Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի էներգետիկ ոլորտի չարաշահումները եւ կոռուպցիան

Հունիս 27,2016 09:00

Policy Forum ArmeniaՀամառոտագիր. Չնայած Հայաստանն ունի էժան հիդրոէլեկտրաէներգիայի արտադրության ամենամեծ չափաբաժինը, թանկ բնական գազով արտադրվող էլեկտրաէներգիայի ամենափոքր չափաբաժինը և ատոմային էներգիայով արտադրվող ոչ թանկ էլեկտրաէներգիայի զգալի չափաբաժին, այնուամենայնիվ, Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն ամենաբարձրերից է այստեղ ներկայացվող երկրների շարքում: Այս ուսումնասիրությունը ենթադրում է, որ Հայաստանում գործող բարձր սակագինը հետևանք է.

ա) էներգետիկ ընկերությունների կողմից պետական սեփականություն հանդիսացող քիմիական գործարաններին և պետական պաշտոնյաների կողմից վերահսկվող հիմնադրամներին կատարվող ֆինանսական փոխանցումների,

բ) էլեկտրաէներգիայի վարձերի չվճարումների և

գ) անպատասխանատու գնային քաղաքականության: Ենթադրվում է, որ այսօրվա սակագների պայմաններում կոռուպցիոն այս գործունեության արդյունքում բնակչության կրած կորուստները կկազմեն առնվազն տարեկան 250 միլիոն ԱՄՆ դոլար (կամ՝ Հայաստանի Համախառն Ներքին Արդյունքի մոտ 2.5% -ը), որի զգալի մասը հավանաբար տեղ կգտնի էներգետիկ ոլորտը կարգավորող և կառավարող պետական կոռումպացված պաշտոնյաների բանկային հաշիվներում:

Ա. Ներածություն

Չնայած անհաջող մեկնարկին՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի 2000 թվականների սկզբին սկսված և հետագայում շարունակված սեփականաշնորհման գործընթացը ներկայացվել է որպես մեծ ձեռքբերում: Այնուամենայնիվ իրավիճակը կտրուկ փոխվեց մոտ մեկ տասնամյակ անց, երբ բողոքի տարբեր արտահայտություններն իրենց գագաթնակետին հասան «Էլեկտրիկ Երևան» շարժման կողմից 2015 թվականի հունիսին կազմակերպված մի շարք հուժկու հանրահավաքների ընթացքում: Այս հոդվածը ներկայացնում է այն չարաշահումները, քաղաքականության ձախողումներն ու կոռուպցիոն մեխանիզմները, որոնք ծնկի բերեցին Հայաստանի էներգետիկ համակարգը: Մենք կսկսենք էներգետիկ ոլորտի և դրա խնդիրների վերաբերյալ համառոտ ակնարկով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունը

Աղյուսակ 1-ում բերված են Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի կառուցվածքն ու առանձին միավորների արժեքը: Կոպիտ հաշվարկներով՝ Հայաստանի էլեկտրաէներգիայի մեկ քառորդն արտադրվում է մեծ հիդրոէլեկտրակայանների կողմից (Սևան-Հրազդան ՀԷԿ և Որոտանի Կասկադ): Առավել թանկ էլեկտրաէներգիա են արտադրում գազով աշխատող կայանները (Հրազդանի ՋԷԿ, Հրազդան-5 Էներգաբլոկ և Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան):

Վերջերս, սակայն, պետական սեփականություն հանդիսացող և շահութաբեր Որոտանի Կասկադը 180 միլիոն ԱՄՆ դոլարով վաճառվեց Ամերիկյան քիչ հայտնի Contour Global ընկերությանը: Չնայած այս գործարքի մասին հանրությունը շատ չէ տեղեկացված, սակայն հայտնի է, որ Contour Global ընկերությունը Բրազիլիայում կառավարում է երկու հիդրոէլեկտրակայան, որոնք իրենց չափերով տասն անգամ զիջում են Որոտանի Կասկադի հզորությանը: Այս հանգամանքը կասկածի տակ է դնում այս օպերատորի համապատասխանությունը և գործարքի խորքային հիմնավորումը: Սեփականաշնորհումից առաջ ՀՀ կառավարությունը Գերմանական KfW Հիմնադրամից 50 միլիոն եվրո վարկ էր ստացել Որոտանի Կասկադի վերականգնման համար:

agyusak 1

Հայաստանի Ատոմային Էլեկտրակայանը (ՀԱԷԿ), որն այժմ գտնվում է ռուսական կառավարման տակ, համակարգի զարդն է: Էներգետիկ համակարգի ողնաշարը համարվող ՀԱԷԿ-ը 2014 թվականին արտադրել է Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ 30 %-ը: Համաշխարհային Բանկը (2014) եզրակացրել է, որ եթե ՀԱԷԿ-ը փակվի պրոֆիլակտիկ սպասարկման աշխատանքների համար, ապա Հայաստանում պիկ ժամերին էլեկտրաէներգիայի մատակարարման պակասորդ կառաջանա:

Համաձայն Համաշխարհային Ատոմային Ասոցիացիայի տեղեկատվության՝ «2016 թվականի սեպտեմբերին Հայկական ԱԷԿ-ը կներկայացնի շահագործման երկարացման նախագիծ: 300 միլիոն ԱՄՆ դոլար նախատեսող վերակառուցման այդ ծրագիրը կսկսվի իրականացվել 2017 թվականին, նպատակ ունենալով երկարաձգել ՀԱԷԿ-ի աշխատանքները մինչև 2026 թվականը»: Հայտնի չէ, սակայն, թե այս ծրագրի ֆինանսավորումը որտեղից է կատարվելու՝ հաշվի առնելով Հայաստանի բյուջեի աղետալի վիճակն ու առկա տնտեսական ճգնաժամը:

Հայաստանն էլեկտրաէներգիան փոխանակում է իրանական գազի հետ՝ հիմնականում 1 խորանարդ մետր գազը փոխանակվում է 3 կիլովատ էլեկտրաէներգիայի հետ: Սա սկսվեց որպես էլեկտրաէներգիայի դիմաց՝ էլեկտրաէներգիա փոխանակում պիկ և ոչ պիկ ժամերի ընթացքում: Այժմ, սակայն, գրեթե անհնար է հասկանալ էլեկտրականություն-գազ փոխանակման մանրամասները, քանի որ այդ տվյալները հանրայնացված չեն:

Էլեկտրաէներգիայի բաշխում

Ռուսական կողմից տնօրինվող և գործարկվող Հայաստանի Էլեկտրական Ցանցերը (ՀԷՑ) էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների և Հայաստանի սպառողների միջև կապող օղակն է: Midland Resources Holding-ի կառավարման տակ լինելով շահութաբեր կազմակերպություն (մինչև 2005թ. ռուսական էներգետիկ հսկա Inter RAO UES-ին անցնելը), այն 2012-ից վերածվեց վնասներ կրող ընկերության: 2010 թվականին ՀԷՑ-ի զուտ մաքուր եկամուտի 3.2%-անոց շեմը 2012 թվականին նվազեց մինչև բացասական 9.2%-ը: 2013 թվականին ՀԷՑ-ում անցկացված աուդիտորական ստուգումները զգալի կորուստներ և պարտքերի կուտակումներ արձանագրեցին:

Չնայած տեխնիկական կորուստները տարիների ընթացքում որոշ չափով նվազել են (տե՛ս ՀԵՑ հաշվետվության էջ 9), մատակարարման հուսալիության մակարդակը դեռ մնում է ցածր: 2012 թվականին բաշխման մեկ գծի խափանումների հաճախականությունը և խափանման տևողությունը համապատասխանաբար 2.5 և 4 անգամ գերազանցել են ԱՄՆ և Եվրոպայի առավել լավ գործող բաշխիչ ցանցերի միջին տվյալները: Կազմակերպության կապիտալ ներդրումներն անմիջական կապ ունեն այս իրավիճակի հետ: 2009 թվականին ՀԷՑ-ի կապիտալ ներդրումները կազմել են 28 միլիարդ ՀՀ դրամ, իսկ 2012 թվականին դրանք նվազել են՝ կազմելով 8 միլիարդ ՀՀ դրամ:

Վերջին աղմկահարույց զարգացումների ժամանակ ՀԷՑ-ն առաջարկեց սակագինը բարձրացնել 17 դրամով (կամ 40%-ով): 2015թ. հունիսի 17-ի նիստի ժամանակ Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովը (ՀԾԿՀ) փոխարենն առաջարկեց ընդամենը 7 դրամ սակագնի աճ, որով ցերեկային սակագինը կսահմանվեր 48.8 դրամ, իսկ գիշերային սակագինը՝ 38.8 դրամ մեկ կիլովատ ժամի համար: Սրա արդյունքում սկիզբ առավ «Էլեկտրիկ Երևան» շարժումը:

ՀԷՑ-ը բավարար միջոցներ չունի կայանների պատշաճ միջնաժամկետ սպասարկումն (ինչպես նաև էլեկտրաէներգիայի մատակարարումն) ապահովելու համար: Նման միջոցներ չունի նաև կառավարությունը: Այդ իսկ պատճառով, որոշ վերլուծություններ ենթադրում են, որ 2015թ. հունիսի բողոքի ակցիաները «խրախուսվել են» կառավարության կողմից, որպեսզի մարդկանց ուշադրությունը սևեռեն մոտալուտ վտանգի վրա և ընկերության այս անմխիթար վիճակի ողջ մեղքը բարդեն ռուսական ղեկավարության վրա: Այս ուսումնասիրության «Գ» ենթաբաժնում ներկայացված են այս վարկածը հիմնավորող որոշ դրույթներ:

Բ. Էլեկտրաէներգիայի սակագների համեմատությունը երկրների միջև

Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրներն ու գնագոյացման մեխանիզմները առավել լավ հասկանալու համար կարևոր է, որպեսզի Հայաստանը համեմատենք Անկախ Երկրների Համագործակցության (ԱՊՀ) անդամ այլ երկրների հետ: Աղյուսակ 2-ը ներկայացնում է էլեկտրաէներգիայի արտադրության, արդյունավետության ցուցանիշների և բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման տվյալները որոշ երկրներում:

Հետևյալ դիտարկումներն արժանի են ուշադրության.

·         Հայաստանն ունի հիդրոէլեկտրաէներգիայի (համեմատաբար էժան) արտադրության մեծ չափաբաժին. Վրաստանից և Ղրղզստանից հետո այն երրորդն է:

·         Հայաստանն ունի բնական գազով էներգիայի (համեմատաբար թանկ) արտադրության ամենափոքր չափաբաժիններից մեկը:

·         Ատոմային էներգիայով (համեմատաբար էժան) արտադրվող էլեկտրաէներգիայի Հայաստանի չափաբաժինը Ռուսաստանի չափաբաժնից մեծ է: Համեմատվող երկրների ցանկում որևէ այլ երկիր չունի ատոմային էներգիա արտադրելու կարողություն՝ բացառությամբ Ուկրաինայի, որը ներառված չէ աղյուսակում:

·         Ինչպես Բելառուսը, Վրաստանը, Ղրղզստանը և Մոլդովան, Հայաստանը նույնպես ներմուծում է իր էներգակիրների մեծ մասը (73%): Հայաստանի դեպքում դա գազն է և ատոմային վառելիքը:

·         2012 թվականին Հայաստանը էներգիայի փոխանցման և բաշխման վնասներով (12.4%) գտնվում էր միջին տեղում և համեմատվում էր Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի զարգացող երկրների հետ, որոնց համապատասխան կորուստները կազմում էին 12.2%:

 

Չնայած այս նպաստավոր գործոնների, Հայաստանի էլեկտրաէներգիայի սակագինը ամենաբարձրն է համեմատվող երկրների շարքում:

agyusak 2

Գ. Էլեկտրաէներգիայի ոլորտի խնդիրների հիմնական պատճառները

 

Ստորև ներկայացված է այն պատճառների ցանկը, որոնք վերջին տարիների ընթացքում հանգեցրել են էլեկտրաէներգիայի բարձր սակագնի ձևավորմանը և ոլորտի ֆինանսական իրավիճակի վատթարացմանը:

 

1.      Նաիրիտին և Վանաձորի քիմիական գործարանին կատարված ֆինանսական փոխանցումներ, որոնք չեն վերադարձվել: Պետական էներգակայանները (ՀԱԷԿ, Երևան ՋԷԿ, Որոտանի Կասկադ և Բարձրավոլտ Էլեկտրացանցեր) օգտագործվել են որպես քիմիական այս գործարաններին ֆինանսական փոխանցումների աղբյուր: Այս գործարանների ընդհանուր պարտքը էներգետիկ ոլորտի կազմակերպություններին գնահատվում է մոտավորապես 22 միլիարդ ՀՀ դրամ (Տե՛ս ՀԲ (2014) էջ 43): Հատկանշական է, որ Նաիրիտի պարտքը էներգետիկ ոլորտին ձևավորվել է պետական երաշխիքով, որը սակայն կյանքի չի կոչվել: Այս իրավիճակը զգալի բացեր է առաջացրել էլեկտրաէներգիա արտադրող կազմակերպությունների ֆինանսական հոսքերում, որը ստիպել է նրանց կարճաժամկետ թանկ վարկեր վերցնել, որն էլ իր հերթին հանգեցրել է էլեկտրաէներգիայի արտադրության թանկացմանը:

