Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ անել, որպեսզի ծննդաբերությունը հեշտ ընթանա

Հունիս 22,2016 16:43

Հղիության ընթացքում ֆիզիկապես և հոգեպես լավ զգալու համար տարբեր մեթոդներ են մշակվում: Լավագույն միջոցներից է յոգան: Ի տարբերություն շեյփինգի կամ աերոբիկայի, յոգան մեղմ ու սահուն շարժումների համալիր է, որը ապաքինում է ամբողջ մարմինը, վերականգնում բոլոր օրգանների ու համակարգերի աշխատանքը: Պարապմունքը չի հոգնեցնում, հակառակը՝ ամրացնում է մկանային համակարգը և հոգեբանորեն ճիշտ տրամադրում կյանքում տեղի ունեցած փոփոխությունների նկատմամբ: Յոգայի շնորհիվ հղին կարող է խուսափել այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են մեջքի ցավը, տոքսիկոզը և հետագա մաշկի  թուլացումը:

Aravot.am-ը զրուցեց «Օքսիլայֆ» բոդիֆլեքսի և յոգայի կենտրոնի մարզիչ Սուսաննա Մանուչարյանի հետ՝ քննարկելով հղիության ընթացքում ծննդաբերությանը պատրաստվելու և յոգայով զբաղվելու հարցը: Կենտրոնում ապագա մայրիկների համար գործում է հատուկ ՅՈԳԱԼԱՏԵՍ (ՅՈԳԱ+ՊԻԼԱՏԵՍ) մարմնամարզության դասընթաց, որն ունի 3 փուլ, որոնք համապատասխանում են հղիության երեք եռամսյակային փուլերին:  Մարզումների հիմնական նպատակն է հղիի առույգ, թեթև և լավ ինքնազգացողությունը, ինչի համար հարկավոր են բավարար արյան շրջանառությունը, որի արդյունքում զերծ կմնանք վերջույթների այտուցներից, կամրանան մեջքի մկանները ու կապահովվի մոր և երեխայի միջև հոգևոր կապը:

Սուսաննա Մանուչարյանը վստահեցրեց, որ ՅՈԳԱԼԱՏԵՍ համակարգը նպաստում է ծննդաբերությանը և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական տեսանկյուններից: Հարցին`յոգայի և այլ վարժությունների շնորհիվ ի՞նչ խնդիրներ են հաջողվել հարթել հղիների մոտ, մարզիչը պատասխանեց. «Յոգալատես պարապմունքները նպաստել են հղիների մոտ մեջքի հատվածում առաջացած ցավերի թեթևացմանը, նույնիսկ ողնաշարի տարատեսակ խնդիրների դեպքում: Մարզվող հղիները, ակտիվացնելով արյան շրջանառությունը, խուսափում են վերջույթների այտուցներից: Հատուկ վարժությունների միջոցով հաջողվել է փոխել պտղի դիրքը և թուլացնել արգանդի լարվածությունը»:

yoga3

Aravot.am-ը զրուցեց նաև մի քանի մայրիկների հետ, որոնք յոգայի շնորհիվ հարթել են հղիության ժամանակ առաջացած տարբեր բարդությունները: Օրինակ`Լիլիթ Սարգսյանը, ում որդին արդեն մեկ տարեկան է, յոգայի շնորհիվ կարողացել է խուսափել կեսարյան հատումից. «Երկրորդ հղիության ժամանակ հասկացա, որ պետք է զբաղվել մարմնամարզությամբ, որպեսզի ծննդաբերությունից հետո կարողանամ արագ վերականգնվել և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես: Այդ պահին ես մտածում է մարմնիս վերականգնման մասին, սակայն հղիության ընթացքում բախվեցի երեխայի սխալ դիրքի խնդրի հետ: Ես շատ անհանգստացած էի, սակայն «Օքսիլայֆ» կենտրոնում ինձ հետ անհատական մոտեցումով աշխատեցին և հատուկ վարժությունների շնորհիվ երեխան փոխեց իր դիրքը: Բարեբախտաբար, ամեն ինչ լավ ավարտվեց»:

Հերմինե Գևորգյանը հղիության ընթացքում ունեցել էր մեջքի սուր ցավեր: Մեզ հետ զրույցում պատմեց, որ միայն յոգալատեսի պարապմունքներին կանոնավոր հաճախումը և մարզվելը նպաստում էր մեջքի ցավի թեթևացմանը:

Մարզիչ Սուսաննա Մանուչարյանից հետաքրքրվեցինք` նշված խնդիրների լուծման համար հղիների պարապմունքների ժամանակ հատկապես ո՞ր վարժությունների վրա են ուշադրություն դարձնում: Նա նշեց. «Հիմնական շեշտը դրվում է մեջքի մկանների, ձեռքերի և ոտքերի մկանային խմբի վրա՝ հաշվի առնելով հղիության ժամկետը»:

Մասնագետները միակարծիք չեն նաև այն հարցում, թե հատկապես հղիության որ փուլից արժե մասնակցել նման պարապմունքների: Ի՞նչ են խորհուրդ տալիս` հղիության ընթացքում` ո՞ր ամսից սկսած կարելի է յոգայով զբաղվել և ծննդաբերությունից քանի՞ ամիս հետո վերսկսել: Սուսաննա Մանուչարյանը պարզաբանեց, որ եթե կինը մշտապես է զբաղվել սպորտով, ապա նա կարող է պարզապես փոխել խմբակը`գրանցվելով հղիների պարապմունքների, իհարկե, եթե այդ պահին չունենա բժշկական հակացուցումներ, այնուհետև հավելեց. «Իսկ ընդհանուր առմամբ խորհուրդ է տրվում հղիության 13-14 շաբաթները լրանալուց հետո մինչև համարյա թե վերջին օրերը, կախված ինքնազգացողությունից, մասնակցել մարմնամարզության պարապմունքների: Իսկ ծննդաբերությունից հետո, եթե ինքնուրույն է կատարվել, 3 ամիս անց կինը կարող է վերսկսել յոգայի պարապմունքները, կեսարյան հատումի դեպքում՝ առնվազն 6 ամիս անց»:

https://www.youtube.com/watch?v=8brtSPvijBU

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930