Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ են քննարկել երեկվա փակ հանդիպման ժամանակ վարչապետն ու գործարարները

Հուլիս 06,2016 21:21

Երեկ Աղվերանում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ գործարարների հետ առանց փողկապի հանդիպման ժամանակ քննարկվել է հարկային նոր օրենսգիրքը (ՀՕ): Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Պարոն Ղազարյանի խոսքերով՝ միությունը պարբերաբար, թե՛ պաշտոնական, թե՛ աշխատանքային հանդիպում-քննարկումներ է ունենում հանրապետության նախագահի եւ վարչապետի հետ:

Պարոն Ղազարյանն ասաց, որ վարչապետի հետ երեկվա առանց փողկապի  քննարկումը, որը վերաբերել է հարկային նոր օրենսգրքին, արդեն 3-րդն է.«Եւ դրա արդյունքում է, որ հարկային օրենսգիրքը առաջին ընթերցումն անցնելուց հետո Ազգային ժողովում ստեղծվեց աշխատանքային խումբ, որում ընդգրկված են նաեւ գործարարներ, մեր միության մասնագետները, եւ օրենսգիրքը գլուխ առ գլուխ քննարկվում է: Մինչեւ հուլիսի 25-ն էր ժամանակացույցը, բայց երեկ հասկացանք, որ մինչեւ սեպտեմբերի վերջ դրույթների սկզբունքների վրա աշխատելու ժամանակ ունենք»:

Պարոն Ղազարյանի ներկայացմամբ՝ «Վարչապետի հետ երեկվա հանդիպման ժամանակ հարկային օրենսգրքից 4 հարցեր են առանձնացվել. 1-ին՝ ՓՄՁ-ի համար նախատեսված  տարեկան շրջանառության հարկման շեմը, որը 115 միլիոն դրամից, նախատեսվում է  40 միլիոնի իջեցնել: 2-րդը՝ եկամտահարկի պրոգրեսիվ հարկատեսակի մտցնելը, որն ըստ սանդղակների, մինչեւ 1 միլիոն դրամ եւ ավելի աշխատավարձերի դեպքում տարբերակում է բերում: 3-րդը՝ փայատերերի, հիմնադիրների դիվիդենտների հարկման ինստիտուտի մտցնելը՝ տեղական ներդրողի համար՝  5 %, օտարերկրյա ներդրողների համար՝10%: 4-րդ հարցը՝ հիմնական միջոցների ամորտիզացիայի ժամկետը 20 տարուց 40 տարի դարձնելու հարցը»:

Բացի ՀՕ-ից, ինչպես ասաց պարոն Ղազարյանը, քննարկել են նաեւ ներդրումների դաշտը մեծացնելու, օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ տեղական արտադրության ծավալների խթանմանն առնչվող խնդիրները, թե հարեւան երկրների շուկաներում տիրող ներկայիս վատ վիճակում ինչպես է հնարավոր հայկական ապրանքների, այսպես ասած՝տեղը գտնել.

«Քննարկել ենք նաեւ Լարսի ճանապարհը, որին առնչվող ինչ-որ մենք գիտեինք՝ կիսվեցինք պետության ղեկավարների հետ: Քննարկումն արդյունավետ էր եւ 1 շաբաթից վարչապետին պետք է ներկայացնենք մի նոր գրավոր փաթեթ, որպեսզի ավելի մասնագիտական տեսքի բերենք: Ես կարծում եմ, որ փաթեթում տեղ գտած մեր տեսակետներով արտահայտված դրույթները ավելի շատ կնպաստեն տնտեսության աճին, հարկման դաշտի մեծացմանը՝ շատ մասնակիցներ ունենալուն, օտարերկրյա ներդրումներին չվնասելուն, չվնասելուն երիտասարդ կադրերին, որոնք, հատկապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եւ բանկային համակարգում բարձր աշխատավարձեր են ստանում են: Այլ հարցեր էլ ենք քննարկել: Հանդիպումը 2,5 ժամ է տեւել, շահագրգիռ քննարկում էր: Այս խնդիրներն առաջին անգամ չէ, որ  ներկայացրել ենք»:

Պարոն Ղազարյանի խոսքերով՝  վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ասել է, որ ասաց, որ ՀՀ նախագահի եւ իր հանձնարարությամբ պետք է քննարկումները շարունակվեն.«Քննարկման արդյունքների վերջնական տեսքը կունենանք սեպտեմբերի սկզբներին: Բաներ կան, որոնք նախագծի նախնական տարբերակում  կան՝ կփոփոխվեն՝ որոշ դրույթներ, որոշ դրույքաչափեր կփոփոխվեն: Թե ինչի կգանք, սեպտեմբերին պարզ կլինի»:

Ի՞նչ մտահոգություններ ունեն գործարարները, Լարսի ճանապարհի փակ լինելու պատճառով ի՞նչ վնասներ են կրում, հարկային օրենսգրքի եւ այլ հարցերի շուրջ պարոն Ղազարյանի հետ զրույցի մանրամասները կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031