Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակցի դատավորն ապօրինի դատեր է անցկացնում մաքսանենգության գործով. Փաստաբանների ահազանգը

Հունիս 27,2016 23:07

Ինչպես անդրադարձել ենք  Վրաստանից 2013 թվականին մաքսանենգ ճանապարհով բեռնատարներով Հայաստան խոշոր չափի ապրանքներ՝ խոզի միս, սառեցրած հավ, սառեցրած ձուկ, մեքենայի յուղ, կահույք, անվադողեր տեղափոխելու փաստով 11 անձի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով: Այս գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մովսիսյանի նախագահությամբ: Երեկվանից ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածը ճանաչվել է ուժը կորցրած, ապաքրեականացվել է, սակայն դատավոր Մովսիսյանը շարունակում է դատական նիստեր անցկացնել:

Այս գործում ներգրավված փաստաբաններն ահազանգում են, որ դատավորը չի հարգում օրենքը, այսօրվանից պարտավոր էր կարճել ու դադարեցրել այս հոդվածով մեղադրվող անձանց նկատմամբ քրեական հետապնդումը, սակայն նա շարունակում է նոր դատական նիստեր նշանակել, ապօրինի դատեր անցկացնել, ավելին` ենթարկվել դատախազի ճնշումներին:

Այս գործով մեղադրվողներից մեկի՝ Ժորա Ասլանյանի շահերը պաշտպանող Վահագն Մանուկյանն ասաց. «Մաքսանենգության վերաբերյալ ընդունվեց ապաքրեականացման օրենքը, որը ուժի մեջ մտավ հունիսի 26-ին: Այդ կապակցությամբ նախորդ դատական նիստի ժամանակ փոխվեց իմ պաշտպանյալ Ժորա Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը. կալանքը վերացվեց, ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին, որից հետո միջնորդությամբ հանդես եկավ դատախազն՝ ասելով, որ անհրաժեշտ է դատաքննությունը հետաձգել մեկ ամսով, քանի որ ամբաստանյալների նկատմամբ մեղադրանքը փոփոխելու եւ դատավարական գործողություններ կատարելու համար անհրաժեշտ է ժամանակ:

Հանդես եկա առարկություններով՝ որպես Ժորա Ասլանյանի պաշտպան՝ հայտնելով, որ այդ բոլոր ժամկետները եւ ինչ-որ մեղադրանքի փոփոխման վերաբերյալ դատավարական գործողություններ կատարելն ապօրինի է, ոչ մի կերպ չհիմնավորված, քանի որ պետությունը, Ազգային ժողովը, Օրենսդիր մարմինը նախագահի կամոք վավերացված օրենքով այլեւս որպես մաքսանենգություն Քրեական օրենսգրքի 215 հոդված վերացրել են, գոյություն չունի: Այսինքն` չկա նման գործ, չկա նման դեպք, չկան նման հանցակազմ: Ժորա Ասլանյանի նկատմամբ հուլիսի 26-ից պետք է կիրառվեին բոլոր այդ գործողությունները, ընդհուպ քրեական գործի վարույթը պետք է կարճված լիներ ու քրեական հետապնդումը նրա նկատմամբ դադարեցված լիներ հանցակազմի բացակայությամբ:

Սակայն դատավորը նշանակեց դատական նիստ այս չորեքշաբթի, ինչը ես գտնում եմ ապօրինի է, եւ ըստ էության, դատախազի ամբողջ փաստարկները հիմք են հանդիսացել այն դեպքում, երբ նա պարտավոր է այսօրվա դրությամբ գործի վարույթը կարճել ու հետապնդումը բոլոր այն պաշտպանյալների նկատմամբ, որոնց մեղադրանք կա առաջադրված 215 հոդվածով, դադարեցվեր: Ապօրինի է նաեւ այնքանով, որ խախտվում է մարդու ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը, եթե պետությունը հայտարարել է, որ նման հոդված գոյություն չունի, ու օրենքը ուժի մեջ է մտել: Այսօրվա դրությամբ Ժորա Ասլանյանն օրինապաշտ քաղաքացի է, ինքը իրավունք ունի յուրաքանչյուր վայրկյան հանրապետությունից բացակայել, դուրս գնալ, քանի որ յուրաքանչյուր վայրկյանի գտնվել է կալանքի տակ, մարդը իր բուժման հետ կապված գումարներ հայթայթելու խնդիրներ ունի: Եվ այսօրվա դրությամբ արհեստական պայմաններ են ստեղծել մարդկանց նկատմամբ արհեստական ձգձգումներով նրանց պահելու կամ ինչ-որ շինծու գործողություններ կատարելու վիճակները սրելու համար: Ես գտնում եմ, որ նման վարքագիծն անթույլատրելի է, ու դատարանը պետք է վերջ տա դատախազի նման միջնորդություններին եւ օրենքով սահմանված կարգով դադարեցնի քրեական հետապնդումը Ժորա Ասլանյանի նկատմամբ»:

Կարեն Մկրտչյանի ու Արթուր Ոսկանյանի շահերը պաշտպանող փաստաբան Հովիկ Արսենյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Քանի որ երեկվանից ապաքրեականացվել է, թեեւ երեկ կիրակի էր, այսօրվանից է ապաքրեականացվել, հանցակազմ չկա այլեւս, վերացվել է, դատավորը պարտավոր է ինքնուրույն որոշում կայացնի այսօրվա ամսաթվով, ում որ մաքսանենգության հոդվածն է դրված, բոլորի մասն էլ կարճի քրեական գործից: Այնտեղ կա նաեւ կաշառքի հոդված, որը մեզ չի վերաբերում, նրանց մասն անջատում է ու շարունակում է դատաքննությունը:

Իսկ նրանց մասը, ումը որ մաքսանենգություն է, պարտավոր է կարճելու, եթե մարդը հանցանք չի կատարել, վերացել է, Քրեական օրենսգրքում քրեորեն հետապնդելի արարք չէ այլեւս: Հիմա մեր մտավախությանն այն է , որ մեղադրողը նախօրդ դատական նիստին հանկարծ ոտքի կանգնեց ու ասաց, որ մեկ ամիս ժամանակ տրամադրեք, հետաձգեք: Դա այլեւս մտավախություն է առաջացրել բոլորի մոտ, որ երկակի ստանդարտներ են կիրառում հանրապետությունում. Չի բացառվում, որ մեղադրողն այս չորեքշաբթի նորից գա ու ժամկետ ուզի: Եվ դատարանը իր դերում չհայտնվի, դատարանը պարտավոր է պաշտպանել իրավունքի շահերը, մենք չենք ասում մեր շահերը պաշտպանի, այսինքն` քրեորեն հետապնդելի արարք չէ առաջադրված մեղադրանքն այլեւս, ըստ մեղադրանքի, որ գործը մտել է դատարան, հանցակազմ չի պարունակում: Դատարանը պարտավոր է որոշումը կայացնի, հանցակազմի բացակայությամբ կարճի: Հիմա դատախազը, ըստ էության, գալու է ու նորից մեկ ամիս ժամկետ ուզի, ինչո՞ւ, դա արդեն իր գործն է, թե ինչի համար է ուզում, դատարանը փաստորեն հնարավոր է, մեր մտավախությունը 99 տոկոս այն է, որ չի կարճելու մեր մասերը ու դատախազին ժամկետ է տալու, չգիտես ինչու, ապօրինի: Մտածում ենք հետեւյալը, որ օրինակ, եթե մեր պաշտպանյալների վրա դրած է 215 հոդվածը, որն այլեւս չկա, դատախազը գնա նոր մեղադրանքի որոշումներ բերի, ասի գիտեք ինչ կա, ճիշտ է՝ մաքսանենգություն չկա, բայց պաշտոնատար անձի լիազորությունները չարաշահելու օժանդակություն եմ հիմա էլ դնում: Խեղկատակություն կլինի, իսկական սենսացիա, եթե այդպիսի մի երեւույթ տեղի ունենա… Եվ ավելի քան հակված եմ ենթադրելու, որ այդպիսի բան կլինի»:

Մեր զրուցակիցն ասում է՝ եթե իր մտավախություններն իրականանան, դա մեկ անգամ եւս կապացուցի, որ մենք դեռ չունենք անկախ դատարաններ, ու մարդիկ արտագաղթում, հայրենիքը լքում են հենց այսպիսի ապօրինությունների, անարդարությունների պատճառով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930