«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնից հակադարձում են ԱԱԾ-ին

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնից հակադարձում են ԱԱԾ-ին

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանն անդրադառնում է ԱԱԾ մամուլի կենտրոնի պարզաբանմանը՝ «Պետական գնումների մոնիտորինգային հաշվետվություն. Արդյունավետության բարձրացման առաջարկներ» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ հնչած հայտարարության վերաբերյալ:

Ըստ ԱԱԾ պարզաբանման` «Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների մոնիտորինգի փորձագետը հայտարարել է, թե Ազգային անվտանգության ծառայությունը մեկ ամսվա համար մեծ քանակի սննդամթերք է գնել, եւ որ այն բավական է մի ամբողջ բանակ կերակրելու համար: Հայտարարությունը, որը մեր կարծիքով վրիպման հետեւանք է, լրատվամիջոցներում տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է դարձել, որի կապակցությամբ պարզաբանում ենք, որ նշված քանակի սննդամթերքը նախատեսված է ոչ թե մեկ ամսվա, այլ ամբողջ տարվա համար:

Գնումը կատարվելու է «Գնումների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում եւ դրա մասին պայմանագրերը, հայտարարություններն ու հաշվետվությունները պատշաճ կարգով ներկայացված են gnumner.am պաշտոնական կայքում: Հայտնում ենք նաեւ, որ նշված սննդամթերքը նախատեսված է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի անձնակազմի պարենային բավարարման համար»:

Հիշեցնենք, որ «Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տվյալների համաձայն, Ազգային անվտանգության ծառայությունը մեկ ամսվա համար գնել է 17 տոննա շաքարավազ, 4, 5 տոննա մարգարին, 6 տոննա կերակրի աղ, 40 կգ դափնու տերեւ եւ այլն։

«Մենք չենք ասել Ազգային անվտանգության ծառայությունը մեկ ամսվա համար է մեծ քանակի սննդամթերք  գնել, ասել ենք՝ ուսումնասիրել ենք եւ փետրվարի ամսական շրջանակային համաձայնագրով ձեռքբերվող ապրանքատեսակների   մեջ նկատել ենք նման գնումներ: Տեղեկատվություն, թե դա մեկ տարվա համար է, թե մեկ ամսվա համար, չկա: Շատ շնորհակալ ենք, որ նրանք պարզաբանում են, որ դա մեկ տարվա համար է, բայց իրենց պարզաբանումն էլ ոչինչ չի փոխում: Օրինակ` մեղրը սահմանապահ ռուսները ստանում են, իսկ մեր զինվորը չի ստանում: Այսինքն, այստեղ էլ բանակի նկատմամբ մոտեցման ու ԱԱԾ սահմանապահ ռուսական զորամասի նկատմամբ մոտեցման տարբերությունն է ակնհայտ:

Ով է ասել, որ մեղրը իրենց սննդակարգի մեջ պետք է մտնի: Մենք խոսել են միջնորդավորված գնումների մասին, մասնավորապես, կերակրի աղը մատակարարում է  մի ընկերություն, այն դեպքում, երբ աղի կոմբինատ կա, ինչն էր խանգարում, որ միանգամից աղի կոմբինատից ձեռք բերվեր ու ավելի մատչելի:Այսինքն, այն խնդիրները, որոնք կային, մնում են, այնպես չէ էլի, որ իրենց պարզաբանմամբ հարցը փակվում է, էլի հարցեր կան»,- ասաց Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք