Լրահոս
Օրվա լրահոսը

Մորը դանակի 30 հարվածով սպանած հոր մասին խոսելիս երեխան ասում է՝ «այդ տականքը»

Հուլիս 12,2016 21:33

Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Հեղինե Դարբազյանի աղմկահարույց սպանության գործով դատական նիստն էր:

Հիշեցնենք, որ 38-ամյա Հեղինե Դարբազյանը 2015-ի սեպտեմբերին Մալաթիա տոնավաճառի վարագույրների վաճառքի տաղավարներից մեկում դաժանաբար սպանվել էր: Երեխաների հայրը՝ Արտակ Առաքելյանը, որսորդական դանակով նախ կտրել էր Հեղինե Դարբազյանի կոկորդը, ապա նույն դանակի 30 հարվածով սպանել նրան: Հետո պատճառաբանել էր, որ խանդի հողի վրա է արել:

IMG_3410[1]

Հեղինեի քույրը՝ Քրիստինե Դարբազյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր դատարան է եկել՝ հոգու խորքում սպասելով, թե Արտակ Առաքելյանը գոնե ներողություն կխնդրի, բայց ոչ իրենից, որ խլել է իր քրոջ կյանքը, կամ իր մորից, որ խլել է նրա աղջկա կյանքը, այլ՝ գոնե հարազատ երեխաներից:

Նախաքննական 4 ցուցմունքներում երկու երեխաների մորը սպանած Առաքելյանն ասել է, որ չի զղջում, հետո իր պաշտպանի խորհրդով դատարանի վերջին նիստերից մեկի ժամանակ ասել էր, որ սպանության նպատակ չի ունեցել: Հեղինեի քրոջ խոսքերով՝ «Ասում է՝ ես ցուցմունքների ժամանակ շատ արյուն էի կորցրել, վատ էի, սխալ էի ասել: Իր ցուցմունքները հակասում էին»:

Մեր հարցին՝ դուք չե՞ք հավատում, որ նա կարող է հոգու խորքում զղջած լինել իր արարքի համար՝ նա պատասխանեց. «Չէ, չէր կարող: Ինքը դա ասում է, որ մեղմացուցիչ պատիժ լինի: Իր ես-ը այնքան շատ է եղել իր ամբողջ կյանքում, որ ոչ մի անգամ որեւէ բան չի նկատել: 15 տարի իմ քույրն ապրել է իր հետ, իր ես-ը այնքան մեծ է եղել, որ մարդը պլանավորել է մի բան՝ չմտածելով իր երեխաների մասին, ո՞նց կարող է նման բան լինել: Ամբողջ կյանքում՝ 15 տարի շարունակ իր պատասխանատվությունը 0 է եղել: Իր երեխան նոր էր ծնվել, ես աշխատում էի, մի օր զանգեցի, ասեցի՝ Հեղ ջան, ի՞նչ կա, ի՞նչ եք անում, ասեց՝ գնացել է բլոտ խաղալու: Ասեցի՝ դո՞ւ ինչ ես անում, ասեց՝ լույսերն անջատել են, մթում նստած ենք: Զարմացա՝ ո՞նց, երեխան տանը՝ նորածին երեխա, դուք մթում նստա՞ծ եք: Ես էի գնում իրենց էլեկտրիկին գտնում, լույսը միացնում ու շունչ քաշում: Ինքը ամբողջ կյանքում, որպես հայր, որպես ամուսին, որեւէ պատասխանատվություն չի կրել»:

Մեր հարցին՝ այդ պայմաններում ինչո՞ւ էր Հեղինեն այդ անպատասխանատու ամուսնուց ունենում երկրորդ երեխան՝ Հեղինեի քույրը պատասխանեց. «Մենք՝ հայերս այդպիսին ենք, մտածում ենք՝ ինչ-որ մի բան կփոխվի: Մենք միշտ մտածում ենք՝ սա էլ կուլ տանք, կուղղվի, կփոխվի: Երբ 2010-ին Հեղինեին ծեծել էր, հարեւանները զանգել էին մամայիս ու մեզ մեղադրել, ասել էին՝ ձեզ չենք հասկանում, ձեր երեխուն ստեղ սպանում են, չեք գալիս: Մեզ չէր թողնում շփվեինք, մտածում էինք՝ իրենց տունը թող խաղաղ լինի, ոչինչ, չենք գա-գնա: Ես Հեղինեի մոտ թաքուն էի գնում տոնավաճառ՝ իրեն տեսնելու, որ հանկարծ ամուսինը չտեսնի»:

Հարազատների պատմելով՝ Արտակ Առաքելյանն անընդհատ սպառնացել է կնոջը. «Սկզբում ասում էր, թե կգնամ ինձ Սեւանում կխեղդեմ, վերջին ժամանակահատվածում սպառնում էր, թե ախպորդ կվնասեմ, իր երեխաներին, ամբողջ կյանքն է սպառնացել: Ասում էր՝ ես քեզ սպանելու եմ, դեմքդ այլանդակելու եմ՝ դեմքիդ նայող չի լինելու»:

Քրոջ պատմելով՝ ամուսնուց բաժանվելուց հետո Հեղինեն այնպիսի սթրես է ապրել, որ հիմա մտածում է՝ գուցե այսպես Հեղինեն փրկվել է. «Մարդու միտքն անկառավարելի է, երբեմն մտածում եմ՝ կարո՞ղ է սա Հեղինեի փրկությունն էր: Այն օրերը, որ ինքն է անցել իմ աչքի առաջ ու կանցներ շարունակ, որովհետեւ Արտակն իրեն ամբողջ կյանքի ընթացքում հանգիստ չէր տա…15 տարի ամեն  Աստծո օր տառապել է, բաժանված էլ հանգիստ չուներ»:

Այսօր դատական նիստին եկել էր Հեղինեի 14-ամյա տղան՝ Կարենը: Հեղինեի քույրն ասաց, որ տղան շատ պարփակված է, չի կարողանում այս թեմաներով առհասարակ խոսել: Իսկ աղջիկը հոր մասին խոսելիս ասում է՝ «այդ տականքը»:

Հաջորդ դատական նիստը նշանակված է օգոստոսի 9-ին, ժամը 16-ին: Հավանաբար, այդ օրն էլ կլինի Արտակ Առաքելյանի դեմ վճիռը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031