«Մենք ունենք բուհեր, որոնց ուսանողների թիվը մինչև 100-ի է հասնում, ինչը լուրջ չէ». Լևոն Մկրտչյան

«Մենք ունենք բուհեր, որոնց ուսանողների թիվը մինչև 100-ի է հասնում, ինչը լուրջ չէ». Լևոն Մկրտչյան

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը գտնում է, որ մեր համալսարանների զգալի մասը լիցենզիոն պայմաններին հավասար ուսանողների թվաքանակ պետք է ապահովի, քանի որ բուհական համակարգի որակը նախևառաջ կախված է թվակազմից. «Սա միայն ոչ պետական հաստատություններին չի վերաբերում. պետական շատ բուհեր ևս ունեն ուսանողական թվակազմի խնդիր: Բուհական համակարգն այն համակարգերից է, որտեղ քանակը նաև որակ է ապահովում, և շատ փոքր թվով ուսանողների առկայությունն ուղղակի թույլ չի տալիս բարձրագույն կրթական լուրջ ծրագրեր իրականացնել: Ցավոք, մենք ունենք բուհեր, որոնց ուսանողների թիվը մինչև 100-ի է հասնում, ինչը լուրջ չէ, և այս իմաստով մենք պետք է նորից խստացնենք լիցենզիոն պայմաններն ու օրենքով այս ամենը կանոնակարգենք»,- Հյուսիսային համալսարանում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լ. Մկրտչյանը, որը նույնպես մասնակցում էր Հյուսիսային համալսարանի հիմնադրման 20-ամյակի առթիվ կազմակերպված «Հյուսիսային համալսարանի դիմակայությունը 21-րդ դարի մարտահրավերներին» խորագրով գիտական խորհրդի ընդլայնված նիստին:

«Օրենքի առջև հավասար են բոլոր համալսարանները,- լրագրողների հետ զրույցում շարունակեց նա.- մասնավոր, պետական բուհական համակարգի ձևաչափը հիմնադրի մեջ է՝ մի դեպքում պետությունը հանդես է գալիս որպես հիմնադիր, և այդ դեպքում նրանք շահույթ չեն հետապնդում, իսկ մասնավոր համալսարանների մեծ մասը ՍՊԸ-ներ են և շահույթի նպատակ ունեն: Հիմա պետք է փորձենք օրենքով մի քիչ ավելի կատարելագործել այդ ձևաչափը՝ վերականգնելով ինստիտուտ, համալսարան հասկացությունները և հնարավորություն տալով, որ բուհն ինքը, անկախ սեփականության ձևից, կարողանա ընտրել՝ ինքը շահույթի նպատակ պե՞տք է հետապնդի, թե՞ ոչ: «Բարձրագույն կրթության մասին օրենքի» շրջանակներում այդ ձևաչափի վրա հիմա արդեն աշխատում ենք»:

Լ. Մկրտչյանի համոզմամբ՝ պետությունը կարող է իր քաղաքականությամբ նպաստել, որ խոշորացման գործընթացներ գնան թե´ պետական, թե´ ոչ պետական բուհական համակարգերում. «Բուհերը պետք է այդ առավելությունը գիտակցեն, երբ կմտնեն ցանցային կառույցների մեջ: Մենք խոսում ենք, չէ՞, որ ԱՊՀ երկրներում համալսարանական ցանցային կառույց ենք ստեղծում, սակայն մեր ներսում դեռևս չենք կարողացել ձևավորել համալսարանական ցանցային կառույցներ, որտեղ ուսանողները կկարողանան ազատ տեղաշարժվել, կրեդիտների փոխանակում անել, մասնագիտություն ավելացնել կամ պակասեցնել: Առաջիկայում մեր հիմնական խնդիրը սա պետք է լինի, մենք պետք է սրանով զբաղվենք»,- ընդգծեց նախարարը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք