Կացնահարված ընտանիքի մեղքը բոլոր իրավապահ մարմիններինն է

Կացնահարված ընտանիքի մեղքը բոլոր իրավապահ մարմիններինն է

Oրենքը չի ընդունվում, ոստիկանությունը չունի պաշտպանելու մեխանիզմ, դատավորներն էլ չեն պատժում

Երևանում 2 օր առաջ տեղի ունեցած սպանության դեպքը, որի ընթացքում նախկին ամուսնու կողմից կացնահարվել և ծանր վնասվածքներ էր ստացել 37-ամյա Թագուհի Մանսուրյանը և նրա հայրը, իսկ կացնի հարվածից մահացել էր նրա մայրը, կրկին բարձրացրեց ընտանեկան բռնության զոհերի և տուժողների պաշտպանության հարցը:

Միայն վերջին 3 տարվա ընթացքում, համաձայն «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» տվյալների, Հայաստանում ընտանեկան բռնության հետևանքով գրանցվել է 30 մահվան դեպք, որոնից մի քանիսն առնվազն, այդ թվում  և նոր այս դեպքը, հնարավոր կլիներ կանխել «Ընտանեկան բռնության դեմ» օրենքի ընդունման և դրանից բխող կանխարգելման մեխանիզմների շնորհիվ:

Թագուհի Մանսուրյանը ամուսնալուծված է: Բաժանվելուց հետո նախկին ամուսնու կողմից պարբերաբար բռնություններ, ծեծ և սպառնալիքներ են եղել իր և ծնողների նկատմամբ: Այս առնչությամբ Թագուհին մի քանի անգամ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, սակայն ինչպես պնդում են «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ներկայացուցիչները, իրավապահ մարմինները ոչ մի քայլ չեն ձեռնարկել տուժողների անվտանգությունն ապահովելու համար:

«Թագուհին մեր շահառուն է և արդեն կես տարի է ընդգրկված է մեր ծրագրերում: Ընդամենը մեկ շաբաթ առաջ եկել էր մեզ մոտ և ասում էր, որ ամուսինը նորից սպառնում է իրենց, փողոցում տեսել է մի քանի անգամ, ծեծի է ենթարկել, բռնություն է կիրառել ոչ միայն իր, այլև ծնողների նկատմամբ ու անընդհատ հետապնդում է։ Ինքը, իհարկե, դիմել էր ոստիկանություն, սակայն ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկել, նույնիսկ չի կալանավորել ամուսնուն: Հայաստանում, երբ ոստիկանությանը զգուշացնում են, որ այսինչ մարդը սպառնում է ինձ, ինքը վտանգավոր է, կգա ինձ կսպանի, ոստիկանները ասում են, չէ դա ուղղակի խոսակցություններ են, ու ոչինչ չեն ձեռնարկում: Հետո երբ մահ է գրանցվում, նոր ոստիկանները խառնվում են իրար, բայց էլ չեն կարող այդ մարդու կյանքը հետ բերել»,- ասում է «Կանանց ռեսուրսային կենտրոնի» սեռական բռնության ժգնաժամային կենտրոնի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը:

Նա ընդգծում է, որ ամուսինների համատեղ կյանքն ընթացել է բռնություններով ու ծեծով, ամուսնալուծվելուց հետո էլ նախկին ամուսինը հանգիստ չի թողել Թագուհուն և կրկին հետապնդել է, բռնությունների ենթարկել: Նրանք համատեղ ունեն  2 տարեկան տղա:

«Կանանց ռեսուրսային կենտրոնի» փաստաբան Ինեսա Պետրոսյանը, ով ընդամենը մեկ շաբաթ առաջ իրավաբանական խորհրդատվություն է տրամադրել տուժողին, ասում  է, որ Թագուհու նախկին ամուսինը խոշտանգման համար դատապարտված է եղել, մինչդեռ դատարանը որոշել էր նրա նկատմամբ պայմանականորեն չկիրառել ազատազրկում:

Killing Woman

«Թագուհին ինձ պատմել էր, որ վերջերս ամուսինը գալիս էր, ուժեղ թակում դուռը, կամ կանգնում պատուհանների տակ ու սպառնում: Թագուհին երկու անգամ զանգել է ոստիկանություն, սակայն ոստիկանները չեն եկել օգնության: Եվ սա առաջին դեպքը չէ, որ նման կերպ է ավարտվում: Կանանց հորդորում են հաշտվել, ասում են ընտանեկան վեճ է և ուշադրություն չեն դարձնում, և ամեն ինչ ավարտվում է ողբերգությամբ: Տուժողները շատ անպաշտպան են»,- ընդգծում է փաստաբանը:

Նա նշում է, որ հիմնականում նման դեպքերում տուժած անձի իրավունքների պաշտպանության վրա ուշադրություն չի սևեռվում, այլ հակառակը:

«Սկսում են ավելի շատ պաշտպանության տակ վերցնել առերևույթ հանցագործություն կատարածներին և արդյունքում ունենում ենք ավելի ծանր դեպքեր, ինչպիսին, որ այս դեպքն է: Ու որևէ  մեկը դրանից հետո հետևություն էլ չի անում»,-ասում է Պետրոսյանը և հավելում, որ առաջիկայում ինքը կներգրավվի գործում որպես  տուժողների ներկայացուցիչ:

Հուլիսի 8-ին տեղի ունեցած այս արյունալի դեպքից հետո հարուցվեց քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով՝ սպանություն եւ 112 հոդվածի 2-րդ մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Նշված հանցագործությունը կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է Վլադիկ Մարտիրոսյանը՝ Թագուհու նախկին ամուսինը:

Դեպքից անմիջապես հետո Թագուհուն և նրա հորը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրանք գտնվում են մինչ օրս, իսկ 2-ամյա երեխան գտնվում է հարազատների մոտ:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն ասում է, որ այս դեպքով ևս մեկ անգամ հաստատվեց «Ընտանեկան բռնության դեմ» առանձին օրենք ունենալու անհրաժեշտությունը:

«Համոզված եմ, որ առանձին օրենքը հնարավորություն կտա ավելի լավ ձևակերպել և ավելի լավ համակարգ ստեղծել, որն էլ հնարավորություն կընձեռի նման դեպքերից խուսափելու կամ գոնե նվազեցնելու այդ դեպքերը, քանի որ վերջին 3 տարվա մեջ մենք 30-ից ավելի ընտանեկան սպանություններ ենք ունեցել, ինչը իսկապես մտահոգիչ միտում  է Հայաստանի համար»,-ասում է Հայրապետյանը:

Նա հավելում է, որ օրենքը հնարավորություն կստեղծի, որպեսզի  ոստիկանության, առողջապահական և սոցիալական ծառայությունների համագործակցությամբ հնարավոր լինի ներդնել ուղղորդման մեխանիզմներ, որպեսզի նման դեպքերը ժամանակին բացահայտվեն և կանխարգելվեն:

Համաձայն «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի տվյալների՝ Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերով թեժ գծին կատարած ահազանգերի թիվը վերջին 3 տարիների ընթացքում կազմել է 5500, որից շուրջ 2000-ը գրանցվել է 2015-ին: Ոստիկանությունում 2015-ին գրանցվել է 857 դեպք:

Իսկ 2016-ի առաջին կիսամյակում միայն «Կանանց աջակցման կենտրոնի» թեժ գծով գրանցվել է ընտանեկան բռնության 513 ահազանգ, իսկ «Կանանց ռեսուրսային կենտրոնի» մոտ՝ շուրջ 70 ահազանգ:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զառա Հովհաննիսյանն ասում է, որ ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրությունն ինքնին ենթադրում է որոշակի մեխանիզմներ, որոնք նմանատիպ դեպքերում, երբ քաղաքացին ահազանգում է իր հանդեպ բռնության կամ սպառնալիքի մասին, կարող են ոստիկանությանը ընձեռել առավել հստակ գործողություններ տուժողի կյանքը, գոյությունը և անվտանգությունը պաշտպանելու համար:

«Քանի որ կոնկրետ այս արյունալի դեպքի հետ կապված, տուժողը եղել է ՀԿ-ներին դիմած շահառու և միևնույն ժամանակ դիմել է ոստիկանությանը, իսկ ոստիկանությունը տեղյակ է եղել նրան պարբերաբար բռնության կամ սպառնալիքների տակ պահելու ռիսկի վերաբերյալ, փաստն այն է որ ոստիկանությունը չի կարողացել իրականացնել պատշաճ պաշտպանություն և տեղի է ունեցել նմանատիպ մահվան ելքով, դաժան սպանություն»,-հավելում է Հովհաննիսյանը:

Ընտանեկան բռնության հարցերով զբաղվող ՀԿ-ների առաջարկած օրինագծում կան հստակ մեխանիզմներ, որոնք նախատեսված են տուժողի անվտանգությունն ու պաշպանությունը իրականացնելու համար:

Օրինակ՝ արգելվում է բռնության ենթարկվածի մասին տեղեկատվություն տրամադրելը, նրա գտնվելու վայրը փնտրելը, 100 մետրից ավելի մոտենալը, նրա հետ հեռախոսային, կամ նամակագրական կապ հաստատելը: Պետք է լինի նաև զոհին ժամանակավոր բնակության համար ապաստանով ապահովելը: Այս բոլորը պահանջներ են, որոնք գոյություն չունեն օրենքի մակարդակով, իսկ ՀԿ-ները իրենց միջոցներով են մինչ օրս  ապահովում այդ ամենը:

«Կանանց ռեսուրսային կենտրոնի» ղեկավար Լարա Ահարոնյանն ասում է, որ իրենց առաջարկած օրենքի նախագիծը հիմնականում կանխարգելման վրա է հիմնված, որպեսզի չհասնի ոճրագործության ու սպանության:

«Դրա համար այդտեղ մի քանի քայլեր կան, պաշտպանողական միջամտություններ, որպեսզի ոստիկանությունը բռնարարի նկատմամբ հստակ պաշտոնական վերահսկում իրականացնի, որպեսզի չմոտենա կամ հեռու մնա տուժողից: Իհարկե օրենքը վերջնական լուծումը չէ: Պետք է բարձրացվի նաև ընդհանուր իրազեկումը հասարակության մեջ, կրթության ոլորտում պետք է ներկայացվի՝ ինչ է  ընտանեկան բռնությունը և անդրադարձ կատարվի կին-տղամարդ անհավասարություններին»,-ընդգծում է Ահարոնյանը:

Օրինագիծը նախորդ տարիներին ներկայացվել է  Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով, ընթացել են քննարկումներ, սակայն որևէ  առաջընթաց օրինագծի ընդունման հարցում չի գրանցվել:

Ահարոնյանը ընդգծում է, որ մի քանի ամիս առաջ Կառավարությունն օրենքի մշակումը ներառել էր առաջնահերթությունների ցանկում, և Արդարադատության նախարարությունը օրենքի նախագծի մշակումը իր վրա էր վերցնել, իսկ ՀԿ-ները առաջարկել էին, որպեսզի կոալիցիան միանա և նախարարության հետ համատեղ աշխատանք տարվի օրինագծի մշակման փուլում:

«Բայց արդեն քանի ամիս է, մենք փորձում ենք կապ հաստատել, պատասխան ստանալ Արդարադատության նախարարությունից, իրենք մեզ չեն արձագանքում: Անընդհատ հետաձգվում է օրինագծի մշակումը և ընդունումը, դրա հետևանքով ճիշտ ձևով չի ապահովվում մարդկանց անվտանգությունը, որոնք ենթարկվում են ընտանեկան բռնության: Ու ամեն անգամ նույն պատմությունն է. կինը շատ անգամ դիմում է ոստիկանություն, իսկ ոստիկանությունն ասում է, որ շատ բան չի կարող անել ու քանի որ հստակ օրենք չկա, սպառնալիքների հանդեպ քայլեր չկա սահմանված, ոչ մի ռեալ մեխանիզմ էլ չկա, որպեսզի կիրառեն»,-եզրափակում է Ահարոնյանը:

Լիլիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N19308:

Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից:

Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N19308 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար:

Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով,

email:[email protected],

Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200,

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 

   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք