Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մանուկյանը կվերադառնա քաղաքականություն

Հունիս 18,2016 17:30

Թե երբ եւ ինչպես՝ դեռ հստակ չէ

– Պարոն Մանուկյան, պաշտոնաթողությունից հետո ինչո՞վ եք զբաղված: Քաղաքական կամ կառավարման համակարգ վերադարձի ծրագրեր ունե՞ք՝ մանավանդ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, քաղաքական դաշտում արդեն իսկ տեղաշարժերի եւ վերադասավորումների սցենարներ են փորձարկվում:

– Քանի որ այն գործունեությունը, ինչով ներկայում զբաղվում եմ, հանրային չէ, մասնավոր գործունեության դաշտից է, անհրաժեշտ չեմ համարում դրա մասին բարձրաձայնել: Իսկ քաղաքականություն վերադառնալը չեմ բացառում, սակայն այդ մասին խոսում են այն ժամանակ, երբ անհրաժեշտ որոշակիություն կա տեղի, ձեւի եւ պահի վերաբերյալ:

– Խոսակցություններ կան, հատկապես հավանական թեկնածուների շրջապատում, որ աշնանը Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրություններին ցանկանում եք մասնակցել համայնքի ղեկավար դառնալու նպատակով: Ի դեպ, նույն խոսակցությունների համաձայն՝ ՀՀԿ-ում այդքան էլ չեն ողջունել Ձեր ցանկությունը, քանի որ ՀՀ Վճռաբեկ դատարանում Ձեր նախագահած տարիներին կատարած աշխատանքից դժգոհ են. այդ տարիներին ՄԻԵԴ-ը մոտ հարյուր հազար եվրոյի վճիռ է կայացրել ՀՀ-ի դեմ:

– Դատական համակարգի պաշտոնյաների աշխատանքի գնահատականը պետք է տան սահմանադրական իրավասու մարմինները: Սա՝ առաջին: Երկրորդ՝ 2005-2008 թվականներին դատական համակարգում տեղի ունեցան այնպիսի ինստիտուցիոնալ փոփոխություններ, որոնք դատական համակարգի գործունեության այլ որակական մակարդակ ապահովեցին: Բավական է միայն նշել դատական նախադեպի կամ ինչպես այլ կերպ են ասում՝ դատական իրավաստեղծության ինստիտուտի ներմուծումը, ինչը թերեւս լրջագույն քայլ էր դատական կանխատեսելիության ապահովման տեսանկյունից: Էլ չասեմ հանրային հնչեղություն ունեցող բազմաթիվ գործերով արդարության վերականգնման մասին, մասնավորապես՝ Մատաղիսի գործով, ինչը եւս արդարադատության կայացման համար հանգրվանային նշանակության հարց էր:

Ինչ վերաբերում է միջազգային դատարաններում Հայաստանի դեմ կայացվող ակտերին, ապա նախ՝ դրանց մի մասով երկրի պարտության մեղավորները դատավորները չեն, այլ իրավակիրառող այլ մարմինները: Եվ վերջապես՝ դատական սխալից ոչ ոք ապահովագրված չէ: Այնպես որ՝ վստահ եղեք՝ եթե դատական համակարգում վատ կառավարում լիներ, ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի դեմ կայացված որոշումները շատ ավելի մեծ ծավալ կունենային: Իսկ այժմ Գյումրին: Իրավիճակն ինձ մի հին, բայց ակտուալ անեկդոտ է հիշեցնում, երբ աղջկա բարեկամությունը խոսում է մոտակա հարսանիքից, բայց ապագա փեսայի տանը դեռ տեղյակ էլ չեն…

Գյումրին իմ ծննդավայրն է: Ես ցավում եմ այդ քաղաքի համար, գյումրեցիների առօրյա դժվարությունների ու խնդիրների համար: Հիմա ժամանակի առումով հասցնում եմ հաճախ լինել Գյումրիում, այցելել հատկապես սոցիալական լրջագույն խնդիրներ ունեցող ընտանիքներ, որոնք իսկապես քիչ չեն: Շատ ցավալի է, որ այսօր Գյումրիում էական ոչինչ չի փոխվում, ու եթե իրենց բառերով բնութագրեմ՝ գյումրեցին կորցրել է ամեն ինչ՝ բացի հումորից: Սակայն մի բան միանշանակ է՝ ով էլ լինի քաղաքի ղեկավար, հնարավոր չէ այստեղ իրավիճակն էականորեն փոխել, եթե նպատակային պետական ծրագրեր չիրականացվեն Գյումրիում:

