Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողական համայնքը կարող է իր առջև հասարակությանը կրթելու խնդիր դնել». Սամվել Մարտիրոսյան

Հունիս 06,2016 23:20

«Հնարավոր է պայքարել անանուն լրատվամիջոցների դեմ, եթե համացանցում պետական մակարդակով արգելափակումներ լինեն, սակայն մի քանի ամիս հետո նաև դրա հակառակող կողմի ականատեսը կլինենք. այն կդառնա լեգիտիմ գրաքննության ու խոսքի ազատության ճնշման գործիք: Այնպես որ, այս ճանապարհը մեզ համար չէ»,- «Փաստարկ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Հայաստանում գործող տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցների 15 խմբագիրների՝ հունիսի 2-ի այն հայտարարությանը, թե որպես առցանց լրատվամիջոց հանդես եկողների «մի մասը հայտնվել է անվերահսկելի դաշտում, գործում է օրենքներից ու բարոյական նորմերից դուրս և անարգել, անվճար օգտվում է մյուսների աշխատանքի արդյունքներից՝ չարաշահելով լրագրողի կարգավիճակը»։

Տեղեկատվական անվտանգության փորձագետի խոսքով՝ ոչ միշտ է հնարավոր պարզել, թե ով է կանգնած տվյալ լրատվամիջոցի հետևում. «Մանավանդ որ հաճախ գրանցվում են ոչ թե հայկական, այլ փակ տիրույթում, որպեսզի անհնար լինի պարզել գրանցողին, իսկ նյութերը տեղադրել սերվերում, որը ՀՀ-ում չի գտնվում: Եվ եթե չկա քրեածին արարք, ապա մեր ուժային կառույցները չեն կարող դիմել տվյալ երկրին բացահայտման խնդրանքով: Այնպես որ, մեխանիկական լուծումների ժամանակն անցել է»,- նկատեց Ս. Մարտիրոսյանը:

Նա կարծում է, որ շատ արդյունավետ տարբերակ կլինի, եթե լրագրողական համայնքն սկսի աստիճանաբար սովորեցնել հասարակությանը՝ որ լրատվամիջոցներից, աղբյուրներից օգտվել. «Ինքնակարգավորման մեթոդներն ավելի աշխատող են, հատկապես որ լրագրողական համայնքը շատ ուժեղ է ու կարող է իր առջև հասարակությանը կրթելու խնդիր դնել: Այլ լուծում չեմ տեսնում»,- նշեց Ս. Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է պետական գրանցմանը, ապա, ըստ նրա, կարող է լինել այնպես, որ որոշ լրատվամիջոցների լրագրողների չհավատարմագրեն, մյուս կողմից՝ դա նրանց պետք էլ չէ, քանի որ պետական կառույցների տրամադրած տեղեկատվության մեծ մասը բաց է. «Պետական գրանցում նշանակում է հավատարմագրում, իսկ հավատարմագրման պահանջ այդ անանուն լրատվամիջոցները չունեն էլ: Իհարկե, կարելի է կոշտացնել այդ գրանցումը, սակայն դա հարցի լուծում չէ»,- ընդգծեց Ս. Մարտիրոսյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930