Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոտ 67 միլիոն դրամ են ծախսել բեմի վրա, թող չծախսեին, բաժանեին աղքատներին». Միքայել Սրբազան

Հունիս 30,2016 23:24

Aravot.am-ը  Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվեց, թե իր դիտարկմամբ Հռոմի պապի պատարագի օրը ի՞նչն էր բերել այդքան մեծ թվով մարդկանց Գյումրու Վարդանանց հրապարակ. զուտ հետաքրքրասիրությո՞ւնը, թե՞ հոգեւորականի օրինական կերպարը, ինչպես որ մեկնաբանում են կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչները:

«Ոմանք եթե իրենց երազածը ներկայացնում են իբր իրականություն, դա իրենց խնդիրն է, շատերը շատ բան երազել են, բայց այդպես չէ: Ժողովուրդը պապին ճանաչեց ընթացքում եւ հետո, քան թե մինչ այդ ճանաչում էր, հետեւաբար եւ Գյումրիի ժողովուրդը ու ներկաների ճնշող մեծամասնությունը բնականաբար մեր եկեղեցվո զավակներն էին, եկել էին պարզ հետաքրքրասիրությունից դրդված: Դա անթաքույց երեւում էր, եւ իրենց հետաքրքասիրությունը բավարարվեց, որովհետեւ պապը ներկայացավ այնպես, ինչպես որ արժեր որ ներկայանար: Եվ մեր ժողովրդի սպասումներն արդարացան: Դրանով էլ պայմանավորված է հաջորդ օրերին կամ առ այսօր Հռոմի պապի նկատմամբ այն բարյացակամ մթնոլորտը, որը գոյություն ունի: Մեր ժողովրդի սպասելիքներն արդարացան՝ նախ ցեղասպանություն ասելով, հետո մեր ժողովրդին ու մեր եկեղեցուն տված բարձր գնահատականով եւ նաեւ իր չափավոր, համեստ, մարդամոտ կեցվածքով, բայց հրապարակ չէին եկել օրինակելի հոգեւորական տեսնելով, որովհետեւ ոչ մեկն էլ չէր ճանաչում պապին, որպեսզի ակնկալեին, թե օրինակելի հոգեւորական…

Հետո ի՞նչ է նշանակում պապի պարագայում օգտագործել օրինակելի հոգեւորական, ի՞նչ է միայն մի պապն է, Հռոմի պա՞պն է օրինակելի հոգեւորական ամբողջ աշխարհում: Օրինակելի հոգեւորականներ կան բոլոր երկրներում, բոլոր եկեղեցիներում ե՛ւ կաթոլիկ, ե՛ւ առաքելական, ե՛ւ ուղղափառ: Աշխարհը ընդամենը մեկ օրինակելի հոգեւորական, որ ունենար, շատ վատ կլիներ վիճակը»,-ասաց Սրբազանը:

Գյումրի_1 Գյումրի_2 Գյումրի_3 Գյումրի_4

Շիրակի թեմի առաջնորդն այն կարծիքին է, որ մեր եկեղեցին Հռոմի պապի համեստության դասերի կարիքը չուներ: «Այո, տվեց համեստության դասեր, բայց ո՞ւմ, մեր եկեղեցուն տալուն պետք չուներ, մեր եկեղեցին ի բնե, ի ծնե համեստ եկեղեցի է եղել, այսօր էլ է այդպես: Ամեն եկեղեցու մեջ կլինեն եկեղեցականներ, որոնք կշեղվեն ընդհանուր  համեստ կենցաղավարության գծից, բայց եկեղեցին, ընդհանուր առմամբ, եւ հայ եկեղեցին, ընդհանուր առմամբ, համեստ, ժուժկալ կենցաղավարություն ունեցող եկեղեցի է: Մեզ համեստության դասեր տալ պետք չէին, որովհետեւ մենք ինքներս ենք համեստության դասեր տվել աշխարհին եւ տալիս ենք: Եվ պապը նույնպես այդ դասը վերցրեց կամավորապես, դրա համար էլ ինքը շեշտեց, որ մեր եկեղեցին փառավոր եկեղեցի է ու բոլորիս՝ տեղի ժողովրդին էլ կոչ արեց՝ առանց դրա դիմաց մեծ շահույթներ ակնկալելու: Այնպես որ Հռոմի պապի պատգամը այս բոլոր տարիներին, 3 տարի է, որ ինքը պապ է, իր համեստության պատգամը հիմնականում կաթոլիկ եկեղեցուն է ուղղված, ոչ թե մեզ»:

Ճշտող հարցին՝ այսինքն կաթոլիկ եկեղեցում ավելի շատ կա՞ն ոչ համեստ կենցաղավարությամբ հոգեւորականներ, Սրբազանն ասաց. «Անշուշտ, եթե այդպես ոմանք պետք է սլաքը մեզ վրա ուղղեն, մենակ հիշեցնեմ. կաթոլիկ եկեղեցին պապի պատարագի համար միայն այս բեմի համար ինչքան գումար ծախսեց՝ մոտ 67 միլիոն դրամ, թող չծախսեին, բաժանեին աղքատներին: Ուրեմն այդպես չէ, որ ամեն ինչ կարելի է ծուռ հայելու մեջ նայել ու միայն տեսնել, թե իբր թե Հայ առաքելական եկեղեցուն պապը ասելիք ուներ եւ  եկավ համեստության դաս տալու առաքելական եկեղեցուն: Առաքելական եկեղեցին երբեք որեւիցե բեմի վրա ծախսած չունի նույնիսկ 67 հազար դրամ, որովհետեւ գերադասում է այդ գումարները ծախսել այլուր: Ուրեմն թող ոչ ոք թող իրեն իրավունք չվերապահի հայ եկեղեցուն համեստության դասեր տալու: Հայ եկեղեցին ամենահամեստ եկեղեցին է աշխարհում, գնացեք, օտարներին հարցրեք, եթե դուք չգիտեք»:

Մեր դիտարկմանը, թե ամեն դեպքում հայ հասարակությունը Հռոմի պապի այցի ֆոնին սկսեց համեմատություններ անցկացնել մեր հոգեւորականների, մասնավորապես կաթողիկոսի ու Սրբազան Քահանայապետի միջեւ, շեշտվեց, թե մերոնք սիրում են շքեղություններ, Միքայել Սրբազանն ասաց. «Չկա այդպիսի բան, ես բազմիցս անդրադարձա այդ հարցին, բազմիցս փորձեցի ավելի մեղմ ներկայացնել խնդիրը: Իսկ հիմա արդեն  կարող եմ ասել, որ այդպիսի բան չկա, գոյություն չունի, եւ ընդամենը  պատվեր է, պատվեր է իջեցված, չգիտեմ ինչ ուժերի կողմից վարկաբեկելու հայ եկեղեցին ու հայ եկեղեցականությունը: Հայ եկեղեցականության 98 տոկոսն ապրում է համեստ պայմանների մեջ: Կարող եմ ասել, թե առնվազն 40 տոկոսը նույնիսկ աղքատության մեջ է ապրում: Բարի եղեք ուրեմն 98 տոկոսի վրա ձեր ուշադրությունը բեւեռեք, եւ ոչ թե ձեր ենթադրած 2 տոկոսի վրա: Ես նույնիսկ այդ երկու տոկոսի հետ էլ համաձայն չեմ, բայց նույնիսկ, եթե ընդունում ենք, 2 տոկոսը չի գերազանցում: Իսկ երբ որ դուք՝ լրագրողներդ, մեդիան իրենց ուշադրությունը բեւեռում են իրենց ենթադրած երկու տոկոսի վրա, սա նշանակում է, սա ընդամենը պատվեր է»:

Դիտարկմանը՝ եթե նույնիսկ երկու տոկոս են, դրանց մեջ այնքան մեծ աղմուկ հանած հոգեւորականներ կան՝ օֆշորային սկանդալներում հայտնված, Սրբազանն ասաց. «Քանի՞ հոգու անուն եք տվել այսքան ժամանակ, մեկ հոգու անունից անցե՞լ եք այն կողմ, էն էլ պարզված չէ, ապացուցված չէ, եւ անմեղության կանխավարկածն էլ խախտում ենք, անմեղության կանխավարկած գոյություն ունի: Եթե մենք այդ տեսակի մեղքերի մեջ թաղված հոգեւորական ենք, հռչակեք ամբողջ ցանկը, տեսնենք քանի հոգի են այդ մոլորյալները, որոնք ձեզ էլ են մոլորեցնում: Հիմա դուք եկել, բարձրացել եք երկրորդ հարկ՝ Շիրակի թեմի առաջնորդարան, որտե՞ղ տեսաք շքեղություն… Ցանկացած մի երկրորդական, երրորդական դասի  որեւիցե մի օֆիս մտնեք, ավելի շքեղ է: Մի հատ ավիադրամարկղ մտնեք, ավելի շքեղ է, քան Շիրակի թեմի առաջնորդարանը»:

