Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասվում է կատաղի պայքար ԱԺ պատգամավորական մանդատների համար

Հունիս 20,2016 12:00

Գնալով ավելի ու ավելի պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործիչների համար ավելի կարեւոր բան չկա, քան Ազգային ժողովի պատգամավորի մանդատը: Ասվածը հավասարապես վերաբերում է ազնիվներին ու անազնիվներին, կոռումպացվածներին ու չկոռումպացվածներին, ընդդիմադիրներին ու իշխանամետներին, կեղծ ընդդիմադիրներին եւ արմատականներին, այսինքն՝ բոլորին: Պատճառները բազմաթիվ են, եւ չնայած պատճառներից ոչ բոլորն ենք մահկանացուներս հասկանում ու գիտակցում, բայցեւ որոշակիորեն տեսնում ու զգում ենք, որ պատգամավոր դառնալու մոլուցքը, նախկինի համեմատ, այսօր ավելի ու ավելի է ահագնացել:

Նախկինում էլ մեր քաղաքական գործիչները ջանք չէին խնայում պատգամավոր դառնալու համար, իսկ օլիգարխ թեկնածուներն էլ փող չէին խնայում, բայց նոր Սահմանադրությունն ու նոր իրավիճակներն ստիպում են, որ այն բացառիկները, ովքեր նախկինում առանձնապես կուրծք չէին ծեծում պատգամավոր դառնալու համար, հիմա մյուսների պես կուրծք ծեծեն: Ասածս վերստին վերաբերում է բոլորին՝ ազնիվներին ու անազնիվներին, կոռումպացվածներին ու չկոռումպացվածներին, ընդդիմադիրներին ու իշխանամետներին, կեղծ ու անկեղծ ընդդիմադիրներին եւ այլն: Ասացինք, որ պատճառները բազմաթիվ են, ընդ որում, միանգամայն օբյեկտիվ պատճառներ ու դրդապատճառներ են՝ մանավանդ ազնիվների ու ընդդիմադիրների համար, եւ ազնիվների ու ընդդիմադիրների համար չափազանց էական է պատգամավորների համար սահմանված կենսաթոշակի շեշտակի ու էական բարձրացումը, որովհետեւ արդեն պարզից էլ պարզ է, որ շարքային քաղաքացիների ու սովորական մահկանացուների համար սահմանված 40 կամ, լավագույն դեպքում, 50 հազար դրամ կենսաթոշակը ոչ թե ապրելու ու ապրուստի միջոց է, այլ պարզապես պատիժ: Եվ քաղաքական գործիչներից հատկապես նրանք, ովքեր ոչ մի անգամ պատգամավոր չեն եղել, առաջիկայում եւս պատգամավոր չդառնալու դեպքում ստիպված կլինեն կրել 40 կամ 50 հազար դրամանոց այդ պատժաչափը:

Այս ամենից զատ՝ մանավանդ ընդդիմադիր քաղաքական գործիչների համար Ազգային ժողովի ամբիոնը կարեւորագույն գործոն է. եթե Նիկոլ Փաշինյանը, Լեւոն Զուրաբյանը, Զարուհի Փոստանջյանն ու մյուս ընդդիմադիրները պատգամավոր չլինեին, դժվար է պատկերացնել, թե ինչպես պիտի ինքնարտահայտվեին եւ իրենց մտքերն ու տեսակետները հասցնեին հասարակությանը: Լավագույն դեպքում պիտի Սեֆիլյանի ու սեֆիլյանականների նման ժամանակ առ ժամանակ ելույթներ ունենային Ազատության հրապարակում՝ հատուկենտ ունկնդիրների համար՝ շատ հաճախ անձրեւի ու ձյան նվագակցությամբ: Այսինքն՝ Սեֆիլյանն ու սեֆիլյանականներն էլ հաստատ հոգնած կլինեն պայքարի տվյալ ձեւից՝ մանավանդ, որ պայքարի տվյալ ձեւը, ինչպես կյանքն է ցույց տալիս, բավական անարդյունավետ է: Այսինքն՝ առաջիկայում ոչ միայն Փաշինյանը, Զուրաբյանը, Փոստանջյանն ու ներկայիս մյուս պատգամավորներն են փորձելու վերընտրվել, այլեւ սեֆիլյանականները, երիտասարդ քաղաքացիականներն ու փողոցային պայքարի մյուս ներկայացուցիչներն են ձգտելու ու փորձելու պատգամավոր ընտրվել: Այսինքն՝ այս անգամ ձգտողների թիվը շատ ավելի մեծ է լինելու, մինչդեռ պատգամավորական տեղերի ու մանդատների թիվը մնալու է նույնը: Այսինքն՝ պայքարն անհամեմատ կատաղի ու թեժ է լինելու:

