Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանի ուղերձը` ԳԴՀ խորհրդարանական օմբուդսմենին

Հունիս 03,2016 22:24

Գերմանիայի Դաշնային Հանրապետության

խորհրդարանական օմբուդսմեն,

Բունդեսթագի Հանրագրերի կոմիտեի նախագահ

տիկին Քերսթն Շտայնկեին 

Արցախի Հանրապետության

օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանից

Հարգելի տիկին Շտայնկե,

Որպես Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան՝ ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Գերմանիայի ժողովրդին՝ Հայերի ցեղասպանությունը ճանաչելու համար: Բունդեսթագի այս որոշումը մեզ համար մեծ նշանակություն ունի:

Մենք քաջ գիտակցում ենք, որ այս որոշումն արտահայտում է Ձեր երկրի հավատարմությունն արդարության և համընդհանուր արժեքների հանդեպ: Տարիներ շարունակ մենք այն տպավորությունն ենք ունեցել, որ Գերմանիայում թուրքական լոբբին այնքան ուժեղ է, որ ի վիճակի կլինի մշտապես խոչընդոտել Հայերի ցեղասպանության փաստի ճանաչումը: Մինչդեռ Ձեր պետությունը լավագույնս ապացուցեց, որ ոչ ոք Գերմանիայում չի կարող թաքցնել ծանրագույն հանցագործությունները կամ լռեցնել ճշմարտության ձայնը: Եվ որ մարդու իրավունքները սահման չունեն՝ ոչ ժամանակի և ոչ էլ տարածության մեջ:

1915 թվականին Գերմանիան դաշնակցում էր Օսմանյան կայսրությանը, և հայերի հանդեպ իրականացված սարսափելի վայրագությունների ականատեսների թվում էին շատ գերմանացներ, որոնք աշխատանքի բերումով գտնվում էին Թուրքիայում: Ուստի Հայերի ցեղասպանության վերաբերյալ մեծաթիվ փաստեր պահպանվում են գերմանական արխիվներում:

Հարգելի տիկին օմբուդսմեն,

Դժբախտաբար, վերջին տարիների ընթացքում աշխարհը գտնվում է հուզումների և անկայունության նոր փուլում: Ես հավատացած եմ, որ 6 տարի առաջ ոչ ոք չէր կարող կանխատեսել հակամարտությունների և ճգնաժամերի այն բազմազանությունը, որոնց ականատեսն ենք հիմա: Ավելին, որոշ կանխատեսումների համաձայն՝ մեզ սպասում են ժողովրդավարության հաստատման ճանապարհին է՛լ ավելի մեծ մարտահրավերներ՝ պայմանավորված նաև ողջ աշխարհում տնտեսական աճի ցածր մակարդակով:

Ներկայումս մեր պարտականությունն է ներդնել առավելագույն ջանքեր մեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանությունը ամրապնդելու համար, և ինքս ծառայում եմ երիտասարդ ժողովրդավարությանը, որը հակված է եվրոպական արժեքներին: Մենք համարում ենք, որ մեր պարտականությունն է՝ ապահովել մարդու իրավունքների և ժողովրդավարության եվրոպական չափանիշների ներդրումը, ուստի մենք մեծագույնս կգնահատենք Ձեր համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության լավագույն փորձը Արցախի Հանրապետությունում ներդնելու հարցում:

Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով մենք մեր երկրում ունենք միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունների և մարդու իրավունքների միջազգային կառույցների ներկայության պակաս։ Սակայն մենք հաստատապես հավատացած ենք, որ ոչ-կառավարական կազմակերպությունների և անկողմնակալ դիտորդների ներկայությունն Արցախում ոչ միայն կամրապնդի մեր ժողովրդավարությունը, այլև կնպաստի հակամարտության լուծմանը։ Մենք միջազգային հանրությանը շարունակաբար մտահոգություն ենք հայտնում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ։ Իսկ երկու ամիս առաջ մենք դարձանք Ադրբեջանի զինված ուժերի կողմից լայնածավալ ագրեսիայի ականատես, ինչը, հաջողության հասնելու դեպքում, հաստատապես կհանգեցներ հայերի նոր ցեղասպանության կամ էթնիկական զտման։ Ադրբեջանական զինվորների կողմից նույնիսկ եղան Իսլամական պետության ոճով պատերազմական հանցագործությունների դեպքեր։ Սակայն, այդ հանցագործությունները հաստատելու համար անկողմնակալ դիտորդների բացակայությունը կարող է շահարկումների և անորոշության վիճակ ստեղծել։ Եթե մենք ունենայինք անկողմնակալ դիտորդներ, որևէ հանցագործություն կամ ռազմական գործողություն չէր մնա չհաստատված, հակամարտության կողմերից որևէ մեկը չէր փորձի այն լուծել ռազմական ճանապարհով, և դա էապես կնպաստեր խաղաղության հաստատմանը։

Եվ վերջում, կրկին ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Ձեզ՝ որպես Գերմանիայի խորհրդարանի անդամ և օմբուդսմեն, այս պատմական որոշմանը Ձեր մասնակցության համար:

Արցախի Հանրապետության

Մարդու իրավունքների պաշտպան

Ռ.Մելիքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930