Լրահոս
Օրվա լրահոսը

«Երջանիկ մանկության առասպելը գոնե այս երեխաների դեպքում չի գործում». Միրա Անտոնյան

Մայիս 30,2016 22:07

«Հայաստանում այսօր մոտ 830 հազար երեխա կա, որոնց մոտավորապես կեսն ապրում է զրկանքների մեջ, աղքատության գծից ներքև»,- «Նոյյան տապան» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի նախագահ Միրա Անտոնյանը:

Նրա փոխանցմամբ՝ նախորդ տարի իրենց կենտրոնում ապաստան է գտել 200 երեխա. «Մտահոգիչ է, որ գնալով շատանում են այն երեխաները, որոնց ծնողները հոգեկան առողջության խնդիրներ ունեն: Այդ երեխաները գալիս են մեր կենտրոն այն պատճառով, որ նման խնդիրների պատճառով ծնողները չեն կարողանում հոգ տանել իրենց համար: Բանը նրանում է, որ հոգեկան առողջության խնդիրները գրեթե անլուծելի են Հայաստանում: Չկան կենտրոններ, ծառայություններ, որոնք կկարողանային աշխատել այդպիսի խնդիրներ ունեցող մեծահասակների հետ: Արդյունքում՝ երեխաներն իրենց մաշկի վրա են զգում ծնողների առողջական խնդիրների հետևանքները՝ մի դեպքում դառնալով տուժող, մյուս դեպքում՝ վկա»,- ասաց Միրա Անտոնյանը:

Մտահոգիչ հաջորդ խնդիրը, ըստ նրա, երեխաների՝ կրթությունից դուրս մնալն է. «Մեր կենտրոնում ապաստանած երեխաների ավելի քան 40%-ը մեկ տարի և ավելի տևողությամբ դուրս են մնացել կրթությունից: Երեխաներ կան, որոնք 14-15 տարեկանում երբևէ դպրոց չեն հաճախել»,- նշեց «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի նախագահը:

Նրա առանձնացրած կարևորագույն մյուս խնդիրն ընտանիքներով անապաստան մնալն է. «270 երեխաների 60%-ից ավելին իրենց ընտանիքների հետ միասին ի վիճակի չեն ապաստանի վճար տալ, չունեն կայուն բնակավայր ու ստիպված են անընդհատ տեղից տեղ գնալ: Այլ խոսքով ասած՝ երեխաները լրջորեն տուժում են այն հանգամանքից, որ Հայաստանում սոցիալական բնակարանի հարցը շարունակում է խնդրահարույց մնալ»,- ասաց Մ. Անտոնյանը՝ ընդգծելով, որ երջանիկ մանկության առասպելը չի գործում գոնե իր նշած երեխաների դեպքում:

«Ռիսկայնության տեսանկյունից ՀՀ-ում երեխաներն ավելի խոցելի են աղքատության առումով, քան ամբողջ բնակչությունը միասին վերցրած»,- հավելեց «Վորլդ Վիժն-Հայաստանի» Երեխաների պաշտպանության և կրթության ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը:

Դառնալով աղքատության մեջ ապրող երեխաների խնդիրներին՝ նա թվարկեց դրանցից մի քանիսը. «Այս երեխաներն ավելի հաճախ են կրթությունից դուրս հայտնվում, ավելի մեծ է հավանականությունը, որ նրանք կներգրավվեն մուրացիկության և ապօրինի աշխատանքներում: Բազմաթիվ են ուսումնասիրությունները, ըստ որոնց՝ սոցիալապես անապահով պայմաններում ծնված ու մեծացած երեխաներն ավելի վաղ տարիքում են ամուսնանում, և աղքատության շղթան, ըստ էության, այդպես էլ չի կտրվում»,- նշեց Աիդա Մուրադյանը:

Նրա համոզմամբ՝ քանի որ աղքատությունն ինչ-որ բանի հետևանք է, ապա, պայքարելով հետևանքի դեմ, որևէ դրական արդյունքի հնարավոր չէ հասնել. «Դրա համար այնքան էլ նպատակային չեն լինում գումարները, որոնք պետական ու հասարակական կազմակերպությունները ծախսում են աղքատության դեմ պայքարելու համար: Պետք է պայքարել պատճառների դեմ»,- ընդգծեց նա:

«Աղքատությունը կյանքի միակ դժվար իրավիճակը չէ, իհարկե,- նկատեց «Ընտանիք և համայնք» ՀԿ նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը.- կան երեխաներ, որոնք ընտանիքում տարբեր խնդիրներ ունեն, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաներ կան: Հիմա նաև պատերազմի պատճառով տեղահանված երեխաներ ունենք… Կյանքի դժվար իրավիճակները բազմաթիվ են, բայց, ցավոք, շատ քիչ բան ունենք դրանցում հայտնված երեխաներին օգնելու համար»:

Նա գտնում է, որ դժվար իրավիճակներում հայտնված ավելի քիչ երեխաներ ունենալու համար շեշտը պետք է դնել կանխարգելման վրա. «Սակայն այդ փուլն անտեսվում է. «սպասում ենք», որ երեխան հայտնվի այդպիսի իրավիճակում, նոր միայն մտածենք միջամտելու մասին: Մինչդեռ, պետք է փորձենք պետության ուշադրությունը սևեռել կանխարգելման ծրագրերի վրա, որոնք ուղղված կլինեն ոչ միայն երեխային, այլև ընտանիքին: Սա նշանակում է, որ համայնքներում պետք  է ունենանք համապատասխան ծառայություններ, որոնք կկանգնեն ոչ միայն դժվար իրավիճակում գտնվող, այլև բոլոր ընտանիքների կողքին, որպեսզի քիչ թե շատ բարվոք վիճակում գտնվող ընտանիքը հանկարծ չհայտնվի դժվար իրավիճակում, իսկ արդեն հայտնվածին էլ «ձգեն» ավելի բարեկեցիկ վիճակի»,- եզրափակեց Քնարիկ Գարանֆիլյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031