Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտում փոքրիկները պահանջում են խաղաղություն

Հունիս 01,2016 23:10

Հունիսի 1-ին Ստեփանակերտում նշանավորվեց տոնականությամբ: Քաղաքապետարանի նախաձեռնությամբ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բակում տեղի ունեցավ գեղեցիկ ու տոնական միջոցառում` նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Սկզբում «Երեք խոզուկներ» հեքիաթի տիկնիկային ներկայացմամբ հանդես եկավ Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը՝ գեղարվեստական ղեկավար, ԼՂՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանի գլխավորությամբ: Լ. Հարությունյանը տեղեկացրեց, որ նույն օրը հանդես են գալու նաև Մարտակերտի փոքրիկների համար: Ասաց նաև՝ դերասաններից Նվեր Ղարաբեկյանը, ով կամավոր առաջնագծում է, հատուկ մանուկների համար 1 օրով իջել էր դիրքերից:

Ստեփանակերտ_1 Ստեփանակերտ_2 Ստեփանակերտ_4 Ստեփանակերտ_5

Ծրագրով կայացավ նաև նկարչություն ասֆալտի վրա՝ «Խաղաղությունը մանուկների աչքերով», նկարչություն՝ ջրաներկով, ակվագրիմ, ֆոտոմրցույթ՝ «Երջանիկ մանկություն» խորագրով (քաշաթաղցի երեխաների մասին պատմող 10 լուսանկար էլ ներկայացրել էի ես. Զ. Ը.): Փոքրիկներին շնորհավորեցին ու մեծ ուրախություն պատճառեցին ռուսական մուլտսերիալի հերոսներ Մաշան և Արջը: Ելույթներ ունեցան մայրաքաղաքի մշակութային օջախների, մանկապարտեզների սաները՝ երգ, պար, ասմունք: Սպիտակազգեստ հրեշտակ-աղջնակներն ու զինվորական համազգեստով տղաները, մնացած փոքրիկները խաղաղություն էին ցանկանում, որ երբեք ռումբեր չպայթեն:

Փոքրիկները նաև նամակ են ուղղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին և խաղաղություն ու ահոգ մանկություն խնդրել, ասֆալտին, պատերին «Խաղաղություն Արցախ աշխարհին» տողերն էին գրել: Մանուկներին շնորհավորեցին ու անհոգ մանկություն, խաղաղություն, լազուր երկինք մաղթեցին Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ Կարինե Հարությունյանը, քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մարգարյանը, Ստեփանակերտի ոստիկանության վարչության անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության կապիտան Բորիս Ջալավյանը՝ իր երեխայի հետ, այլոք:

Մշակույթի կենտրոնի ճեմասրահում «Նաղաշ» մշակութաժամանցային ծրագրի շրջանակներում ներկայացված էին փոքրիկ արցախցիների նամակնեը՝ ուղղված սահմանի զինվորին: Ծրագրի ղեկավար Լուսինե Չալումյանը տեղեկացրեց, որ շատ երեխաներ են մասնակցում ծրագրին, և նրանց պատրաստած խեցեղեն ամանները լավ հուշանվերներ են: Օրվա ընթացքում տոնական միջոցառումներ կայացան Արցախ աշխարհի տարբեր բնակավայրերում:

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930