Լրահոս
Օրվա լրահոսը

Ոփանյանը $3800 կաշառք է ստացել. ՊՆ-ն հերքում է վերջինիս պնդումներն ու ասում է՝ «անբարոյական է»

Հունիս 30,2016 22:30

Պաշտպանության նախարարությունը արձագանքել է Երեւանի Կայազորի Ռազմական ոստիկանության օպերատիվ բաժանմունքի նախկին պետ Հարություն Ոփանյանի՝ «Առավոտի» հետ զրույցում ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների չարաշահումների մասին հրապարակմանը:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանումներ տվեց Ոփանյանի հայտնած տեղեկությունների հետ կապված:

Հարություն Ոփանյանը 2007-2012-ին ծառայել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում եւ զբաղեցրել տարբեր պաշտոններ: 2005-2007-ին եղել է Իջեւանի ՌՈ բաժնի օպերատիվ բաժանմունքի սպա, 2009-2010-ին եղել է ՌՈ վարչության օպերատիվ բաժնի ավագ սպա, 2010-2012-ին՝ Արմավիրի ՌՈ բաժնի օպերատիվ բաժանմունքի պետ, 2012-ին՝ Երեւանի ՌՈ բաժնի օպերատիվ բաժանմունքի պետ:

Ոփանյանը հայտնել էր, որ համակարգից իրեն հանելու համար Երեւանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Վարազդատ Բադալյանը ճնշումների միջոցով ստիպել է սպաներից մեկին, որ իր դեմ ցուցմունք գրի, թե ինքը կաշառք է վերցրել ու Էջմիածնի մի դեպքով գործ է թաքցրել:

Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանմամբ՝ «Կապիտան Ոփանյանը, լինելով Արմավիրի ՌՈ օպերատիվ բաժանմունքի պետ, 17.12.2011-ին ՀՀ ՊՆ 40359 զորամասում տեղի ունեցած դանակահարության փաստը թաքցնելու նպատակով նույն զորամասի 1-ին ռադիոտեղորոշումային հանգույցի հրամանատար, մայոր Հայկ Վաղինակի Եդիգարյանից նույն ամսին պահանջել եւ ստացել է 3800 ԱՄՆ դոլարի կաշառք: Ուստի 23.07.2012-ին Երեւանի կայազորի զինվորական դատախազության կողմից ՀՀ քրՕրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը, հարուցվել է քրեական գործ: 30.08.2012-ին որոշում է կայացվել այդ գործով մեղադրյալ ներգրավել եւ նույն օրը հետախուզում է հայտարարվել»:

Ինչ վերաբերում է Ոփանյանին վախեցնելու համար նրա «Մերսեդեսի» վրա կրակելուն՝ ՊՆ-ից հայտնեցին, որ օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հ. Ոփանյանի եղբայրը՝ Կարեն Սիմոնյանը, ինքնությունը չպարզված անձից գնել է Մերսեդես մակնիշի մեքենա, որը եղել է վթարված վիճակում եւ որեւէ փաստաթուղթ չի ունեցել: Ըստ օպերատիվ տվյալների եւ քննության, այդ մեքենայի վրա կրակոցի հետեւանքով առաջացած վնասներ չեն եղել:

Արծրուն Հովհաննիսյանը նաեւ հայտնեց, որ Հարություն Ոփանյանի եղբայրն էլ 2015-ի փետրվարի 17-ից հետախուզման մեջ է գտնվում: Նրա նկատմամբ էլ քրեական գործ է հարուցվել դասալքության համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 362 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ինչ վերաբերում է Ոփանյանի կողմից նշված այն հանգամանքին, որ իր աշխատասենյակից DVD է ընկել ու կոտրվել, որի վերականգնման համար 48 հազար դրա փոխհատուցում է պահանջվել՝ ՊՆ-ից հերքում են՝ ասելով. «Ըստ փաստաթղթային տվյալների, Երեւանի կայազորի ՌՈ բաժնում 2011-ին մուտք է եղել թվով 3 DV PLAYER, որից երկուսը մինչ օրս գտնվում են Երեւանի կայազորի ՌՈ բաժնում, իսկ մեկը՝ ՌՈ-ում: Երեւանի կայազորում երբեւէ DVD չի կոտրվել եւ փոխհատուցում չի պահանջվել»:

Ոփանյանը նաեւ պատմել էր, թե ինչպես է Ռազմական ինստիտուտի գեներալ Մարտին Նազարիչը սեփական բիզնեսը՝ իր «չայնին» դրել ինստիտուտի տարածքում ու դարպասները փակելով՝ կուրսանտների վրա 80 դրամանոց ատամի մածուկը ծախել 300 դրամով՝ ստանալով գերշահույթներ:

Այս առնչությամբ էլ ՊՆ-ից հայտնեցին. «Կատարված հարցումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի ՌՈ բաժնի աշխատակիցների կողմից 02.02.2012-ին  ՀՀ ՊՆ 24236 զորամասի «Զինառ» ՓԲԸ-ի թեյարանում կատարված ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է, որ այդ ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի խախտումներ են եղել եւ սանիտարահիգիենիկ մի շարք նորմերի խախտումներ, որի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է թեյարանի աշխատանքը: Փաստի առթիվ Երեւանի ՌՈ-ում նախապատրաստված նյութերը 13.02.2012-ին ուղարկվել է ԵԿԶԴ: Իսկ նույն տարվա փետրվարի 15-ին 4-րդ կայազորի քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն  է՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարները վճարելուց չարամտորեն խուսափելը, հարուցվել է քրեական գործ, որը հետագայում կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով»:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ «Սեփական օրինազանցությունները կոծկելու, արդարամիտ երևալու համար անհիմն մեղադրանքներ հնչեցնելը առնվազն անբարոյական է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Չար գայլ says:

    Ինչ լավա։
    մի դեպքում խոսնակը մոռանում ա որ անմեղության կանխավարկած կա, ու ասում ա որ կաշառք են վերցրել ՝ առանց նշելու միակ հիմքը ՝ դատավճիռը,
    մնացած մասով ուղղակի նշում ա, որ չի եղել թեև հնչեցվում ա կոնկրետ փաստ։
    այ պն խոսնակ, օրենք կարդա։խնդրում եմ։

Պատասխանել Չար գայլ

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930