Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզ ասեք, որ ՀՕՊ համաձայնագրի շրջանակներում ադրբեջանական ինքնաթիռ չի խոցվելու». Փաշինյան

Հունիս 28,2016 16:54

«Մենք 25 տարվա պետություն ենք, ինչո՞ւ կործանիչ ավիացիա չունենք»,-այսօր ԱԺ-ում ՌԴ-ի հետ կնքված հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի քննարկման ժամանակ ՊՆ փոխնախարարին հարցրեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:

Փոխնախարար Արա Նազարյանը պատասխանեց. «Դա հնարավորությունների խնդիր է՝ ունենալ, թե չունենալ կործանիչ ավիացիա: Որ հնարավորություններ լինեին, կարծում եմ, կունենայինք»:

Փաշինյանը նաեւ հարցրեց՝ «Դուք ուղիղ ասում եք, որ ՌԴ-ն ունի կործանիչ ավիացիա, միջոցներ եւ անհրաժեշտության դեպքում մենք էդ համակարգերը կարող ենք օգտագործել: Եթե ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության համակարգից հրաման լինի ռուսական էսկադրիլիային օդ բարձրանալ, իսկ ՌԴ-ից լինի հրաման, որ չէ, լավ, պետք չի, օդ մի բարձրացեք, էդ ինքնաթիռները օդ կբարձրանա՞ն, թե՞ չեն բարձրանա: Եթե հայկական կողմից հրահանգ լինի խոցել, իսկ ռուսական կողմից հրաման լինի չխոցել՝ էդ հրթիռը կարձակվի՞, թե՞ չի արձակվի»:

Փոխնախարարը պատասխանեց, որ եթե նման ծայրահեղ դեպք լինի, մյուս կողմը հրաման տալու լիազորություն չունի. «Եթե լինի, ես ի՞նչ ունեմ կորցնելու, մեկ ա, ես իմ հակաօդային պաշտպանության միջոցներն ունեմ, իմը կկիրառեմ, կորցնելու ոչինչ չունեմ»:

Փաշինյանն էլ հորդորեց՝ պարզ ասեք, որ էս համաձայնագրի շրջանակներում չի խոցվելու ադրբեջանական ինքնաթիռ, սա նախատեսված է ինչ-որ չորրորդ, հինգերորդ համաշխարհային պատերազմի ինչ-որ դեպքերի համար, որտեղ ՀՀ-ն մեծ հաշվով հետաքրքրություններ չունի: Արա Նազարյանը վստահեցրեց, որ հարցը չի հասկանում. «Ախր ըտենց նստած տեղից նենց էլ բաներ եք անում՝ ռեւերանսներ…»:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց նաեւ, թե ի՞նչ եղավ 200 մլն դոլարի ռուսական զենքի գնման վարկային համաձայնագիրը. «Արդեն մեկ տարի անցել է, ինչ այդ համաձայնագիրը վավերացրել ենք, կատարվե՞լ է այդ համաձայնագիրը»:

Արա Նազարյանը պատասխանեց, որ 80 տոկոսով կատարվել է, պայմանագրերը կնքված են, գործընթացը շարունակվում է: Փաշինյանն էլ արձագանքեց՝ պայմանագրերը կնքված դեռ չի նշանակում, որ կատարվել է. «Զենքը որ ՀՀ-ում չի, էդ կատարված չի: Իսկ որ ասում եք կործանիչ ավիացիան հնարավորության հարց է, պարոնայք պաշտոնյաներ, ձեր աշխատանքի էությունը պետության հնարավորությունները մեծացնելն է: Չկա որեւէ ազդակ, հատկապես քառօրյա պատերազմից հետո, որ դուք էդ ծառայությունը կատարել եք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930