Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրհեղեղը լուրջ վնասներ է պատճառել Կարճաղբյուր գյուղին

Հունիս 25,2016 11:19

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում հունիսի 24-ի տեղացած հորդ կարկուտից եւ անձրեւից առաջացած ջրհեղեղը լուրջ վնասներ է պատճառել գյուղի երեք թաղամասերի վեց տասնյակին մոտ տնտեսություններին եւ ենթակառուցվածքներին:

Ջրհեղեղն առաջացել է գյուղի հարավային հատվածում` ողողելով գյուղամիջյան ճանապարհները,ցանքերը, տնամերձ հողամասերը, տնտեսությունների անասնագոմերը, նկուղները, հացատները, վնասելով խմելու եւ ոռոգման ջրատարները: Գրանցվել է նաեւ ընտանի կենդանիների անկման եւ անասնագոմերի պատերի կամ առաստաղների փլուզման դեպքեր:

Գյուղամերձ ցանքերում կուտակված կարկտի շերտը կազմել է մոտ 30 սանտիմետր, որի հալոցքը եւս նպաստել է հեղեղի առաջացմանը:ՙՀորդառատ կարկուտն ու անձրեւը տեւեցին մոտ քառասուն րոպե, որից հետո մոտ մեկ ժամ տեւողությամբ, մոտ մեկ մետր բարձրությամբ հեղեղը ավերածություններ էր գործում գյուղի երեք թաղամասերով մեկ: Որեւէ կերպ կանգնեցնել հեղեղի թափն անհնար էր:

hexex

ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության աշխատակիցները պոմպերի միջոցով դուրս են մղում բնակարանների նկուղներում կուտակված մեծածավալ ջրերը, մարդիկ դույլերով դուրս են մղում անասնագոմերում կուտակված ջուրն ու տիղմը: Գյուղը ժամերով մնացել է հոսանքազրկված,ճանապարհները դարձել են անանցանելի՚,- նշեց Կարճաղբյուրի գյուղապետ Տարոն Քոչարյանը: Ճանապարհների հատվածներում եւ տնամերձ հողամասերի կարտոֆիլի ցանքերում հեղեղն առատ տիղմ ու քարեր էր կուտակել, իսկ առանձին տեղերում էլ խոր խանդակներ առաջացրել:

Մարդիկ մեկ ժամ տեւած աղետից հետո ներկայացնում էին բնության անսանձ տարերքի պատճառած վախի տպավորությունները: «Ես մեր նկուղային հարկում էի, հացի սեղանի մոտ, որտեղ հաց ենք ուտում ընտանիքով:Հանկարծ հեղեղը թափով լցվեց ներս, ինձ քշեց իմ նստած տեղից: Աղջիկս իրեն դրսից նետեց ներս, ինձ մի կերպ դուրս բերեց փորձանքից»,-պատմեց ութսունութամյա Գեղեցիկ Աղաջանյանը: «Հեղեղը լցվեց բակ, դեմը չկարողացանք փակել, ապա միանգամից մտավ անասնագոմ, որի տանիքը գետնին հավասար է: Առաստաղը ջրի ծանրությունից փլվեց, հորթին մի կերպ կենդանի դուրս հանեցինք փլվածքի տակից»,-պատմեց Բավական Առաքելյանը: Փլվել էր նաեւ Հասմիկ Խուրշուդյանի գոմի պատը եւ առաստաղը:

«Վնասների չափերը կճշտվի համապատասխան հանձնաժողովների կողմից, բայց նախնական տվյալներն արդեն տալիս են աղետի հասցրած վնասների մոտավոր պատկերը: Վերականգնման են ենթակա խմելու եւ ոռոգման ջրատարները, ճանապարհները, փլված շինությունները, փոխհատուցման ենթակա` վնասված ցանքատարածությունները, ինչը վեր է տեղական բյուջեի հնարավորություններից: Տուժածների մեջ կան նաեւ պայմանագրային եւ ժամկետային զինծառայողների ընտանիքներ»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը: Վնասների հնարավոր չափերը ճշտվում են:

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930