Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախյան հարց գոյություն չունի, գոյություն ունի հայկական հարց». Գագիկ Սարուխանյան

Հուլիս 01,2016 21:45

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանի կարծիքով, անհերքելի է՝  Կազանյան փաստաթուղթը նման է 1997-ին Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած փուլային լուծման առաջարկին:

«Նախ եւ առաջ չմոռանանք, որ Սերժ Սարգսյանը Բիշկեքում խաղաղության պայմանագիր ստորագրողների կազմում էր, եւ չտարանջատենք Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան: Այս եռյակը ամբողջ իրենց կազմով ու կառավարման օղակներով օտար երկրի գործակալներն են, նույն Կրեմլյան գործակալները, որոնք ծառայում են օտար երկրին, պե՞տք էր անհեթեթ Բիշկեքյան պայմանագիր ստորագրել, կստորագրեն, պե՞տք էր օդից կախված պարտքեր գոյացնել, գոյացրին ու դրանից անմիջապես հետո հետեւեց գույք՝ պարտքի դիմաց: Հայաստանի ամբողջ ունեցվածքը տրվեց օտարին, օրինակ Հայկական երկաթգիծը կոչվեց հարավկովկասյան երկաթգիծ, ամեն ինչ արվում է այս տարածաշրջանում հայոց պետականությունը, հայկականությունը ջնջելու ուղղությամբ»,- կարծում է ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը:

Հայոց պետականությունը ջնջելու ուղղությամբ, ըստ պարոն Սարուխանյանի, աշխատում է նաեւ Սերժ Սարգսյանը. «Երբ տարիներ շարունակ ԵՄ-ի հետ ասոցացման գործընթացների մեջ էր, տարիներ շարունակ ե՛ւ Եվրոպայից, ե՛ւ ԱՄՆ-ից օգնություններ էր ստանում, ի դեպ, ուզում եմ նշել, որ Արեւմուտքը մի քանի անգամ ավելի Հայաստանին ու Արցախին նվեր, օգնություն է տվել քան ՌԴ-ն՝ Հայաստանին պարտք:

Մեկ օրում՝ սեպտեմբերի երեքին՝ մեկ գիշերում ստորագրեց ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրն ու եկավ: Սա նշանակում է, որ ՀՀ-ում չկա յուրային իշխանություն, չկա իշխանություն, որը մտածում է հայ ժողովրդի շահերի մասին, գործակալներ են, որոնք վերեւի հրամանն են կատարում:

Պարույր Հայրիկյանն էր այս մասին ճիշտ ասել, ժամանակին կար մեկ կուսակցություն ու մեկ KGB, հիմա նույն KGB-ն է ու բազմակուսակցություն»:

Պարոն Սարուխանյանը փուլային լուծումը՝ հինգ տարածքների վերադարձը, համարում է անընդունելի. «Անընդունելի է մեր ժողովրդի համար: Երբ տեղը գալիս է Նախիջեւանից, Սասունից Կարսից են խոսում, պարեր են պարում, բա եղբայր ե՞րբ է գալու այդ պահը, որ կանգնես ու Նախիջեւանի, Կարսի տարածքի մասին խոսես: Ի սկզբանե, գործակալ Տեր-Պետրոսյանը բանակցությունները տարավ սխալ ուղղությամբ, այդ Բիշկեքյան պայմանագրով ՀՀ-ն դարձրին կողմ եւ ստեղծեցին արցախյան հարց, որը գոյություն չունի, ինքնին այդ հարցը գոյություն չունի, գոյություն ունի հայկական հարց՝ ներառյալ արցախյան, Նախիջեւանի եւ մնացած մեր տարածքների հարցերը:

1921 թվականի Ռուս-թուրքական պայմանագրից է բխել բոլոր պայմանավորվածությունները, քանի դեռ չեն դատապարտել հակամարդկային բոլշեւիկյան ռեժիմը, այս հարցը լինելու է այսպես, հավերժ հայ ժողովուրդ մատաղացու ռուս-թուրքական հարաբերությունների մեջ»:

Անդրադառնալով Գերմանիայի ԱԳ նախարար Շտայնմայերր Հայաստանում կատարած հայտարարությանը՝ «ԼՂ ստատուս քվոյի պահպանումն անհնար է», ազատամարտիկը շարունակեց. «Գերմանիայի կողմից  հայոց ցեղասպանության ընդունումից հետո էլ գերմանացի պաշտոնյան ավելի պարզաճակատ ու վստահ եկավ, իր խոսքն էլ ասաց: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի գործունեությանը, այդ կառույցն իրեն սպառել է, ո՞նց կարող է ՌԴ-ն լինի համանախագահ այդ խմբում, որի նպատակը հիմնականում հաշտեցումն է ու երկու երկրներին իրար մեջ պատերազմելը թույլ չտալը, այն դեպքում, երբ ՌԴ-ն կողմերից մեկին գյուռ-գյուռ հարձակվողական զենք է վաճառում: Եթե գոնե  պաշտպանողական զենք վաճառեր, ինչ-որ տեղ խոսելու տեղ կունենար: Ո՞նց կարելի է՝ ինձ ընտրեն հաշտեցնող մարմին, ու կողմերից մեկի ձեռքին ես դանակ տամ: Մինսկի խումբը դրա վրա ուշադրություն չի դարձնում, նույնիսկ չի էլ բարձրաձայնում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031