Այդ պայքարի թեժությունն արդեն իսկ գագաթնակետին մոտեցած կլիներ, եթե Ղարաբաղյան քառօրյա պատերազմը չլիներ: Ապրիլյան պատերազմը կանխեց շատերի, այդ թվում՝ քաղաքական գործիչների անձնական նկրտումները: Ավելին. քաղաքական գործիչներից շատերը պատերազմի թեման օգտագործեցին եւ շարունակում են օգտագործել՝ ի նպաստ իրենց վարկանիշի, իսկ առավել ճկուններն անմիջապես կամուֆլյաժներ հագան եւ հայտնվեցին առաջին գծում, եւ կամուֆլյաժավորների այս նոր տեսակի շնորհիվ մեր բառապաշարը համալրվեց միանգամայն նոր՝ սելֆի բառով, եւ սելֆիստներն առաջին գծից թիկունք՝ Երեւան վերադառնալով, ռազմագիտության դասեր են տալիս մեր հաջող ու անհաջող գեներալներին եւ իրենց պարտքն են համարում որակումներ շնորհել Մանվել Գրիգորյանին, Սամվել Բաբայանին ու մյուսներին, եւ այս ամենն արդեն իսկ խցկվում է նախընտրական պայքարի շրջանակներում, եւ միայն Սեֆիլյանն է, որ ոչ թե սրան ու նրան որակումներ է տալիս, այլ ընդամենը խնդրում է, պահանջելով խնդրում է, որ իրեն իրավունք ու հնարավորություն տան, որպեսզի ոչ միայն քառօրյա պատերազմում մեր կորցրած 800 հեկտարը վերադարձնի, այլեւ Ադրբեջանից նորանոր տարածքներ գրավի:

Ի տարբերություն Սեֆիլյանի՝ քաղաքական մեր մյուս գործիչներն ու ԱԺ պատգամավորական մանդատների մյուս հավակնորդները բավարարվում ու սահմանափակվում են «սելֆիներով» ու հայրենասիրական թունդ ելույթներով՝ չմոռանալով ռազմական ու ռազմագիտության դասեր տալ գեներալներին ու հրամանատարներին: Նրանք առայժմ էդ զբաղմունքով են սահմանափակվում՝ դեռեւս միմյանց վրա չհարձակվելով եւ միմյանց չպախարակելով, որովհետեւ դեռեւս պարզ չէ, թե ով ում հետ է նախընտրական դաշինք կազմելու: Բայց արդեն հասկանալի է, որ ընդդիմադիրներից որեւէ մեկը, առանց նախընտրական դաշինքի, չի կարողանալու մուտք գործել խորհրդարան: Երբ նախընտրական դաշինքները վերջնականապես կազմվեն ու հստակվեն, նոր միայն միմյանց վրա կրակահերթեր կարձակվեն: Ամեն ինչ կտեսնենք ու կլսենք՝ «էլ գող փիսո, էլ քաչալ շուն»:
Մի խոսքով՝ կատաղի պայքար է սպասվում չափազանց սահմանափակ տեղերի համար:

 
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

18.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930