Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Ձեր կառավարության կեսը բիզնեսմեններ են, Ուզբեկստանին ծախեք». Ալեքսանդր Արզումանյանի առաջարկը

Հունիս 27,2016 13:26

Այսօր ԱԺ-ում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը եղել է ընդդիմության եւ քաղհասարակության հետ համաձայնության արդյունքում՝ «4+4+4» ձեւաչափով բանակցություններից հետո:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ չնայած ոմանք հայտարարում են, որ սա կոնսենսուս է՝ Ընտրական օրենսգրքի շուրջ, բայց դա այդպես չէ. «Նման կոնսենսուս չկա: Դա համաձայնություն է՝ որոշ դրույթների իրականացման մեխանիզմների հետ կապված: Եթե ՀԱԿ-ը գտնի, որ ներկայացված նախագիծը համապատասխանում է ձեռք բերված համաձայնությանը, մենք կողմ կքվեարկենք այս նախագծին»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանին մտահոգել էր այն, որ Դավիթ Հարությունյանը իր ելույթի 15 րոպեների ընթացքում 20 անգամ օգտագործել էր «եթե ֆինանսավորեն» արտահայտությունը: Նա հարցրեց. «Համաշխարհային պրակտիկայում իրեն հարգող պետություն կա՞, որ օրենք է ընդունում՝ դա պայմանավորելով դոնորների կողմից ֆինանսավորմամբ»:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ փաստը մնում է փաստ՝ բյուջեում այդ գումարները չկան:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ ասաց, որ «շատ ենք չարչարվել՝ էս օրվան հասնելու համար», բայց մի տեսակ ջանք չի տեսնում կառավարության կողմից՝ դոնորներ գտնելու:

Ալեքսանդր Արզումանյանն էլ արձագանքեց. «Ձեր չարչարանքին ապաշխարանք, բայց մտահոգություններ ունենք: Դոնորներով պայմանավորված օրենք ընդունելու պրակտիկա չկա: Դա նույնն է, որ Հարկային օրենսգիրք ընդունենք, գրենք՝ եկամտահարկը x տոկոս է, բայց եթե մուտքերը քիչ լինեն, կդառնա x+5 տոկոս: Սա աբսուրդ է: Արժանապատվության խնդիր է, որ ԱԺ-ն քվեարկի՝ ինչ-որ 16 մլն եվրոյի հետ կապելով ողջ գործընթացը: Սենց չի կարելի»:

Ալեքսանդր Արզումանյանն առաջարկեց, որ հաջորդ տարվա բյուջեով նախատեսեն այդ գումարը, եթե այս պահին 5 մլն է անհրաժեշտ մատնահետքերը վերցնելու համար, դա անեն առաջնահերթ, մնացած գումարն էլ քիչ-քիչ կգտնեն:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ կառավարությունը պետք է երկարաժամկետ խնդիրները կարողանա լուծել, ոչ թե շարժվի այս պահի խնդիրները չեզոքացնելով. «Եթե անհրաժեշտ է հավաքել 1.2 մլն մարդու մատնահետքը կարճ ժամանակահատվածում, ձեզ անհրաժեշտ է էական ավելի մեծ ներդրում անել, որովհետեւ զուգահեռաբար պետք է գործեն ավելի շատ կայաններ, որոնցից 200 -ը մեզ հետո պետք չի լինելու: Ընդամենը 6 ամսվա համար ծախս է արվելու: Կառավարությունը նպատակահարմար չի համարում այդ ծախսը կարճ ժամանակի համար անելը»:

Ալեքսանդր Արզումանյանն առաջարկեց. «Ձեր կառավարության կեսը բիզնեսմեններ են, կարելի է պայմանավորվել Ուզբեկստանի հետ, որը դեռ չի անցել, բայց անցնելու է, տվեք իրանց: Գտեք, մարդ գտեք: Ուրիշ բաներում, անձնական բիզնեսի ոլորտում շատ լավ աշխատում եք, հիմա էլ մեքենաներ եք վաճառում: Էս էլ որպես բիզնես առաջարկ որ նայեք՝ 200 կայանը գնեք, հետո վաճառեք»:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Բիզնեսի ոլորտում, ձեր գիտելիքները իմ գիտելիքներից շատ չեն տարբերվում, այսինքն՝ զրոյական են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930