Լրահոս
Օրվա լրահոսը

Անցկացվեց կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների համաժողով

Հունիս 17,2016 22:11

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը հունիսի 13-17-ը «Աղվերան պարկ ռեզորթ» հաստատությունում «Վորլդ Վիժն» (World Vision) բարեգործական կազմակերպության աջակցությամբ անցկացրեց կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների համաժողով, որին մասնակցեցին շուրջ հարյուր ուսուցիչներ Հայ Եկեղեցու հայաստանյան տարբեր թեմերից:

Հանդիպումների յուրաքանչյուր օրն սկսվեց Սուրբ Գրքի սերտողությամբ և ավարտվեց հավաքական աղոթքով: Համաժողովի շրջանակներում մասնակիցներին ներկայացվեց Սուրբ Պատարագի խորհուրդն իր ամբողջության մեջ:

Համաժողովի հինգ օրերի ընթացքում թեմատիկ բանախոսություններով հանդես եկան Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը, Քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության պատասխանատու Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը, Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը, Արարատյան հայրապետական թեմից Արժանապատիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը, Տ. Աբգար քահանա Մարգարյանը և Հայաստանի Աստավաշնչային ընկերության ծրագրերի պատասխանատու տիար Արշավիր Գաբուջյանը:

Խմբային աշխատանքներն ուղղորդեցին Աննա Խաչատրյանը և Շիրակի թեմից Արժանապատիվ Տ. Նշան քահանա Պանֆյորովը: Խմբային աշխատանքների արդյունքում ուսուցիչները պատրաստեցին կիրակնօրյա դպրոցի առաքելությունը ներկայացնող կոլաժներ:

Համաժողովի ընթացքում` Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի և Սուրբ Մեսրոպ Մաշտոց Վարդապետի հիշատակության օրը, մասնակիցները Աղվերանի 12-րդ դարի Ս. Աստվածածին խոնարհված եկեղեցում ներկա գտնվեցին Սուրբ Պատարագին, որը մատուցեց ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Համաժողովի ավարտին, արդեն տարիների ավանդույթի համաձայն, մասնակիցները` շնորհակալ զգացումներով, հավաքական աղոթք հղեցին առ Աստված Ամենայն Հայոց Հայրապետի կենաց արևշատության և երկարամյա արդյունաշահ գահակալության համար:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Քրիստոնեական դաստիարակության կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930