Պահանջվում է ֆոտոշոփի մասնագետ, գեոդեզիստ, մակարոնագործ….

Պահանջվում է ֆոտոշոփի մասնագետ, գեոդեզիստ, մակարոնագործ….

Մայիսի 31-ին Նոյեմբերյան քաղաքի «Սամ» հանրախանութին կից սրահում կայացավ աշխատանքի տոնավաճառ: Այն նախաձեռնել էր «Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարության Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնի հետ:

Նոյեմբերյանի տարածաշրջանի 30 գործատուներ ներկայացրել էին տեղեկություններ իրենց գործունեության վերաբերյալ, զբաղվածություն չունեցող անձանց իրենց կողմից առաջարկվող աշխատատեղերի ցանկը: Թափուր աշխատատեղերի ցանկը մեծ էր՝ դերձակ, դիզայներ, խոհարար, մատուցող, ձեռքի աշխատանքի մասնագետ, հոգեբան, ֆոտոշոփի մասնագետ, կոսմետոլոգ, երաժշտության դասատու, գեոդեզիստ, չափագրող, մակարոնագործ, հացթուխ, թարգմանիչ եւ այլն: Ներկա էին աշխատանք փնտրող բազմաթիվ երիտասարդներ:

Tonavachar Noemberyan_1

«Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղի տնօրեն Լուսինե Անտոնյանը նշեց, որ աշխատանքի նախորդ տոնավաճառը Նոյեմբերյանում տեղի է ունեցել 2 տարի առաջ, այս միջոցառումը նախորդից տարբերվում է նրանով, որ հնարավորություն է տալիս գործատուի եւ աշխատանք փնտրողի միջեւ անմիջական հաղորդակցություն, այդ կերպ թափուր աշխատատեղերի համալրում:

Նա նշեց, որ աշխատանք գտնելը նույնպես աշխատանք է: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը գործազրկության հաղթահարման գործում կարեւորեց աշխատանքի տոնավաճառները: Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Սամվել Բուդաղյանը հայտնեց, որ նախորդ՝ 2 տարի առաջ կայացած աշխատանքի տոնավաճառն արդյունավետ էր, դրա միջոցով 35 մարդ աշխատանքի է տեղավորվել:

Նա նշեց, որ իրականացվում է զբաղվածության պետական 11 ծրագիր: Ս. Բուդաղյանը գործատուներին հորդորեց չխուսափել հաշմանդամներին աշխատանքի ընդունելուց, նշելով, որ իրենց կենտրոնն իրականացրել է հաշմանդամների մասնագիտական ուսուցման, նրանց աշխատանքի ընդունմանն աջակցելու ծրագրեր:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք