Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերմանիայի արտգործնախարար Շթայնմայերը փորձում է առավելագույնս կորզել կողմերից». Խոսրով Հարությունյան

Հունիս 30,2016 20:44

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին այսօր ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերի կատարած հայտարարությունը՝ «ԼՂ ստատուս քվոն երկար պահել հնարավոր չէ» հիշեցրել է նրա՝ ավելի վաղ նույն հայտարարությունը:

«Բանակցային գործընթացում վրա է հասել, այսինքն, ԼՂ կոնֆլիկտի շուրջ ստեղծված պայմանները նպաստավոր են բանակցային գործընթացում արդյունքներ արձանագրելու համար, այս միտքը նա արտահայտել է մինչ տարածաշրջան մեկնելը՝ Բեռլինի օդանավակայանում:

Չեմ կարծում, որ Շթայնմայերի կարծիքը ձեւավորվեց  Հայաստանում իր գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքում»,- ասաց պատգամավորը:

Պարոն Հարությունյանի խոսքով, մինչեւ բանակցային  գործընթացի խաղաղ  բնույթը ապահովող անշրջելի իրավական, քաղաքական երաշխիքներ չլինեն, բանակցային բուն գործընթացին անդրադառնալը դառնում է  անիմաստ. «Այս մասին ասել է նաեւ ՀՀ նախագահը նույն գերմանական լրատվամիջոցին  տված հարցազրույցում, ու դա օբյեկտիվ է, չի կարելի բանակցել, երբ գիտենք՝ հաջորդ օրը պատերազմելու են: Նախ եւ առաջ կարեւոր է՝ ստեղծել երաշխիքներ, որոնցով այդ բանակցությունների խաղաղ բնույթը երաշխավորված կլինի: Սրանով էր պայմանավորված այն, որ  ՌԴ ԱԳ խոսնակը ՝ Մարիա Զախարովան, հայտարարեց, որ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում կան հարցեր, որոնք պահանջում են միաժամանակ լռել, որ չխանգարեն բանակցային գործընթացում ձեռք բերված փխրուն ձեռքբերումներին:

Մասնավորապես, Կասպրչիկի կարողությունների ընդլայնում, որի մասին Շթայնմայերն էլ է խոսում:  Ես այն կարծիքին եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահը փորձում է իրենց նախագահության  շրջանում առավելագույնս կորզել կողմերից կամ առավելագույնս նպաստել բանակցային գործընթացում առարկայական բեկում մտցնելուն, համոզված չեմ, որ կստացվի, բայց շատ կուզենամ, որ այդպես լինի: Բայց բնական է, որ դա էլ չի կարող լինել ի հաշիվ Արցախի ժողովրդի ազգային անվտանգության»:

Պատգամավորի մեկնաբանմամբ, Մարիա Զախարովան կտրուկ արձագանքել էր Բաքվի տարածած հայտարարությանը, թե  իբր Պետերբուրգում ձեռք է բերվել պայմանավորվածություն փուլային կարգով խնդիրը լուծելու, որովհետեւ. «Շփման գծում մի կողմից հրադադարի պահպանումն այնքան կարեւոր է, իսկ մյուս կողմից  այնքան հեղհեղուկ, որ ցանկացած անզգույշ արտահայտություն կարող է դրա վրա ազդեցություն թողնել, այս պարագայում  խոսել բանակցություններում առարկայական բեկում մտցնելու մասին, մի քիչ լավատեսական եմ համարում»:

Ինչ վերաբերում է այսօր Հայաստանից Բաքու մեկնած ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերի՝ Ադրբեջանում փախստականների հետ հանդիպմանը, որի մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, պատգամավորը նկատեց. « Երեւի նկատի ունեն Շուշիի տեղի ղեկավարությանը: Ադրբեջանն այնքան ապատեղեկատվություն է տարածում, որ, երբեմն, չենք կարողանում հասկանալ,  որն է ճիշտ, որը իրականության հետ կապ չունեցող: Երեւի Շուշիի նախկին քաղաքապետի հետ է հանդիպել, որին լավ ճանաչում  եմ, առիթ եմ ունեցել հետը մի քանի անգամ հանդիպել ոսկե ատամների շարքով մարդ է, ապրում է Բաքվում, հնարավոր է ուղղակի Շթայնմայերի հանդիպումներից մեկի ժամանակ, կոպիտ ասած, դեմ տված լինեն: Բայց որ նա  հատուկ հանդիպեր Շուշիի քաղաքապետի հետ, քիչ հավանական եմ համարում:

Ադրբեջանցիները կարող էին այդ հանդիպումների ժամանակ խնդրել՝ ծանոթացեք, սա էլ Շուշիի նախկին քաղաքապետն է, եւ դա դարձնել շոու, չեմ կարծում, որ պրոտոկոլային հանդիպումների ժամանակ այդպիսի բան կարող էր նախատեսվել ու Շթայնմայերն էլ համաձայներ: Իսկ եթե Շթայնմայերի հետ վաղօրոք պայմանավորվածություն լիներ, այստեղ՝թեկուզ Երեւանում, կլիներ ԼՂ իշխանությունների հետ հանդիպում»:

Հիշեցնենք, որ ԱՊԱ—ի փոխանցմամբ էլ՝ Շթայնմայերի ու փախստականների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացուցիչը առաջարկել է կազմակերպել «երկու համայնքների հանդիպումը»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930