման համար ։ Իմ ստացած տեղեկությունների համաձայն՝ նշված ծրագրի հիմնական նպատակներից է ալյուրի հարստացման ծրագրի շարունակումը:
Ինձ դիմած բազմաթիվ քաղաքացիներ, ում երեխաները հաճախում են վերոնշյալ դպրոցները, արդարացիորեն վրդովված են իրենց երեխաներին առանց իրենց գիտության և համաձայնության հարստացված ալյուրից թխված հացով և այլ սննդով կերակրելու փաստի առթիվ ու պահանջում են դադարեցնել հարստացված ալյուրից պատրաստված մթերքի վաճառքը և/կամ անվճար տրամադրումը դպրոցում:
Տեղեկացնում եմ նաև, որ նրանցից շատերը համոզված են, որ առանց ծնողի համաձայնության երեխային սննդային հավելումներով հարստացված սննդով կերակրելը հանցագործություն է:

Հաշվի առնելով վերոշարադրյալը և հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի (ը) կետը՝ խնդրում եմ հայտնել, թե արդյո՞ք կառավարությունը տեղյակ է խնդրի մասին, ի՞նչ քայլեր են մինչ այժմ ձեռնարկվել դպրոցականներին հարստացված ալյուրից պատրաստված հացով ու այլ մթերքով կերակրելն արգելելու ուղղությամբ, եթե այդպիսիք առհասարակ ձեռնարկվել են; եթե ոչ, ապա խնդրում եմ հանձնարարել անհապաղ ձեռնարկել միջոցներ՝ դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում հարստացված ալյուրից պատրաստված մթերքով երեխաներին կերակրելն արգելելու ուղղությամբ:
Շնորհակալություն համագործակցության համար:

Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031