Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներին ներկայացվեց «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գիրքը

Հունիս 02,2016 17:35

Երևանի քաղաքապետարանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) համագործակցության շրջանակում այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Բացահայտենք Երևանը. հայացք քաղաքի անցյալին և ներկային» զբոսաշրջային էլեկտրոնային գրքի շնորհանդեսը զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների համար: Միջոցառմանը ներկա էին առաջատար զբոսաշրջային ընկերությունների, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության, Հայաստանի զբոսավարների ասոցիացիայի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, հյուրանոցային տնտեսության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ:

Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր ներկաներին, նկատել է, որ Երևանի քաղաքապետարանի և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի արդյունավետ համագործակցության արդյունքում այսօր ունենք նոր էլեկտրոնային զբոսաշրջային արդյունք, որը 2797-ամյա մայրաքաղաքն աշխարհին է ներկայացնում որպես զբոսաշրջության նորարար և ժամանակակից քաղաք:

«Հայկական վիրտուալ համալսարանի հետ սա մեր արդեն հերթական համագործակցությունն է: 2015-ին հրատարակվեց «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գիրքը՝ 3 լեզուներով: Այսօր արդեն ներբեռնելով գիրքը՝ կարելի է Երևանի մասին ստանալ տեղեկատվություն միանգամից 7 լեզուներով: Զբոսաշրջային գրքի պատրաստման գործընթացին ՀՎՀ թիմին միացել են նաև Երևան քաղաքի պատմության թանագարանի, տուրիզմի բաժնի և Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետները: Հուսով եմ, որ էլեկտրոնային այս գիրքը օգտակար կլինի մայրաքաղաքի զբոսաշրջային ոլորտի համար», – նշել է Մարիա Բարաղամյանը:

Երևանը և նրա շրջակայքն ընթերցողներին լավագույնս ներկայացնելու համար գրքում օգտագործված են բազմաթիվ տեսահոլովակներ, ինտերակտիվ քարտեզներ, վիրտուալ շրջագայություններ, նկարների պատկերասրահներ, եռաչափ պատկերներ, համայնապատկերներ և հետաքրքիր պատմություններ:

Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը, ներկայացնելով գրքի հնարավորությունները և անդրադառնալով դրա ստեղծման ընթացքին, հատուկ շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ գրքի պատրաստման և տարածման հարցում ցուցաբերած աջակցության համար:

«Երևանի քաղաքապետարանը մշտապես կանգնած է մեր նախաձեռնությունների կողքին, ինչն իսկապես ավելի է ոգեշնչում և, վստահ եմ, անպայման հաջողելու ենք: Կարծում եմ՝ այս գիրքը կարևոր է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ մայրաքաղաքի համար՝ զբոսաշրջության զարգացման և Երևանը վիրտուալ տիրույթում նման ձևաչափով ներկայացնելու առումով: Վստահ եմ, որ տուրիստական ուղեցույցը մեծ հաջողություն կունենա ճիշտ այնպես, ինչպես այս շարքի առաջին գիրքը, որն արդեն ավելի քան 16 հազար ընթերցող է ներբեռնել կամ առցանց դիտել» , – նշել է Երվանդ Զորյանը:

Գիրքի առանձնահատկություններից է նաև քաղաքային վեց շրջագայությունների ու զբոսանքների մեկօրյա փաթեթը, ինչը գիրքը դարձնում է զբոսաշրջային ինտերակտիվ ուղեցույց:

Գիրքը կարելի է անվճար տեսնել կամ ներբեռնել՝ այցելելով Հայկական վիրտուալ համալսարանի կայքէջը՝ www.avc-agbu.org հասցեով կամ հավաքելով «AVC» Apple iBooks Store-ում կամ Joomag-ում: Դրանք հասանելի են նաև բազմաթիվ թվային համակարգերի համար՝ այս կերպ ընդգրկելով առավել ընդարձակ լսարան:

Գրքի հղումը կարելի է գտնել նաև Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքի զբոսաշրջության բաժնում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930