Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեղեցին չի կարող կարճ հաղորդագրություններով օրհնություն փոխանցել»

Հուլիս 03,2016 21:11

Պարզաբանում է Տ. Եսայի քահանա Արթենյանը

Այսօր սոցցանցերում բուռն քննարկման առարկա էր դարձել կարճ հաղորդագրություններով Արարատյան Հայրապետական թեմի կողմից Վարդավառի տոնի կապակցությամբ փոխանցված օրհնությունը՝ ապահովագրական կազմակերպություններից մեկի հաճախորդներին:

Արդյոք սա նշանակում է ՝ ապահովագրական կազմակերպությունն ինչ-որ ձեւաչափով համագործակցել է Արարատյան Հայրապետական թեմի հետ, ի՞նչ պայմաններ են քննարկվել կողմերի միջև:

Պարզաբանումների համար Aravot.am-ը դիմեց Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տ. Եսայի քահանա Արթենյանին, ով «Քահանան SMS-ներով» կազմակերպության կողմից տարածած օրհնությունը համարեց ոչ ճիշտ. «Մեր եկեղեցին ու հոգևորականներն օրհնությունը կարճ հաղորդագրություններով չեն փոխանցում: Խնդիրը, թերևս, մեզանում կրոնական ու եկեղեցական տերմինաբանության թերի կամ սխալ իմացության մեջ է:

Տվյալ կազմակերպությունը, պարզապես, թեմին դիմել է շնորհավորական խոսք ունենալու խնդրանքով: Եվ քանի որ Վարդավառը մեր Եկեղեցու մեծ՝ տաղավար, տոներից մեկն է, Արարատյան Հայրապետական թեմը պարզապես շնորհավորել է կազմակերպությանը՝ տոնի առթիվ: Եվ ո՜չ տեքստում, ո՜չ էլ բանավոր չի ասվել, թե Թեմն օրհնում է այդ կազմակերպության հաճախորդներին:

Նրանց կայքում հրապարակած տեքստը սխալմունք էր, և ուզում ենք հավատալ, որ այդ կազմակերպության աշխատակիցները պարզապես վրիպել են»: Ինչ-որ կերպ պատրաստվո՞ւմ եք հերքել այս տեղեկատվությունը`մեր հարցին Տ. Եսայի քահանա Արթենյանը պատասխանեց. «Տեղեկատվությունը ձեզ հետ այս զրույցով արդեն հերքում ենք, սակայն սրանից բացի այսօր մենք խոսել ենք կազմակերպության աշխատակիցների հետ, և նրանք կայքում որոշ վերաձևակերպումներ արդեն արել են: Նրանք խոստացել են նաև կարճ հաղորդագրությունների միջոցով իրենց հաճախորդներին տեղյակ պահել թյուրիմացության մասին»:

Հետաքրքրվեցինք` եղե՞լ է արդյոք այլ միջոց՝ Վարդավառի տոնի առթիվ շնորհավորանքը փոխանցելու համար: «Շնորհավորանքից բացի թեմն արդն մի քանի տարի է, որ մեծ ջանքեր է գործադրում վերականգնելու մեր տոների ժողովրդականությունը: Նույնիսկ գեղեցիկ խորագիր ունենք՝ «Վերականգնենք մեր ազգային տոները»: Վարդավառը մեր թեմում սկսվել է դեռ երեկ. Երիտասարդական միությունները Նավասարդ Սրբազանի օրհնությամբ կազմակերպել էին նախատոնակ, և բազմամարդ թափորը Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց քայլեց դեպի Երևանի Մանկական զբոսայգի, որտեղ ազգագրական խմբերի հետ նշեցին տոնը: Այսօր էլ բոլոր եկեղեցիներում տոնական Ս. Պատարագ է մատուցվել, և բոլոր մասնակիցները ստացել են շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ: Ս. Պատարագից հետո մեր թեմի շատ համայնքներում կազմակերպվել են նաև տոնախմբություններ, որոնք հագեցած են եղել տոնին բնորոշ ազգային ու ժողովրդական սովորություններով, ջրախաղով»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին էլ`մեր եկեղեցին ինչպե՞ս է վերաբերում ջրախաղին, հնչեց այսպիսի պատասխան. «Որպես ժողովրդական սովորություն մեր Եկեղեցին նորմալ է վերաբերում դրան: Այն, համաձայն ավանդության, հաստատվեց ետջրհեղեղյան ժամանակաշրջանի սերունդների կողմից, ջրի անզորությունը շեշտելու և Արարչի պատիվն արարածին չվերագրելու համար՝ ի վկայություն Աստծու նկատմամբ ունեցած հավատարմության և իրենց սրտերում ամրագրելով Տիրոջ այն խոսքը, որ ասում է. «Ես եմ քո Տեր Աստվածը… եւ Ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Տեր Եսային կարգին հոգեւորական է, նրա մասին ոչ մի վատ բան չեմ լսել, ինչը չես ասի մեր եկեղեցու այլ սպասավորների մասին: Չեմ զարմանա, եթե պարզվի, որ մեկը նման մի բան արել է ու տեր Եսային ուղղակի վատ հոգեւորականի պահվածքից առաջացած փոսն է ընկել: Ցավոք առաջին դեպքը չի, երբ լավ մարդը տուժում է վատ մարդու անվայել արարքից:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031