Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Գյումրու հեղինակությունները չեն մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

Հունիս 28,2016 21:21

Ինչպես հայտնի է՝ նոր Ընտրական օրենսգրքի համաձայն Գյումրիում ու Վանաձորում ՏԻՄ ընտրությունները կատարվելու են համամասնական կարգով, մրցապայքարի մեջ են մտնելու կուսակցությունները: Ժողովուրդը նախ կընտրի ավագանու անդամներ, որոնք էլ իրենց հերթին կընտրեն քաղաքապետ: Այս փոփոխությունը բավական ոգեւորություն է առաջացրել շատերի մոտ, շատերն են խոսում առաջիկա ՏԻՄ ընտրություններում մասնակցելու, այս կամ այն կուսակցության ցուցակը գլխավորելու մասին: Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է տալիս այս փոփոխությունը, արդյո՞ք վերահսկելի չի դարձնում ընտրությունները:

«Որ ավելի վերահսկելի է դառնում, դա փաստ է: Նախ` նշեմ, որ իշխանությունները մեկ կրակոցով երկու նապաստակ են սպանում: Իրենք շատ լավ գիտեն, որ վերջին շրջանում, կոնկրետ 1-2 տարի է՝ մեր քաղաքական կուսակցությունները լուսանցքում են հայտնվել, մայրաքաղաքում բացեիբաց էր, իսկ մարզերում օրինաչափ երեւույթ էր կրում: Մեր քաղաքական ուժերը՝ լինի դիմադիր, թե ընդդիմադիր, բացարձակ լուսանցքում են մնացել, եւ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ այդպես է. էլեկտրաէներգիայի թանկացման, կենսաթոշակային բարեփոխումների դեմ, տրանսպորտի թանկացման դեմ պայքարում ոչ մի քաղաքական ուժ դերակատարություն չունեցավ: Այստեղ հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիական ակտիվիստներն են: Հիմա այս որոշումն ընդունելով, որ ՏԻՄ ընտրությունները պետք է տեղի ունենան զուտ կուսակցական ցուցակներով, այսինքն` համամասնական ընտրակարգով, դրանով իշխանությունները պարտադրում են մարզերում գործող քաղաքացիական ու հասարակական ակտիվ մասսաներին, ինչպես նաեւ իրենց կողմից թույլ վերահսկվող հեղինակություններին այսուհետ ցուցակագրվել համապատասխան կուսակցությունների մեջ: Ինքնըստինքյան շատ լավ գիտեք, որ ոչ մի հեղինակություն երբեք ոչ մի ընդդիմադիր ցուցակում չի հայտնվի: Սրանից երկրորդ հետեւությունը, որ իշխանություններն ավելի վերահսկելի են դարձնում ՏԻՄ ընտրությունները: Եվ դրա վառ օրինակը Գյումրի սեպտեմբերին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններ են, որտեղ մենք տեսնում ենք, որ հավանական երեք խոշոր թեկնածուներից երկուսը, ինչքան որ վերջին տվյալներով մենք տեղեկություններ ունենք, չեն առաջադրելու իրենց թեկնածությունը: Խոսքը վերաբերում է ե՛ւ Մարտուն Գրիգորյանին, ե՛ւ նախկին քաղաքապետին: Այստեղից հետեւություն, որ մնում են Սամվել Բալասանյանը եւ նորաթուխ թեկնածուները, որոնք ցանկություն ունեն դիրքեր զբաղեցնել ՏԻՄ ընտրությունների ընթացքում: Այսինքն` մենք տեսնում ենք, որ մեր իշխանություններին շատ հեշտությամբ հաջողվեց այս նոր օրենսգրքի միջոցով ավելի վերահսկելի դարձնել ՏԻՄ ընտրությունները»:

Ըստ քաղաքագետի, միեւնույն ժամանակ շատ ակտիվանում է ավագանու թեկնածուների ախորժակը: « Որ նախկինում ավագանին քաղաքապետին կցված մի անձայն, անտրամաբանական ու անիմաստ կառույց էր, որտեղ բոլոր որոշումները պոլիտբյուրոյի նիստերին բնորոշ քննարկումներով էին տեղի ունենում, թեեւ ընդհանրապես քննարկումներ տեղի չէին ունենում, ո՞վ է կողմ, բոլորը, դեմ՝ ոչ ոք, ձեռնպահ հազարից մեկ մի հոգի: Հիմա ավագանուն ցուցակագրվող թեկնածուները համոզված են, որ իրենցից շատ բան է կախված: Սա գոնե ուրախանալի է: Դրական կողմերից մեկն էլ այն է, որ ամեն քաղաքապետի թեկնածու արդեն իր թիմով է ներկայանում հասարակությանը, ընտրողներին:Սա շատ կարեւոր է, որովհետեւ կարող է քաղաքապետի թեկնածուն շատ լավը լինել, իսկ իր թիմը անպիտան մարդկանցից բաղկացած մի զանգված լինի: Այստեղ էլ մարդիկ ընտրում են ոչ միայն քաղաքապետին, այլ ընտրում են թիմ՝ տեսնելով, թե այդ մարդը ինչ թիմով է ներկայանում հասարակությանը»:

Գագիկ Համբարյանը նաեւ կարծիք հայտնեց, որ Հանրապետական կուսակցությունը Շիրակի մարզում թույլ է, եւ եթե այս կուսակցությունը սատարի Սամվել Բալասանյանին, ապա վերջինս կարող է էներգիա հաղորդել ՀՀԿ-ին: Մեր ճշտող հարցին՝ Սամվել Բալասանյանը էներգիա կհաղորդի՞, թե՞ հակառակը կկորցնի իր ընտրազանգվածը, Գագիկ Համբարյանն ասաց, որ քաղաքապետը ընտրազանգված պարտադիր կկորցնի ՀՀԿ-ի ցուցակով հանդես գալու դեպքում, բայց միեւնույն ժամանակ էներգիա կհաղորդի իշխող կուսակցությանը: «Շատերը կարող են ցանկություն ունենալ ընտրելու Սամվել Բալասանյանին, բայց տեսնելով, որ նա ՀՀԿ-ի ցուցակն է գլխավորում, կարող է եւ չընտրեն: Բացի դրանից, մի մոռացեք, որ Գագիկ Ծառուկյանի՝ ԲՀԿ-ի կազմաքանդումից հետո գյումրեցի ընտրողների մեծ մասը, որոնք ԲՀԿ-ի կողմն էին, հիմա դեռ չեն կողմնորոշվել: Հիմիկվա ԲՀԿ-ն թող չհամեմատեն Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ի հետ, դրանք լիովին տարբեր կուսակցություններ են, ճիշտ է՝ լոգոն նույնն է, բայց հասկացող մարդիկ շատ լավ գիտեն, որ դրանք տարբեր են»:

Հարցին, թե ընդդիմությունն էլ է մասնակցելու ՏԻՄ ընտրություններին, հնարավո՞ր է փոխի ընթացքը, մեր զրուցակիցն ասաց, որ սա կախված է նրանից, թե ինչ ֆորմատով ընդդիմությունը կմասնակցի ընտրություններին: «Սա կախված է նրանից, թե ընդդիմադիրները կմիավորվե՞ն, դաշինք կստեղծե՞ն, թե առանձին-առանձին կգործեն, ֆորմատից կախված կհասկանանք, թե ընդդիմությունը քաղաքում ինչ ձայներ կհավաքի»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930