2.      Պետական պաշտոնյաների վերահսկողության տակ գործող հիմնադրամներին կատարված ֆինանսական փոխանցումներ: Էլեկտրաէներգիա արտադրող կազմակերպություններն ու ՀԷՑ-ը պարտադրված էին հսկայական ֆինանսական փոխանցումներ կատարել կառավարության հետ առնչություն ունեցող հիմնադրամներին և այլ կառույցներին: Եվրազիանետի հաշվետվությունը հաստատում է, որ ՀԷՑ-ը միլիոնավոր դոլարների նվիրատվություններ է կատարել տարբեր բարեգործական կազմակերպությունների, նաև այնպիսիներին, որոնց խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է: Մինչ այժմ էլ էներգետիկ ոլորտը ֆինանսավորում է կառավարական ընդունելությունների համար նախատեսված հսկայական կենտրոնի վերակառուցման ծախսերը (Տե՛ս ՀԲ (2014) էջ 43):

3.      Էլեկտրաէներգիայի վարձերի չվճարումներ. Քաղաքական էլիտայի հետ սերտ կապեր ունեցող որոշակի շրջանակներ տարիներ շարունակ չեն վճարել էլեկտրաէներգիայի վարձավճարները: Հրապարակված աղբյուրներից կոնկրետ հաշվարկներ անելը դժվար է, սակայն այս նյութի հեղինակի հարցազրույցները ոլորտի մասնագետների հետ վկայում են, որ խնդիրը բավական լուրջ է:

4.      Գնային անպատասխանատու քաղաքականություն: ՀԷՑ-ի ֆինանսական դրությունը ՀԾԿՀ-ի կողմից կանոնավոր կերպով քայքայվել է՝ հետևյալ մեքենայությունը կիրառելու պատճառով: Բնակչին հասնող սակագինը հաշվարկելիս ՀԾԿՀ-ն (միտումնավոր) հիդրոէլեկտրակայանների և ատոմային էներգիայով արտադրվող (էժան) էլեկտրաէներգիայի ուռճացված քանակներ է գրանցել, որպեսզի սակագինն արհեստականորեն ցածր պահի: Իրականում գազով արտադրվող էլեկտրաէներգիայի չափաբաժինը շատ ավելի մեծ է, ծախսերն էլ՝ ՀԷՑ-ի համար ավելի շատ, սակայն սակագինն արհեստականորեն ցածր էր պահվում: Սրան հավելենք, որ վերջին երկու տարիների ընթացքում ՀԾԿՀ-ն մի քանի անգամ մերժել է ՀԷՑ-ին անհրաժեշտ ներդրումային ծրագրերը, որպեսզի կարողանա վերահսկողության տակ պահել սակագինը:

ՀԷՑ-ին պարտադրված գնային մեխանիզմի հետևանքները. ՀԷՑ-ը էներգակայաններին վճարում է հաստատուն և փոփոխվող ծախսերի դիմաց: Սակայն սպառողներից գանձված սակագինը ծածկում է միայն փոփոխվող ծախսերը: Սա ստեղծում է մի իրավիճակ, երբ պահանջարկի անկման ժամանակ, եկամուտները բավարար չեն լինում ծախսերը փակելու համար, ինչի հետևանքով ՀԷՑ-ը վնասով է աշխատում: Սա ֆինանսական լուրջ խնդիրներ է առաջացնում ՀԷՑ-ի համար և վտանգում է էլեկտրաէներգիայի կայուն մատակարարումը՝ սպասարկման աշխատանքների համար անհրաժեշտ միջոցներ չունենալու պատճառով :

Էներգետիկ ոլորտի խնդիրները քննարկելիս հաշվի չի առնվում չափազանց կարևոր մի հանգամանք՝ բնակչության դինամիկան: Քանի որ էլեկտրաէներգիայի արտադրության միջին գինը կախված է արտադրանքից և պահանջարկից , պահանջարկի շարունակական նվազման դեպքում էլեկտրաէներգիայի արտադրության ծախսերը կավելանան: Սա, իր հերթին, կբարձրացնի սակագինը, ինչն ավելի կնվազեցնի պահանջարկը և ծախսերը կշարունակեն ավելանալ: Այս իրավիճակի շարունակականությունը կարող է կործանիչ լինել համակարգի ֆինանսական կենսունակության համար:

