Դրամահավաք՝ ապրիլյան պատերազմից տուժած կանանց եւ երեխաների համար. (Տեսանյութ)

Դրամահավաք՝ ապրիլյան պատերազմից տուժած կանանց եւ երեխաների համար. (Տեսանյութ)

Ապրիլյան մարտական գործողություններից տուժած կանայք եւ երեխաները հոգեբանական աջակցության կարիք ունեն:

Պատերազմից տուժած շատ կանայք իրենց ընտանիքներով 2-3-րդ անգամ են տեղահանվում, եւ դեռ առաջին տեղահանման հետեւանքով հոգեբանական ցնցումներից ուշքի չեկած, վերքերը դեռ չապաքինված, կրկին նույն իրավիճակում են հայտնվել: Ընդ որում, այս կանայք նշում են՝ իրենց երեխաների հոգեբանական տրավմաների մասին, ու նկատում՝ «Մենք հասկանում ենք ինչ է կատարվում մեր երեխաների հետ, մենք էլ նույնն ապրել ենք, բայց չգիտենք՝ ինչ տեսակի օգնություն ցուցաբերենք»:

Այս մասին այսօր կազմակերպած միջոցառման ժամանակ ասաց կանանց ռեսուրսային կենտրոնի  խաղաղարար ծրագրերի համակարգող Քնարիկ Մկրտչյանը: Նրա ներկայացմամբ՝ կենտրոնի կատարած հետազոտությունների ժամանակ Արցախի կանայք պնդել են, որ իրենց հարկավոր է հոգեբանի օգնություն:

Այս խնդիրը լուծելու համար կանանց ռեսուրսային կենտրոնի Շուշիի մասնաճյուղը դրամահավաք է սկսել:

Մանրամասները` տեսանյութում

Կենտրոնի մասնագետների ներկայացմամբ՝ գումարը հարկավոր է համապատասխան հմտություններ ունեցող հոգեբաններին ներգրավելու, ինչպես նաեւ տեղում  մասնագետներին ուսուցանելու համար, որպեսզի հնարավոր լինի պատերազմից տուժած կանանց եւ երեխաներին աջակցել:

«Կանանց ցուցաբերվող օգնությունը կամ բացակայում է, կամ խիստ մասնակի է կատարվում: Այս արշավը սկսելու հանգամանքներից մեկն էլ այն է, որ հիմնականում թիրախավորված են իրենց զավակներին կորցրած մայրերը, այն էլ աշխատանքներն Արցախում կարճաժամկետ են, կամ չեն իրականացվում: Եթե կա հոգեբանական ծառայություն, թիրախավորվում են կամ վիրավոր զինվորները կամ երեխաները, կանայք դուրս են մնում: Մեր ամենակարեւոր նպատակներից մեկը գենդերային զգայուն օգնություն ցուցաբերել, ոչ թե կարճաժամկետ աշխատանք տանել»,-ասաց Քնարիկ Մկրտչյանը:

Aravot.am-ի այն հարցին՝ ինչո՞ւ  հենց դրամահավաքին դիմում, արդյոք դիմել են Արցախի կառավարությանը՝ ֆինանսական աջակցության համար, Քնարիկ Մկրտչյանն ասաց, որ Արցախի կառավարությունը խնդիրը կարեւում է, բայց նրանց համար առաջնային խնդիրը մարդասիրականն է՝ ապաստանների տրամադրում, սնունդ, հագուստ, այս ամենը կազմակերպելուց հետո՝ նոր կանցնեն հոգեբանական աջակցության խնդրի լուծմանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կանանց ռեսուրսային կենտրոնի Շուշիի մասնաճյուղի ներկայացուցիչ Գայանե Համբարձումյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց՝ հիմա Արցախում պատերազմից տուժած շատ կանայք անելանելի վիճակում են՝ ամուսիններն առաջնագծում են, իրենք երեխաների հետ կամ բարեկամների տանն են, կամ հյուրանոցներում.«Մյուս կողմից էլ կառավարությունն ասում է՝ կարող եք վերադառնալ ձեր նախկին բնակավայրեր, սակայն նրանց անվտանգությունը չի ապահովվում»:

Այս կենտրոնը, Համբարձումյանի ներկայացմամբ՝ զբաղվում է Արցախում ընտանեկան բռնությունից տուժած կանանց խնդիրներով:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք