Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Մինչև մրցանակ ստանալն այս երիտասարդներն իրենց համար հանգիստ ապրում էին». Դավիթ Մուրադյան

Հունիս 13,2016 17:03

«Այս փառատոնը երիտասարդների հասցեն է, այստեղից են նրանք իրենց նամակները գրում: Այստեղից է սկսվում վաղվա Հայաստանի մշակութային մի ողջ սերնդի ստեղծագործական կենսագրությունը, մուտքը հասարակական կյանք: Սա այն սերունդն է, որն աչքը բացել ու հասակ է առել անկախ Հայաստանում, այս ժամանակի բնակիչն է ու այս ժամանակի լեզվով է խոսում, նա է պատմելու իր ժամանակի պատմությունը»,- «Արտ ֆեստ-2016» միջազգային երիտասարդական չորրորդ բաց փառատոնի մրցանակաբաշխության ժամանակ ասաց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, կինոգետ Դավիթ Մուրադյանը:

Հունիսի 12-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում ամփոփվեցին «Արտ ֆեստ-2016»-ի արդյունքները: Փառատոնին այս տարի մասնակցում էին 16-30 տարեկան 430 ստեղծագործողներ Հայաստանից և արտերկրից: Հունիսի 2-ին մեկնարկած փառատոնը համախմբել էր նրանց թատերական արվեստի, կինոարվեստի, երգարվեստի, կերպարվեստի (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն, մանրանկարչություն, բատիկ), դեկորատիվ-կիրառական արվեստի, հագուստի մոդելավորման ոլորտներում:

«Մինչև մրցանակ ստանալն այս երիտասարդներն իրենց համար հանգիստ ապրում էին,- շարունակեց Մուրադյանը,- հիմա նրանց կյանքը դժվարացավ, որովհետև հետագա ստեղծագործական ճանապարհին, ուզած-չուզած, պետք է ոչ թե մեզ, այլ իրենք իրենց ապացուցեն, որ այս մրցանակը պատահական չէր, տեղին էր ու դուռ է բացում դեպի հետագա հաջողություններ: Որևէ մեկին որևէ բան ապացուցել պետք չէ: Արվեստագետն ինքն իրեն պետք է ապացուցի: Երբ նա իրեն ապացուցած կլինի իր ով լինելը, այդ ժամանակ բոլորը կտեսնեն»:

«Հագուստի մոդելավորում» անվանակարգում Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի երրորդ կուրսի ուսանողուհի Աննա Խաչատրյանը պատվոգիր ստացավ ազգայինը պահպանելու համար:

«Մենք առօրյայում հաճախ ենք հանդիպում օտար երկրների խորհրդանիշներով հագուստներ կրող երիտասարդների: Իսկ հայկական մոտիվներով հագուստով մարդկանց հազվադեպ կարելի է տեսնել փողոցում: Դրա համար փորձել եմ հայկական տարրեր ավելացնել հագուստին: Ուզում եմ, որ մեր երիտասարդները հայկական մոտիվներով հագուստներ կրեն, բայց որ տեսքն ավելի նորաձև լինի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Աննա Խաչատրյանը:

Գոռ Առուշանյանը, որը Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի երրորդ կուրսի ուսանող է, պատվոգիր ստացավ լավագույն գեղանկարչական աշխատանքի համար: Ըստ նրա՝ նմանատիպ փառատոները հասարակության հետ հեշտ շփվելու փորձ են տալիս:

«Առաջին անգամ էի մասնակցում «Արտ ֆեստ»-ին, չէի սպասում, որ հաջողություն կունենամ: Չորս աշխատանք էի ներկայացրել: Մեկը կոլաժային էր՝ «Վարպետն ու Մարգարիտան» վեպի ձևավորումը, մյուսները՝ «Երկուսը», «Համբույր», «Եվա» գեղանկարները: Ուզում եմ նոր բան բերել արվեստի մեջ, ինչպես եմ աշխարհը տեսնում, այդպես ներկայացնել»,- մեզ հետ զրույցում ասաց Գոռ Առուշանյանը:

Հիշեցնենք, որ «Արտ ֆեստ» երիտասարդական ամենամյա փառատոնը 2013 թվականից ի վեր կազմակերպում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը (ԵԹԿՊԻ), Երիտասարդ ստեղծագործողների միությունը և ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930