Լրահոս
Օրվա լրահոսը

Մաջիդ Մեշքի. «Այս փառատոնը խաղաղության պատգամի փոխանցումն է ապագա սերունդներին»

Հուլիս 08,2016 21:33

Հուլիսի 8-12-ը Հայաստանում կանցկացվի հայ-իրանական «Խաղաղություն և բարեկամություն» միջազգային մանկապատանեկան փառատոնը: Մեկնարկը տրվեց այսօր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:

10-15 տարեկան հայաստանցի և իրանցի երեխաներ Երևանում ու Ծաղկաձորում իրենց հմտությունները ցույց կտան նկարչության, ասմունքի, երգի, օրիգամիի, թատերական, տիկնիկային արվեստների մեջ: Երկու երկրների երեխաները կլինեն Հայաստանի տեսարժան վայրերում, կծանոթանան մեր պատմամշակութային ժառանգությանը, կմասնակցեն վարպետության դասերի:

«Այսօրինակ միջոցառումները շատ կարևոր են ցանկացած երկրի վաղվա օրը ձևավորելու համար, քանի որ հենց երեխաների կրթության ու զարգացման գործում ներդրած ավանդն է ապահովելու լուսավոր ու խոստումնալից ապագա»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ­-ում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի տնօրեն Մաջիդ Մեշքին:

Նրա խոսքով՝ այս փառատոնը հայ և իրանցի ժողովուրդների բարեկամության գրավականներից մեկն է. «Այն խաղաղության պատգամի փոխանցումն է մեր ապագա սերունդներին»,- ընդգծեց Մաջիդ Մեշքին:

Նկատենք, որ մանկապատանեկան փառատոնի հիմքը դրվել է դեռ նախորդ տարի, երբ քառասուն հայ փոքրիկներ այցելել են Իրան ու ծանոթացել այդ երկրի մշակույթին:

Այս տարի փոխադարձ այցով Հայաստանում են իրանցի քսան փոքրիկներ, որոնց ուղեկցում են ինը ուսուցիչներ:

«Իրանի հետ մեր մշակութային համագործակցությունը վերջին շրջանում բավական ակտիվացել է,-­ նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր­-Վարդանյանը,- այսօրինակ ծրագրերն իսկապես կարևոր են, քանի որ բարեկամության հիմքը դրվում է հենց մանկապատանեկան տարիքում՝ երեխաների միջև մարդկային շփումների ու ընկերության շնորհիվ»:

Հավելենք, որ «Խաղաղություն և բարեկամություն» միջազգային մանկապատանեկան փառատոնն անցկացնում են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն ու Իրանի «Մանուկ և խաղաղություն» ինստիտուտը՝ ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի աջակցությամբ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031