Լրահոս
Օրվա լրահոսը

Պապի դասերը

Հունիս 25,2016 10:00

Հայաստանում հոգեւոր առաջնորդի պահանջարկ կա: Այնպիսի առաջնորդի, որը երթեւեկում է միջին կարգի «Ռենոյով» (որը Երեւանում օգտագործվում է «տաքսի սերվիսի» տակ): Որը խստորեն արգելում է թիկնապահներին «հեռու քշել» ժողովրդին իր մեքենայից: Որը այլ երկիր է գալիս ինքնաթիռի «էկոնոմ կլասի» սրահով: Որը խոսում է հանգիստ, ցածր ձայնով, առանց պաթոսի: Մի խոսքով՝ մեզ պետք է հոգեւոր առաջնորդ Ֆրանցիսկոս պապի նման, բայց, իհարկե՝ մեր հարազատ եկեղեցու սպասավոր:

Մարդիկ հեշտությամբ են տարբերում` երբ է հանրային դեմքն անկեղծ, երբ է՝ կեղծավոր, երբ է նա իսկապես հավատում բարձր հոգեւոր արժեքներին, իսկ երբ է ձեւեր թափում: Ի վերջո, մարդու դեմքի արտահայտությունից ու հատկապես նրա աչքերից կարելի է հասկանալ՝ ինչի մասին է նա երազում: Ավելի շուտ՝ ինչ տեսակի, ինչ բնույթի են նրա երազանքները՝ մի տեղ «փող կպցնելու» եւ ավելի ճոխ կյանք վարելո՞ւ, թե՞ իսկապես մարդկանց հոգեւոր ու ֆիզիկական տանջանքները թեթեւացնելու մասին: Քիչ թե շատ փորձառու ականջը կարող է տարբերակել նաեւ՝ արդյո՞ք մարդը կարդացել է անցյալի իմաստուն մարդկանց մտքերը եւ ամենակարեւորը՝ կարողացե՞լ է արդյոք այդ մտքերը մարսել, դարձնել իրենը, թե՞ պարզապես ցանկանում է իր խոսքում մի երկու «մեջբերում» անել՝ տպավորություն թողնելու համար:

Հռոմի պապի երեկվա խոսքում կային հայ մշակույթին ուղղակի եւ անուղղակի հղումներ: Օրինակ՝ «Քրիստոսի հավատը Հայաստանի համար չի եղել որպես զգեստ՝ որ կարելի է հագնել կամ հանել, պարագաների կամ առիթների համաձայն, այլ սեփական ինքնության բաղկացուցիչ իրականություն, գերազանց պարգեւ՝ ուրախությամբ ընդունելի եւ ժրաջանությամբ եւ ուժով պահպանելի» (ենթադրաբար՝ անուղղակի հղում Եղիշեին): Բայց դա արվում է ոչ թե մեզ հաճոյանալու համար, այլ որովհետեւ մեր մշակույթը, մեր հավատը իսկապես մի աղբյուր է, որից Ֆրանցիսկոսն օգտվում է եւ ուժ է ստանում: Եվ երբ մարդն ասում է, որ եկել է ուխտագնացության, առաջին քրիստոնեական երկրի մթնոլորտի մեջ թաթախվելու, նա դարձյալ անկեղծ է: Այդ մենք ենք, որ ինչ-ինչ կենցաղային խնդիրների պատճառով չենք հասկանում, թե ինչպիսի երկրում ենք ապրում: Իսկ ուշիմ, խելացի, լայնախոհ օտարները դա հրաշալիորեն հասկանում են եւ գալիս են այստեղ… սովորելու: Այդ տգետներն են, որ կարծում են, թե հասել են ինչ-որ բարձունքների եւ այլեւս սովորելու բան չունեն: Հռոմի պապի նման մարդիկ մշտապես ձգտում են հոգեւոր զարգացման եւ ինքնակատարելագործման:

