Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգիտեմ ինչու է անհասկանալի, որ լրագրողը մտնում է քաղաքականություն». Վահան Խաչատրյան

Հուլիս 01,2016 22:12

Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր, գործարար Վահան Խաչատրյանը, որն այսօր ընտրվեց «Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցության նախագահ, լրագրողների հետ զրույցում ասաց, որ փողի ու ուժի դեմ կպայքարեն գաղափարներով: «Չկա այդպիսի ուժ, չկա այդպիսի զենք, որ հաղթի գաղափարին, մենք մեր գաղափարներ ենք դնում, եթե մենք մտնենք իշխանության դաշտ ու պայքարենք ռեսուրսներով, միանշանակ տանուլ կտանք: Եվ մենք այդ դաշտ չենք մտնում, մենք առաջարկում ենք մեր խաղի կանոնները, մենք ունենք մեր գաղափարները, ունենք գաղափարակիցներ, ու մենք կհաղթենք»:

Անդրադառնալով այն քննադատություններին, թե հեռուստատեսությունը կուսակցություն է դառնում, Վահան Խաչատրյանը պարզաբանեց. «Հեռուստատեսությունը կուսակցություն չի դառնում, սա թյուրընկալում է, այդպիսի բան չի եղել: Հեռուստատեսության մի քանի աշխատողներ ստեղծել են կուսակցություն, կմնա՞ն այդ աշխատողները հեռուստատեսության մեջ, թե՞ դուրս կգան, ցույց կտա ժամանակը, բայց հեռուստատեսությունում աշխատում են մարդիկ, որոնք որ կուսակցական չեն»:

Մեր հարցին, թե  ուսումնասիրե՞լ եք տրամադրությունները, ինչպե՞ս են վերաբերում քաղաքական ուժերը ձեր կողմից կուսակցության հիմնադրմանը, ընդդիմադիրները խանդով չե՞ն ընդունում, Վահան Խաչատրյանն ասաց.«Ոչ, ընդդիմությունը խանդով չի վերաբերվում, կան ե՛ւ դրական, ե՛ւ բացասական արձագանքներ, բացասականը հիմնականում լսում ենք լրատվամիջոցներից: Իրենց համար անհասկանալի է, որ լրագրողը մտնում է քաղաքականություն, չգիտեմ ինչու է անհասկանալի, այնուամենայնիվ հարգում ենք բոլորի կարծիքը, մենք լիբերալներ ենք»:

Վահան Խաչատրյանն ասում է, որ Գյումրին իր համար միշտ քաղցր է եղել, իր ընկերների համար նույնպես, սակայն կուսակցությունը ստեղծել են Հայաստանի բոլոր տեղանքների քաղաքացիների շահերը պաշտպանելու համար: Նրա ասելով, իրենք 11 տարի շարունակ շփվում են ժողովրդի հետ, լուծում  քաղաքացիներին հուզող հարցերը ու բացառապես ապրում, շնչում են դրա համար: Ըստ ԳԱԼԱ-ի հիմնադրի, իրենք մի քանի տարի շարունակ հաղթանակներ են ունեցել, հիմա իրենց խնդիրն է այս հաջողությունները տարածել ամբողջ հանրապետությունով մեկ: Վահան Խաչատրյանը վերամբարձ խոսքեր չի ուզում հնչեցնել, փոխարենը պատրաստվում է  գլուխը կախ, փոքր-փոքր քայլերով գործ անել. կամաց-կամաց հասնել իշխանափոխության ու բարձրացնել քաղաքացու բարեկեցությունը:

«Մեր թիմը մոտավորապես 3 անգամ ավելի շատ պետք է լիներ, բայց մենք ունենք բազում աշխատողներ, որոնք որ հիմա Միացյալ Նահանգներում հացի փռում են աշխատում, սա ինձ ցավ է պատճառում: Մենք պետք է աշխատենք այնպես, որպեսզի այդ մարդկանց համար պայմաններ ստեղծենք հետ գալու: Խոսքը մեր օպերատորի մասին է, շատ լավ օպերատոր էր, սա ցավ է մեզ բոլորիս համար: Հայաստանից հեռանում են ոչ միայն քիչ աշխատավարձ ունենալու պատճառով, այլ արդարության զգացում չունենալով: Եթե մարդը չի կարողանում դատարանում իր իրավունքները պաշտպանել, եթե մարդու ընտրությունը պարբերաբար կեղծվում է, եթե մարդը ընտրում է մեկին, նրա տեղն աշխատում է մեկ ուրիշը…»:

ԳԱԼԱ-ի սեփականատերը, խոսելով կուսակցության ֆինանսական ռեսուրսների ձեւավորումից, ասաց. «Մի հեռուսատեսություն, անգամ մարզային հեռուսատեսություն պահելը, երբ որ ազգային անվտանգությունը չի թողնում, որ քեզ գովազդներ տան, դու գովազդներ, ֆինանսական հոսքեր չունես, շատ ավելի դժվար է պահելը, քանի մի կուսակցություն պահելը: Հիմա, որ ասում եք, կուսակցությունը ի՞նչ փողերով է գոյատեւելու, այդպիսի բան չկա, դա շատ ավելի քիչ գումար է պահանջում, քան մի հեռուստաընկերությունը: Եթե 11 տարի պահել ենք այս հեռուստաընկերությունը, մի կուսակցություն եւս կպահենք: Մենք բոլորս շատ ապահովված մարդիկ ենք, մեր աշխատակիցները շատ ապահովված են, եւ եթե յուրաքանչյուրը մի 10-20 տոկոս իր աշխատավարձից ներդնի այս գործի մեջ, ոչ մի խնդիր չենք ունենա»:

Վահան Խաչատրյանը, մեկնաբանելով նորաստեղծ կուսակցության համար ԳԱԼԱ անվանումը ընտրելուն, ասում է, որ դա PR տեխնոլոգիա է, այն արդեն բրենդ էր, իրենք  էլ օգտագործել են: Նա ասում է, որ դեռ շատ տեխնոլոգիաներ կօգտագործվեն, որոնք հնարավոր է զարմացնեն, զայրացնեն, վրդովեցնեն, անգամ հուզեն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031