Վերջում, պետք է նշել, որ արտարժույթի արժեզրկումը չէր կարող զգալի ազդեցություն ունենալ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման վրա: Դրա պատճառն այն է, որ արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր գնի միայն մի փոքր հատվածն է բաժին ընկնում արտերկրից ներմուծվող էներգակիրներին: Ստորև ներկայացնում ենք այն բացատրությունը, թե ինչու ատոմային էներգիայով արտադրված էլեկտրականության արժեքը, որը մեծ հաշվով պայմանավորված է ներմուծվող հումքի արժեքով, այդքան էլ կախված չէ արտարժույթի գների փոփոխություններից:

havelvac 1

Դ: Կոռուպցիոն շահութաբաժնի հաշվարկ. Տարբեր երկրների վերլուծություն

Ինչպես նշեցինք վերևում, էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում ավելի բարձր է քան ԱՊՀ մի շարք երկրներում: Հետևյալ գծապատկերը ցույց է տալիս, թե ինչքանով է Հայաստանում գործող սակագինը տարբերվում համեմատվող մյուս երկրներում գործող սակագներից, եթե հաշվի ենք առնում առաջարկի գործոնները (ինչպիսիք են օրինակ՝ արտադրման միջոցները՝ հիդրո, ատոմային և գազ), ինչպես նաև պահանջարկի գործոնները (օրինակ՝ բնակչության գնողունակություն):

gcapatker-1

gcapatker-2

gcapatker-3

Բոլոր՝ երեք գծապատկերներն էլ ցույց են տալիս, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը զգալիորեն ավելի բարձր է քան պետք է լիներ, քանի որ այն տեղակայված է սակագինը ձևավորող գործոնների և սակագնի հարաբերությունը ցույց տվող գծից շատ ավելի վերև: Այս ցուցանիշների հիման վրա կարող ենք եզրակացնել, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը՝ ներկայումս գործող մեկ կիլովատ ժամի համար 48,8 դրամի փոխարեն պետք է լիներ 34-35 դրամի սահմաններում: Հաշվարկված այս գինը կարող է նույնիսկ ավելի ցածր լինել, եթե վերլուծության մեջ հաշվի առնվեն համեմատաբար էժան ատոմային էներգիայով արտադրությունը և Հայաստանում արտադրման ու բաշխման ցածր կորուստները:

34-35 դրամ սակագինը արժանահավատ է նաև այն պատճառով, որ համակարգն այս սակագնով (եթե ինֆլյացիան հաշվի առնենք) աշխատել է անցյալում: Համենայնդեպս, այս սակագինը արդյոք բավարար կլինի՞ ապահովելու համակարգին անհրաժեշտ մեծածավալ ներդրումները, թե ոչ, մեծավ մասամբ կախված է բարեփոխումներ կատարելու կարողությունից և միջոցների արդյունավետ օգտագործումից:

48,8 դրամ/կՎժ և 34-35 դրամ/կՎժ սակագնի տարբերությունը (այսինքն՝ 14-15 դրամով կամ մոտավորապես 40%-ով ավել, քան այլ երկրների հետ համեմատության արդյունքում ակնկալվող սակագինն է) կոռուպցիոն այն շահույթաբաժինն է, որ Հայաստանի իշխող համակարգը հաջողությամբ գանձում է իր ժողովրդից: Եթե հաշվի առնենք, որ մեկ տարում միջին հաշվով արտադրվում է 7.8 միլիարդ կիլովատ ժամ էլեկտրաէներգիա, ապա սակագնի հիշյալ տարբերության արդյունքում ձևավորվում է մոտ 250 միլիոն ԱՄՆ դոլարի (Հայաստանի Համախառն Ներքին Արդյունքի մոտ 2.5%-ը) հասնող ավելցուկային եկամուտ: Թե ինչպես է այս ավելցուկը բաշխվում պետական պաշտոնյաների, ՀԷՑ-ի և էլեկտրաէներգիա արտադրող կազմակերպությունների միջև՝ կախված է նրանց միջև հաստատված խրթին հարաբերություններից և իրականացվող գործարքներից:

Ե: Ուռճացված էլեկտրաէներգիայի սակագների ազդեցությունը

Այս շահույթաբաժինը կարևոր ազդեցություն ունի տնտեսական և սոցիալական իրավիճակի վրա: Էլեկտրաէներգիայի բարձր սակագինը բացասական ազդեցություն ունի բազմաթիվ ոլորտների տնտեսական գործունեության վրա, քանի որ այն բարձրացնում է արտադրությունների և ծառայությունների արժեքը: Պետք է ավելացնել նաև, որ էլեկտրաէներգիայի բարձր սակագինը նվազեցնում է տնային տնտեսությունների սննդամթերքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների համար նախատեսված գումարը, որն էլ բերում է աղքատության ավելացման: Օգտագործելով Հայաստանի տնային տնտեսությունների ծախսերի տվյալները՝ Համաշխարհային Բանկը գտել է, որ՝ ա) էլեկտրաէներգիայի ծախսն արդեն իսկ կազմում է տնային տնտեսությունների ընդհանուր ծախսերի 10%-ը, որը միջազգայնորեն համարվում է էներգետիկ աղքատության մակարդակ. բ) 2013 թվականին էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացման արդյունքում՝ էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը աղքատ բնակչության համար ամենաշատն են ավելացել՝ կազմելով 13.6%. գ) գնահատվում է, որ սակագների բարձրացումը աղքատությունն ավելացրել է 3%-ով:

Համաշխարհային Բանկի կողմից իրականացված մեկ այլ ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Հայաստանի տնային տնտեսությունները, ի տարբերություն զարգացող մյուս երկրների տնային տնտեսությունների, առավել զգայուն են էներգիայի գների տատանումների նկատմամբ: Ռուգգերին, Օլիվիերը և Թրիմբլը (2013) կարծում են, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման արդյունքում Հայաստանում աղքատության մակարդակը կավելանա 6%-ով, ինչը ուսումնասիրության խմբում ընդգրկված երկրների մեջ ամենաբարձր ցուցանիշն է;

gcapatker 4

Վերջապես, պետք է նշել, որ էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացումը ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններին կստիպի ջեռուցման խնդիրը լուծել վառելափայտի միջոցով, ինչը բացասական հետևանքներ կունենա ինչպես բնակչության առողջության, այնպես էլ ՝ Հայաստանի սակավ անտառածածկույթի համար: Արձանագրվել է, որ աղքատ տնային տնտեսությունները կրճատում են առողջապահության և երեխաների կրթության համար նախատեսված ծախսերը, որպեսզի կարողանան ծածկել էներգիայի սակագների բարձրացման արդյունքում առաջ եկած ֆինանսական բացերը:

«Էլեկտրիկ Երևան» շարժման առաջնորդները էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարում կարծես թե հենց այս խնդիրներով էին մտահոգ: Սակայն, ոչ միայն նրանց պահանջները չբավարարվեցին, այլ նաև պայքարի արդյունքը թե՛տնտեսապես, թե՛ սոցիալապես թերի մնաց: Կոռուպցիայի մակարդակը, էլեկտրաէներգիայի կարգավորման, արտադրության, ինչպես նաև՝ բաշխման թերությունները նվազեցնելու փոխարեն, 2015 թվականի հունիսի իրադարձությունների արդյունքում կառավարությունը գնաց պետական բյուջեից ոլորտի սուբսիդավորման ճանապարհով: «Ձեռքբերումները սեփականաշնորհելու, իսկ կորուստները հանրայնացնելու» դասական օրինակով Հայաստանի հարկատուները ստիպված եղան վճարել անցյալի սխալների համար՝ այդպես էլ էներգետիկ ոլորտի կառավարման մեջ որևէ առարկայական փոփոխության չհասնելով:

Օգտագործված գրականություն

Sargsyan, Gevorg, Ani Balabanyan, and Denzel Hankinson, 2006. “From Crisis to Stability in the Armenian Power Sector.” World Bank Working Papers 74.

World Bank, 2014. “Armenia Power Sector Policy Note,” December; Washington, DC.

Ruggeri Laderchi, Caterina, Anne Olivier, and Chris Trimble, 2013. “Balancing Act: Cutting Energy Subsidies While Protecting Affordability,” The World Bank, Europe and Central Asia Reports, Washington, DC. Այս հղումով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930