Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավերժություն» պլաստիկ ներկայացումը՝ Օպերային թատրոնի բեմում

Հունիս 28,2016 20:44

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր կայացավ «Հավերժություն» պլաստիկ ներկայացման երևանյան պրեմիերան:

Հեղինակն ու սցենարիստը Պատրիկ Մալաքյանն է (Անրի Վեռնոյի որդին), ռեժիսորը՝ Գրիգոր Խաչատրյանը, բալետմայստերը՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Նորքի հայորդաց տան պարային դպրոցի գեղարվեստական ղեկավար Արման Ջուլհակյանը:

Նորքի հայորդաց տան ավելի քան 70 սաներ՝ Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցից, «Նարեկ» պարային, «Հայկազունք» ազգագրական երգի-պարի, «Արմեններ» դհոլահարների համույթներից, ներկայացրին մնջախաղի, կրկեսային համարների, ազգագրական երգ ու պարի, երաժշտական հարվածային գործիքների համադրմամբ ստեղծված բեմադրություն:

«Այսպիսի ներկայացում ունենալու գաղափարն առաջացավ նախորդ տարի, երբ մտածում էինք՝ ինչպես նշել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Միտք ծագեց ներկայացնել ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլև հայոց պատմությունն ամբողջությամբ»,- բեմադրությունից առաջ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց Պատրիկ Մալաքյանը:

Նրա փոխանցմամբ՝ «Հավերժություն» պլաստիկ ներկայացման պրեմիերան Մարսելում է կայացել. «800 հոգի ներկա էին: Ավարտին բոլորը ոտքի էին կանգնել, շատերը լաց էին լինում»:

Ի դեպ, Մալաքյանը տեղեկացրեց նաև, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում հոկտեմբերին Նյու Յորքում հանդես կգան «Հոգիս» ներկայացմամբ: Նախատեսում են 2017-ին Հայաստանում ևս ներկայացնել այն:

«Հայորդաց տան սաներից բացի, ներկայացմանը կմասնակցեն նաև «Թումո»-ի երեխաները: Փորձելու ենք արվեստը սինթեզել նոր տեխնոլոգիաների հետ: Ցույց կտանք հայ երեխաների գերազանությունը ոչ միայն արվեստում, այլև նոր տեխնոլոգիաների բնագավառում»,- ասաց Պ. Մալաքյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930