Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Բաբայանի գործողությունների ճշմարտացիությունը ժամանակն է ցույց տվել». Արմեն Մարտիրոսյան

Մայիս 31,2016 23:13

«Սամվել Բաբայանը բոլոր իրավունքներն ունի քաղաքական հայտ ներկայացնելու: Բացի դա, ակնհայտ է իր անցած ուղին, նաեւ կազմակերպչական մեծ փորձը: Բայց չեմ կարծում, որ քաղաքական դաշտ նորից մտնելիս նա այսպես ուղերձների տեսքով պետք է հանդես գա, որ ենթադրենք կամ չենթադրենք: Որպես զինվորական՝ նա շատ ուղիղ կասի, ինչպես ժամանակին «Դաշինք» կուսակցությունը ստեղծեց՝ առանց սեթեւեթանքների, նույնն էլ հիմա»,- Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ Սամվել Բաբայանի հարցազրույցից կարո՞ղ ենք ասել, որ սա քաղաքական դաշտ վերադառնալու հայտ է՝ այսպես պատասխանեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա գտնում է, որ Սամվել Բաբայանը, եթե փորձի էլ քաղաքականությամբ զբաղվել՝ ոչ մի խնդիր չկա, թող զբաղվի. «Այնպիսի մարդիկ են ՀՀ-ում քաղաքականությամբ զբաղվել, որ այս դեպքում քննարկելը բացարձակ ճիշտ չէ»:

Սամվել Բաբայանն ասել էր, որ «նորմատիվ կա՝ լեռնային գոտիներում 20-25 մետրի վրա  մեկ  զինվոր են պահում, հարթավայրային տարածքում պահում են 10-15: Մենք չպետք է թույլ տանք, որ հակառակորդը ախորժակ բացի դիվերսիոն գործողությունների: Հակառակորդը հետեւում է, մեր դիրքերը ու տեսնում է, որ 10-15 մետրի փոխարեն մեր դիրքերի հեռավորությունը 50-100  մետրի վրա է, իհարկե, իր ախորժակը բացվելու է: Մեր հետեւակը պետք է հակառակորդին պահեր 300-500 մետրի վրա, թույլ չտար, որ մոտենա: Բացատրություն չի, թե մարդկային ռեսուրսներ էդքան չկան»:

Այս առնչությամբ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ արհեստավարժ շատ զինվորականներից է լսել, որ երբ ժամանակին՝ 94-ին պատերազմը դադարեցվեց՝ հայկական եւ ադրբեջանական դիրքերի միջեւ մի քանի 100 մետր տարածություն է եղել. «Հետո այդ տարածությունը քանի գնացել, կրճատվել է Ադրբեջանի կողմից, ինչը բերեց նրան, որ մենք անընդհատ դիվերսիաների փորձեր ենք տեսնում, անընդհատ այդ ախորժակն ենք տեսնում: Իր ասածը դա է, որ եթե մենք թույլ չտայինք իրենք մի քանի 100 մետրից ավելի մոտենային, նման իրավիճակ չէր առաջանա: Այստեղ ճշմարտության մեծ բաժին կա: Նույնիսկ քննարկել չարժե իր մասնագիտական մոտեցումները այս հարցում: Կարող է ինքը կրթությամբ զինվորական չէ, բայց, երբեմն, լինում են ինքնուս կամ ի ծնե հրամանատարական կարողություններ ունեցողներ, դրանցից մեկը Սամվել Բաբայանն է: Իր գործողությունների ճշմարտացիությունը ժամանակն է ցույց տվել, բավականին արդյունավետ ռազմական գործողություններ է իրականացրել: Դրա համար ես եւս համաձայն եմ իր եւ այլ պրոֆեսիոնալ զինվորականների ասածներին, որ եթե չլիներ այդքան մերձեցում, ոչ միայն այդ 4-օրյա սրացումը չէր լինի, այլ բազմաթիվ այլ փորձերը դիվերսիոն խմբերի չէր լինի: Ակնհայտ է, որ ոչ միայն քաղաքական գործիչները, այլեւ զինվորակաները եւս վերլուծելու հարուստ նյութ ունեն»:

Սամվել Բաբայանը, խոսելով Նախիջեւանում հակառակորդի ուժերի տեղակայման մասին, ասում է՝ «Պատրաս՞տ ենք պաշտպանել հրթիռակոծությունից մեր քաղաքը, մեր ժողովուրդը, հո նրանով չի՞, որ Բաքու թեյ եք խմելու: Կարաք Բաքու թեյ խմեք, բայց վախում եմ՝ իրանք ավելի շուտ հասնեն Երեւան՝ թեյ խմելու»:

Մեր հարցին՝ սա մի տեսակ տագնապի առիթ չի՞ տա եւ ադրբեջանական մամուլի քննարկման առարկա չի՞ դառնա ի վնաս մեզ՝ պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Չեմ կարծում իմաստը դա էր: Կարող է այդ արտահայտությունը մի փոքր պրովոկացիոն էր, իր մեջ սադրանք էր պարունակում, բայց ինքն ասում էր, որ մենք կարող ենք շատ արդյունավետ պաշտպանվել, մեր պաշտպանական մեխանիզմը այլ պետք է լինի, պետք է ոչ թե մի բլուր, մի դիրք պահենք, այլ տարածքներ ազատագրենք: Ընդհանուր կոնտեքստի մեջ իր ասածն այն է, որ չարժե մեծ-մեծ խոսել, պետք է մեծ-մեծ գործել:  Իր ասածն այս էր՝ ցանկանում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի»:

Արմեն Մարտիրոսյանը համաձայն չէ Սամվել Բաբայանի այն գնահատականին, որ ապրիլի 1-ից 4-ը  քառօրյա պատերազմ կամ բլից-կրիգ չպետք է համարել, այլ՝ պատժիչ գործողություն, դիվերսիա:

Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ «Փոքր դիվերսիոն գործողության համար մի քանի կորպուս չեն բերի: Ես այդ մտքի հետ համաձայն չեմ, որովհետեւ թվակազմը, որ եղել է կուտակված, զենքի տեսականին եւ այլն, դրա մասին չի խոսում: Այն մասշտաբի չէր՝ ավիացիա, լայնամասշտաբ հրթիռակոծություն, բայց եթե պատերազմ չէր, էդ դեպքում Աղդամում ինչ գործ ունեին զորքերը, որոնց Վիտալի Բալասանյանը համապատասխան գործողությունների արդյունքում չեզոքացրեց: Ես այս մասով համաձայն չեմ: Մեր զինվորների սխրանքի շնորհիվ չեն հաջողացրել Ադրբեջանի ծրագրերն իրականացնել, վիժեցվել է այդ ամենը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031