Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Լազգիյան.« Պարոն վարչապետ, պետությունը Արման Լազգիյանի համար մի բան ունի՞ անելու, թե ոչ՞» (Տեսանյութ)

Հունիս 13,2016 17:09

Քառօրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած Արման Լազգիյանի հայրը՝ Միքայել Լազգիյանն ասում է՝ որդու առողջական վիճակը Գերմանիայում բավականին լավ է. «2-րդ օրվանից ինքնուրույն է ուտում, թոքերը չորացել են, դրենաժները հեռացրել են, պառկելախոցերն էլ ինքն իրեն բուժվել են, ըստ երեւույթին դրա վիրահատման կարիքն էլ չի լինի»:

Միքայել Լազգիյանն այսօր «Երկու երես» ակումբում ասաց, որ Արմանի ողնաշարի բուժման համար այլ կլինիկա պետք է տեղափոխեն, որի համար երկարատեւ բուժում է հարկավոր. «Արմանն արդեն նստում է, տարել են զբոսնելու: Ինքն է մեզ հույս տալիս, ասում է՝ չմտածեք, քայլելով տուն եմ գալու»:

Aravot. am-ի այն հարցին՝ առողջապահության նախարարը պարբերաբար վստահեցնում էր, որ այն բուժումը, որը հարկավոր է Արմանի համար, Հայաստանում էլ հնարավոր է, եւ հենց այս հիմնավորմամբ էլ պետական բյուջեից որեւէ աջակցություն չտրամադրվեց նրա բուժումը Գերմանիայում շարունակելու համար, հիմա Արմանը Գերմանիայում է, արդյոք այն, ինչ անում են այնտեղ, այստեղ էլ հնարավո՞ր էր անել, Միքայել Լազգիյանն ասաց. «Միանշանակ Գերմանիայում ավելի լավ է: Ապրիլի 7-ից այս կողմ հազվադեպ առիթներ են եղել, որ հպարտանամ: Մեկը՝ մեր զինվորները թշնամուն հետ շպրտեցին, եւ մյուսն էլ՝ Գերմանիայում երկու տարբեր օրեր, տարբեր պրոֆեսորներ ուղղակի ճչում էին, ասում էին՝ ձեր բժիշկները հրաշքներ են գործել, որովհետեւ մեզ վիրահատական որեւէ միջոցառում չեն թողել: Մեր բժիշկները սրտացավ են ու որակների մասին էլ լավ պիտի ասեմ, բայց ժողովրդական լեզվով ասած՝ խեղճ լինեն մեր բժիշկները… «չագուչով» ու «տապոռով» են բժշկություն անում:

Մերոնք, որ մտնում էին գործիքով թոքն ու ստամոքսը ստուգելու՝ բավականաչափ ցավ էին առաջացնում, բայց Գերմանիայում մինչեւ աղիներն էլ ամեն օր մտել են, Արմանը ցավային զգացողություն չի ունեցել»:

Մանրամասն՝ տեսանյութում

Արման Լազգիյանի վերականգնողական բժշկության համար Հայաստանում կրկին վստահեցնում էին, որ Կարմիր Խաչի կլինիկան գերազանց հնարավորություններ ունի, իսկ Միքայել Լազգիյանը հակադարձում է՝ «Թեկուզ հավաստիացնում են, որ գերազանց է, ինձ մի կին ասում էր՝ դեռ մի բան էլ անցել ենք գերմանացիներին, մեզ համոզում էին, բայց, կներեք, դա լկտի սուտ է»:

Ասուլիսին ներկա, այսօր առավոտյան կրկին Գերմանիա տեղափոխված վիրավոր զինծառայող Ռուբեն Առաքելյանի մորաքույրը՝ Նարինե Թումանյանն էլ ասաց, որ հույս ունեն արտերկրում Ռուբենի բուժումը լավ արդյունքներ կտա: Ռուբենին դեռ պետք է հետազոտեն, որպեսզի պարզ լինի, թե ինչ բուժում է սպասվում նրան:

Մանրամասն՝ տեսանյութում

Թե Ռուբենի, թե Արմանի արտերկրում բուժման համար պետական բյուջեից որեւէ միջոց չի տրամադրվել, ամբողջ գումարը բոլորը անհատական օգնությունների հաշվին է եղել: Միքայել Լազգիյանն այս առնչությամբ ասաց. «Փող չունեն, բյուջեն դատարկ է, ընդհանուր համակարգը խարխլված է: Տղայի ողնաշարն եմ օրինակ բերում, մեր հանրապետության ողնաշարն էլ կոտրված է: Կարկառուն դեմքերն ամեն ինչ անում էին, որ իրենց գրպանից օգնեն, բայց ընդհանուր պետական համակարգը ինչո՞ւ չի գործում, չգիտեմ»:

Միքայել Լազգիյանն ասաց, որ եթե ինքը փորձեր պարզել օրենքով իր որդուն հասնում է արտերկրում բուժում պետական աջակցությամբ, թե ոչ, ապա Արմանը մինչեւ հիմա դեռ Հայաստանում կլիներ:

Մանրամասն՝ տեսանյութում

Ասուլիսի մեկ այլ մասնակից, «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զոհվածների ընտանիքներին» նախաձեռնության անդամ Հայկուհի Մինասյանն էլ նկատեց, որ իրենք 1 տարի է՝ զբաղվում են վիրավոր զինվորներին օգնելով. ապրիլյան պատերազմից հետո աղմուկ եղավ, եւ շատերն օգնում են, բայց օրինակ, կա 10 տարի առաջ վիրավորված զինվոր, որին որեւէ մեկը չի հիշում, եւ նրանց վիճակը եւս սարսափելի է. «Սա նաեւ հասարակության մեղքն է»:

Մինասյանի խոսքերով՝ շատ դեպքերում վիրավորված զինծառայողների ծնողներն էլ չեն տիրապետում իրենց իրավունքներին եւ տեղյակ չեն, օրինակ, որ ասեն՝ տվյալ դեղորայքը պետք է պետպատվերով ստանան:

Մինասյանի խոսքերով՝ «Ոչ թե վիրավոր զինվորի մայրը կամ հայրը վշտի մեջ պետք է ընկնի դռնեդուռ ու Գերմանիայում կլինիկա գտնի, դիմում գրի եւ այլն, այլ պետք է լինի մեկ պատուհան՝ վիրավոր զինվորի եւ իրեն շրջապատող բոլոր խնդիրների միջեւ: Վիրավորման պահին համապատասխան մարդը պետք է գնա ու զբաղվի, թե՝ ինչի կարիք ունեն, դիմում գրեն համապատասխան մարմիններին եւ այլն»:

Արմանի հետագա բուժման համար էլի գումարներ են հարկավոր, Միքայել Լազգիյանը փակուղու առջեւ է կանգնած. Չգիտի՝ ի վերջո օրենքով իր որդուն հասնո՞ւմ է պետական միջոցներով բուժում արտերկրում, թե՝ ոչ:

«Ես միայն մի դիմում եմ գրելու՝ պարոն վարչապետ, պետությունը Արման Լազգիյանի համար մի բան ունի՞ անելու, թե՞ ոչ»,- հարց է բարձրացնում Արմանի հայրը:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930