– Տասը տարուց ավելի ՀՀ իշխանությունները հայտարարում են կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարի մասին, դրա համար տարբեր մարմիններ են ստեղծվում: Այդ պայքարի վերջին ալիքը մեկնարկեց երկու ամիս առաջ` վարչապետի հայտարարություններով, ու ինչպես ցույց տվեց ապրիլյան քառօրյա պատերազմը՝ կոռուպցիան այնքան է խորացել, որ անգամ բանակ է հասել, զինվորների կյանք արժեցավ, ու բարձրաստիճան զինվորականներ են ձերբակալվում: Կոռուպցիայի դեմ պայքարի հերթական ալիքը վստահություն ներշնչո՞ւմ է` արդյունքների առումով: Ի՞նչ սպասելիքներ ունեք:

– Մենք բոլորս էլ հրաշալի գիտենք՝ ինչ է կոռուպցիան, ինչ արմատներ ունի, որոնք են դրանք ծնող պատճառները: Փայլուն գիտենք նաեւ աշխարհի փորձը դրա դեմ հաջողված պայքարի՝ Սինգապուրից սկսած մինչեւ հարեւան Վրաստանը: Մեզ մոտ կա մի հավելյալ հանգամանք կոռուպցիայի ծաղկմանը նպաստող: Դա մենթալ, մտածելակերպային խնդիրներն են: Պատմական եւ այլ պատճառների մեջ չխորանանք, բայց կոռուպցիան այնքան է սերտաճել մեր առօրյային, որ դարձել է մեր կենսակերպի մասը: Եվ դա չի վերաբերում միայն կամ առավելապես պետական բարձր մակարդակի որոշումներին, պետական գնումներին, տնտեսական մենաշնորհներին, դատաիրավական համակարգի որոշումներին: Մեր մարդը սովոր է իր մանր եւ միջին խնդիրները լուծել մաղարիչով, իսկ հաճախ էլ զարմանում եւ նեղվում է, երբ չի հաջողվում համապատասխան պաշտոնյային իրեն հասանելիք մաղարիչը տալ եւ հարցը լուծել:

Չմտածեք, որ ես սա ասելով՝ փորձում եմ ճշմարտության դեմ մեղանչել, չմատնանշել մեղավորներին կամ անելանելիության եզրահանգում անել: Պարզապես ճիշտ ախտորոշումն է բուժման նախապայմանը: Եվ նաեւ սա հաշվի առնելով՝ վստահ եմ, որ կոռուպցիայի վերացման համար հզոր եւ հստակ ձեւավորված քաղաքական կամք է անհրաժեշտ: Հայեցակարգերը, խորհուրդները, օրենքների փոփոխությունները, նոր ինստիտուտների ձեւավորումը սոսկ գործիքներ են խնդրի լուծման համար: Կունենա՞ կառավարությունն այդ քաղաքական կամքը՝ իրավիճակ կփոխվի, չի ունենա՝ դեռ երկար կշարունակենք խորհուրդներ ստեղծել եւ հայեցակարգեր ընդունել:

– Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայկական պատկան մարմինները ասում են, որ լծվել են մի աշխատանքի, որի արդյունքում ջանալու են հասնել նրան, որպեսզի այդ օրերին ադրբեջանական հրոսակների վայրագությունները ռազմական հանցագործություններ ճանաչվեն միջազգային տարբեր դատարաններում: Հետեւո՞ւմ եք այդ գործընթացին, ի՞նչ դիտարկումներ կամ դիտողություններ կանեք:

– Սա կարեւոր մի աշխատանք է, որին մենք պետք է վաղուց ձեռնամուխ լինեինք: Ժամանակին արդարադատության նախարարությունում ես նույնիսկ փորձում էի միջգերատեսչական մասնագիտական մի հանձնաժողով ստեղծել, որը մշտադիտարկման կենթարկեր Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, գերեվարված անձանց հետ վարվելու կանոնների պահպանումը՝ դրանցում ռազմական հանցագործությունների տարրերի, ինչպես նաեւ միջազգային իրավունքի այլ խախտումների հայտնաբերման տեսանկյունից: Սա պահանջում է տարբեր ինստիտուտների համագործակցված աշխատանք՝ քրեական հետապնդման մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի, գործադիր իշխանության, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների, փորձագետների: Հուսով եմ՝ այս գործընթացն ակտիվ ընթացքի մեջ է եւ համապատասխան իրավաքաղաքական հետեւանքներ կունենա: Ավելին չեմ կարող մեկնաբանել, քանի որ այդ աշխատանքները, բնականաբար, փակ են եւ հրապարակայնացման իրենց ողջամիտ ժամկետներն ունեն:

– Այս օրերին բավական հետաքրքիր, իր բնույթով նաեւ աշխարհաքաղաքական նշանակության իրադարձություն կատարվեց մեզ համար` Գերմանիայի Բունդեսթագը ճանաչեց Ցեղասպանությունը: Ուշագրավ էր այդ իրադարձության առիթով Պոլսո Պատրիարք Արամ Աթեշյանի նամակը` ուղղված թուրքական իշխանություններին, որը շատ քննարկվեց նաեւ Հայաստանում: Դուք Պոլսո Պատրիարքի քննադատների՞ց եք, թե՞ իր քայլը պարտադրված համարողներից:

– Պետք է հիշել, որ սա սրբազանի ոչ առաջին վիճահարույց դրսեւորումն է: Ոչ վաղ անցյալում էր նաեւ «քրիստոնեությունը հայ լինելու անբաժան մասնիկն է» եզրահանգումը: Վերջին նամակում եւս հատկանշական ձեւակերպումներ կան, մասնավորապես՝ «որ հայ ժողովուրդն օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից», որոնք, անկեղծ ասած, մատնանշում են այս նամակի իրական հեղինակներին: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Թուրքիո հայ համայնքը՝ իր ինստիտուտներով հանդերձ, պատանդի կարգավիճակում է գործող ռեժիմի մոտ:

Սակայն ցանկացած պարագայում անընդունելի են ակնհայտ ապազգային դրսեւորումները՝ ինչ կենսական անհրաժեշտություններով էլ դրանք թելադրված լինեն: Չի կարելի ազգային հիմնահարցը ստորադասել համայնքային կամ թեմական խնդիրների լուծմանը: Ի դեպ, Թուրքիան միակ երկիրը չէ, որտեղ մեր համայնքն ու եկեղեցին ստիպված են շատ լրջորեն հաշվի նստել այդ երկրի քաղաքական նոմենկլատուրայի եւ հասարակական կարծիքի հետ: Սակայն արժանապատվությունը բոլոր դեպքերում անհրաժեշտ է պահպանել:
– Վերջին շրջանում բավական հետաքրքիր հարաբերություններ են ձեւավորվում Հայաստանի եւ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի միջեւ: Բանը հասավ նրան, որ պաշտոնական Մոսկվան անգամ հրապարակային զարմանք արտահայտեց Երեւանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման առիթով: Ի դեպ, այդ ստեղծագործությունը նաեւ մեր հասարակական քննարկում-քննադատությունների առիթ տվեց: Ի՞նչ կարծիք ունեք այդ ամենի վերաբերյալ:

– Մենք մեր պատմությունը չենք սրբագրելու՝ ելնելով այլ երկրների կարծիքներից եւ շահերից: Մեր ազգային հերոսների եւ պատմական երեւելի անհատների փառաբանումն ու նրանց հերոսական կերպարը մատաղ սերնդին ներկայացնելը մեր պարտքն է: Իսկ այն, որ Նժդեհը մեր ազգային հերոսն է եւ նրա գործունեությամբ է նաեւ պայմանավորված մեր երկրի այսօրվա գոյությունը՝ քչերի մոտ է կասկած հարուցում:

Ինչ վերաբերում է արձանին, կասեմ միայն, որ որեւէ արվեստագետի ստեղծագործական մտքի արտահայտություն ապրելու իրավունք ունի, բայց այս դեպքում հուշարձանը կարող էր ավելի հաջողված լինել եւ կերպարին ավելի բնորոշ: Մի փաստարկ չեմ ընդունում այս թեմայով հանրային բանավեճում. «Այսինչի արձանն էլ սկզբում միանշանակ չընդունվեց, հետո սովորեցին»… Մարդն ամեն ինչի կարող է սովորել, խնդիրը հանրության գեղագիտական ճաշակը բարձրացնելն է:
Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

17.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան Վ. Գ. says:

    Կոռուպցիայի և հովանավորչության մասին նման մարդիկ բարոյական իրավունք չունեն խոսելու…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930