Մենք էլ, եթե խելք ունենք, պետք է նրանից սովորենք՝ համեստություն, ժուժկալություն, բարություն, ներողամտություն՝ այդ բոլոր առաքինությունները, որոնց մասին մենք (հուսով եմ) կարդացել ենք Աստվածաշնչում: Եվ մի ասեք, որ դա մեր պարագայում անհնարին է: Ինչպես ասում էր նրանց կաթոլիկների սուրբը՝ Ֆրանցիսկոս Ասիզցին, «սկզբում արեք ամենաանհրաժեշտը, հետո արեք այն, ինչ կարող եք, եւ արդյունքում դուք կտեսնեք, որ անում եք անհնարինը»:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Լևոն says:

    Առանց որևէ մեղադրանքի ուղղակի ուզում եմ մի փոքր շատ ուսումնասիրեք պապին և հենց հոդվածի սկզբում չփորձեք իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ փոխանցել (Էկոնոմ դաս, տաքսիների համար շահագործվող ռենո): Առհասարակ պետք է հասկանալ, որ աշխարհում ամեն մեկն իր դերը և նշանակությունը ունի: Տեղափոխելով, մեկին մյուսի դերը տալով և պահանջելով դժվար կլինի ինչ որ բան փոխել: Իհարկե, եթե հոդվածը դրա նպատակը ուներ, իսկ եթե զուտ անտեղյակ մարդկանց ծամելու խոսքեր են, ուրեմն որևէ խնդիր և առավել ևս առարկություն չկա:

  2. Հ.Շ. says:

    Շատ ճիշդ ու առողջ դիտողութիւններ կան այս Խմբագրականին մէջ:

    Սակայն նաեւ նկատի ունենանք թէ մենք հայերս հակում ունինք օտարին աւելի պատվելու, իդէալացնելու եւ մեծարելու, մինչ հարազատօրէն հայկական որեւէ բան՝ ծաղրելու, վարկաբեկելու, ստորագնահատելու:

    «Հարեւանին խոտը միշտ աւելի կանաչ է»…

    Այս պարագային ալ, հոգեւորական վեհագոյն Հեղինակութիւնն է այդ մտայնութեան առարկան: Սպիսակ (թեթեւօրէն բե՞ժ) խոտը մանիշակագոյնից աւելի յարգելի է, եթէ կ’ուզէք…

    Ուրիշ նիւթով – կամ ալ թերեւս՝ ոչ… –
    այս առիթով Արամ Ա.-ի բացակայութիւնը անհասկնալի է,
    եւ ամէն դէպքում, անընդունելի:

    Ասիկա անշուշտ Սփիւռքին կը մնայ մատնանշել: Սակայն, գոնէ մինչ այս պահը՝ այս մասին միայն լռութիւն կը տիրէ: Երեւի ժողովներ են անում…

  3. Մանվել says:

    Ապրես Արամ. Շնորհակալություն

  4. Ռուբեն says:

    Այս հոդվածը, իմ կարծիքով, Արամ Աբրահամյանի գրած լավագույն հոդվածներից մեկն է, եթե ոչ` լավագույնը: Հեղինակին հաջողվել է հրաշալիորեն արտահայտել այն, ինչի մասին երկար ժամանակ մտածել ենք միլիոնավոր հայերս, բայց այդպես ինքնատիպ ու դիպուկ չէինք կարողանա արտահայտվել: Թե ինչ կմնա մեր սրտերում, երբ Ֆրանցիսկոս պապը մեկնի Հայաստանից, երևի թե այն ապացույցը, որ իսկական մեծերը սիրում են պարզն ու հասարակը և խորշում փառասիրության ու շքեղության դրսևորումներից:

  5. Լավատես says:

    Ինչքան գիտեմ, իրենք որմնադիրների հետ չունեն, մեկը սիրո, մյուսը՝ ատելության դրոշը բարձրացրած աշխարհն իրար մեջ են բաժանում: Մենք պետք է երկուսից էլ բարձր գտնվենք, եթե սովորենք գնահատել մեր մեծերին:

    https://classic-online.ru/ru/production/29762

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930