Լրահոս
Օրվա լրահոսը

«Անալիտիկի գործով» կալանավորված Անի Հովհաննիսյանը միջնորդել է արգելանք դնել պատգամավորի գույքի, դրամական միջոցների վրա

Հունիս 30,2016 14:00

Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավոր Անի Հովհաննիսյանը դիմել էր դատարան հայցով, երկու միջնորդությամբ:

Միջնորդություններից մեկով նա խնդրել էր. «Նկատի ունենալով, որ ես գտնվում եմ կալանքի տակ եւ ի վիճակի չեմ վճարելու պետական տուրք, խնդրում եմ պետական տուրքի վճարումը հետաձգել եւ այդ հարցին անդրադառնալ կայացվելիք վճռում»:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող թիվ 59103216 քրեական գործով առաջադրված մեղադրանքի համաձայն, 2016թ. ապրիլի կեսերից մինչեւ մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ, «Անալիտիկ» ՍՊ ընկերության նախագահ, համանուն կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանը՝ Մամուլի ակումբի պատասխանատու Վարդիթեր Գիշյանի հետ հանցանքը համատեղ կատարելու նախնական համաձայնությամբ, խմբով համապատասխան դերաբաշխմամբ, կատարել է շորթում՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից, նրա կամ նրա մերձավորների մասին արատավորող, ինչպես նաեւ նրա իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ հետագայում նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով պահանջել եւ ստացել է զգալի չափի՝ 300.000 ՀՀ դրամ գումար:

Այդ գործով էլ նախաքննական մարմնի կողմից պատգամավորը տուժող է ճանաչվել:
Անի Հովհաննիսյանը, որը ներկայումս գտնվում է արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, հայցադիմում է ուղարկել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պատգամավորի դեմ:

Հայցվոր կողմի տեղեկացմամբ, մայիսի 17-ին ՀՀ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ անդրադառնալով «Անալիտիկին», պատգամավորը փաստացի Ա. Հովհաննիսյանին անվանել է «շորթող, շորթելով փող աշխատող անձ»:
Ա. Հովհաննիսյանը հայցադիմումում գրել էր. «Մայիսի 27-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում պատգամավորը կատարել է մի հայտարարություն, որտեղ ինձ անվանել է «հանցագործ»: Պատասխանողն իմ վերաբերյալ վերը նշված հայտարարությունները կատարել է որպես հաստատված փաստ, այն կատարել է հրապարակավ՝ օգտագործելով Ազգային ժողովի ամբիոնը եւ հասարակության լայն շրջանակների կողմից հասանելի սոցիալական ցանցը»:

Դիմումատուն հավելում է, որ նույն մայիսի 27-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրում է. «Պատասխանողը կատարել է հետեւյալ հայտարարությունը. «Այս տականքն էր շահարկելով պատերազմական ու ազգային թեմաները, օրեր շարունակ վարկաբեկում պատգամավոր Ուրիխանյանին, պաշտպանելով հանցագործ Անիին: Փաստորեն, պատճառը նրանում է, որ այդ սրիկան հանցակից է», նշված հրապարակման տակ տեղադրված է մի տղամարդու եւ իմ՝ Անի Հովհաննիսյանիս լուսանկարները»:

Ըստ կալանավորի, մեկ այլ հրապարակային հայտարարություն էլ պատգամավորն արել էր Ազգային ժողովում. «Խոստացածիս պես այսօր անդրադառնում եմ «Անալիտիկի» աղմկահարույց գործին ու դրա հետեւում թաքնված մութ կողմերին:…. Ո՞ր մի քանի հարյուր միլիոն գողացած պետական փողերի մասին ելույթը կատաղեցրեց ստահակներին, նպատակը լռեցնե՞լն է, թե՞ համ լռեցնելը, համ էլ շորթելով փող աշխատելը: Ի՞նչ է նշանակում 6 անգամ ասուլիսի հրավիրել, որից հրաժարվում եմ ու հետո գրելը, որ պատգամավորը կապրիզներ է անում պատերազմի ժամանակ՝ թեմա պատրաստելով ադրբեջանական կայքերի համար ու դրանից հետո գումար ուզել՝ ամսական կտրվածքով: … Շորթողին զոհ են սարքել ու սեփական փտախտի հոտն են տարածում ինտերնետով մեկ, գործում է այդ խումբը փնթի, հետքեր ու պոչեր են թողել տարբեր տեղեր՝ կյանքում եւ էլեկտրոնային աշխարհում»:

Հայցվորի գնահատմամբ, «Իր գործողություններով պատասխանողը խախտել է ՀՀ սահմանադրության 66-րդ հոդվածով սահմանված իմ անմեղության կանխավարկածը, այն է. «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Պատասխանողի կողմից հանցագործության կատարման մեջ համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան»:
Ըստ Ա.Հովհաննիսյանի, այդ արտահայտություններում «պատասխանողը հավասարակշռություն եւ բարեխղճություն չի դրսեւորել»:

Իրավական հիմքերի մեջ կալանավորվածը նշում է ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածը, 23-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերը:

«Ինձ ուղղված պատասխանողի՝ «հանցագործ Անին», «համ էլ շորթելով», «դրանից հետո գումար ուզել՝ ամսական կտրվածքով», «շորթողին զոհ են սարքել», արտահայտությունները ոչ միայն խախտում են իմ անմեղության կանխավարկածը, այլեւ զրպարտանք եւ վիրավորանք են հանդիսանում, որոնցով արատավորվել է իմ պատիվը եւ արժանապատվությունը»,-գրել էր Ա. Հովհաննիսյանը:

Դիմելով դատարան, կալանավորվածը խնդրում է պարտավորեցնել պատասխանող Տիգրան Ուրիխանյանին՝ «ՀՀ Ազգային ժողովում ՀՀ հեռուստատեսությամբ հեռարձակվող նիստի ժամանակ եւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակային ներողություն խնդրել ինձանից եւ հրապարակայնորեն հերքել «հանցագործ Անին», «համ էլ շորթելով», «դրանից հետո գումար ուզել՝ ամսական կտրվածքով», «շորթողին զոհ են սարքել» արտահայտությամբ կատարած զրպարտություն եւ վիրավորանք հանդիսացող փաստացի տվյալները, իսկ որպես զրպարտության եւ վիրավորանքի համար փոխհատուցում՝ պատասխանողից բռնագանձել 2,000,000 ՀՀ դրամ գումար»: Նա միեւնույն ժամանակ միջնորդել է, միջոցներ ձեռնարկել հայցի ապահովման միջոց` 2.000.000 ՀՀ դրամ հայցագնի չափով արգելանք դնել պատասխանող Տիգրան Ուրիխանյանի գույքի եւ դրամական միջոցների վրա, «նկատի ունենալով, որ այդպիսի միջոց չկիրառելը` հայցի բավարարման դեպքում, կարող է դժվարացնել կամ անհնարին դարձնել վճռի կատարումը` պատասխանողը կարող է օտարել կամ այլ կերպ թաքցնել բռնագանձումից իրեն պատկանող գույքը եւ դրամական միջոցները»:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

29.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930