Մեր պատասխանին, թե շքեղ ապրելակերպի մասին հնչեցրած  մեղադրանքները  ձեզ՝ Շիրակի թեմի առաջնորդին չեն վերաբերում, Միքայել եպիսկոպոսն այսպես արձագանքեց. « Եթե ինձ չի վերաբերում, ինչո՞ւ եք ինձ հարցնում բաներ, որոնք ինձ չեն վերաբերում, թեեւ ես վերցնում եմ ինձ վրա այդ մեղք : Եթե կան այնպիսի եկեղեցականներ, որոնք դուք ենթադրում եք, որ կան, ես հավասարապես ինձ մեղավոր կհամարեի, բայց ձեր ասածը իրականությանը չի համապատասխանում: Իսկ երբ մենք փորձեցինք տալ մի քիչ կես կատակ-կես լուրջ մեկնաբանություն, դրա դիմաց ստացանք հեգնանք, վիրավորանք: Եթե բան ունենք ասելու լուրջ, եկեք խոսենք լուրջ, իսկ եթե կատակի տեղը չեք կարող հասկանալ իբրեւ կատակ, լուրջը չեք հասկանում իբրեւ լուրջ, սա ասում են ի նկատի ունենալով այն բոլոր քննարկումները, որ համացանցում են ընթանում, ուրեմն դադարեցրեք ընդհանրապես քննարկումը: Եվ երկրորդ կարծես Չերչիլն է ասել, եթե Չերչիլը չի ասել, ինչ-որ մի իմաստուն մարդ ասել է՝ ես պատասխանատու չեմ ձեր հասկացածի համար»:

Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նշում է, որ համեմատությունը ինքնին անբարոյականություն է:

Այս մասին քիչ անց:

Լուսանկարները՝ Գեւորգ Ղազարյանի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. henri says:

    —– Յիսուս Բեթանիա էր ,բորոտ Սիմոնի տունը; Կին մը,ձեռքը բռնած ալապաստրէ սրուակ մը,լեցուն թանկագին անուշահոտութեամբ,մօտեցաւ Յիսուսի,որ սեղան նստած էր եւ պարպեց զայն անոր գլխուն վրայ;Զայս տեսնելով` աշակերտները բարկացան և ըսին “ինչու համար այս իւղին վատնումը,կրնայինք զայն սուղ գինով ծախել և գումարը բաժնել աղքատներուն “. Յիսուս
    անդրադարձաւ և ըսաւ անոնց. ” ինչու կը մեղադրէք կինը,ան բարի գործ մը ըրաւ ինծի համար; աղքատները միշտ ունիք ձեզի հետ /28 տարի է/բայց զիս միշտ ձեզի հետ պիտի չունենաք — :
    /Մատթ.ԺԶ -6-11/ .
    / Որ ունիցի ականջս լսելոյ`լուիցէ /

    ՅԳ – Առաւօտի նման լուրջ օրաթերթին մէջ նման գրութիւններու հարկ չկար տեղ տալ-մանաւանդ
    որ ՇԱՆԹԻ “Հեռանկարներով” խմբագիր`Պ.Աբրահամեանը պէտք եղածը ըսած էր այս մսին;

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի Անրի, սա «գրություն» չի, սա հարցազրույց է Միքայել սրբազանի հետ, որն ի’ր (ոչ թե ի’մ) կարծիքն է արտահայտում:

  2. henri says:

    Իրաւունք ունիք -ըրածս չարաճիճիութիւն է. նման խաղեր Յիսուս ալ կ`ընէր և կ`աւելցնէր
    /Հասկցողին շատ բարեւ/ այսինքն /Որ ունիցի ականջս և այլն…./ գրաբարը աւելի chic է/;

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930